Բաժիններ՝

Սոցինտերնի 25-րդ համագումարը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել

Սոցիալիստական ինտերնացիոնալ միջազգային հասարակական կազմակերպության 25-րդ համագումարի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ  բանաձև է ընդունվել: Ինչպես հաղորդում է Nouvelles d’arménie-ը, Սոցինտերնի հերթական համագումարը կայացել է Կոլումբիայի Կարթագեն քաղաքում, 2017թ. մարտի 2-4-ը:

Բանաձևում նշվում է, որ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախորդ համագումարի ժամանակ ողջ աշխարհը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և եղել են շատ երկրներ, պետությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպություններ, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «2014թ. Ժնևում Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհրդի նիստի ընթացքում, ճանաչելով մարդու իրավունքների ոլորտում խաղաղության և ցեղասպանությունների կանխարգելման սկզբունքները, Հայոց ցեղասպանության թեման ներառել է կազմակերպության 2015թ. խորհրդի նիստի օրակարգում:

2015թ. Նյու Յորքում կազմակերպության խորհրդի նիստի ընթացքում Սոցիալիստական ինտերնացիոնալի Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև համաձայնություն էր ձեռք բերվել անցկացնել կլոր սեղան-քննարկում «Ինչպես կարող է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ հաշտեցմանը» թեմայով:

Ընդունված բանաձևով Սոցիալիստական ինտերնացիոնալը վերահաստատում է կազմակերպութան անդամ հայկական և թուրքական կուսակցությունների հետ ակտիվ  աշխատելու պատրաստակամությունը` Հայոց ցեղասպանության թեմայով կլոր սեղան-քննարկում կազմակերպելու և հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս