
ՄԱԿ-ի լսումների ժամանակ Ադրբեջանին քննադատել են մարդու իրավունքների խախտումների համար

Մարտի 7-ին Ժնևում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստին քննարկվել է Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Contact.az-ը։
Իրավապաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստը պատմել է, որ անցած տարվա սեպտեմբերին եղել է Ադրբեջանում և արձանագրել է հիմնարար ազատությունների ոլորտում իրավիճակի վատթարացումը, ինչը երկիրը տանում է դեպի բռնապետություն։ Միևնույն ժամանակ Ֆորստը նշել է, որ ինքը ևս հարձակումների է ենթարկվել Ադրբեջանի կառավարության կողմից իր եզրակացությունների պատճառով:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատմել են երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման, քաղաքական դրդապատճառներով քաղաքացիների հետապնդումների, քաղբանտարկյալների թվի ավելացման մասին, որը գերազանցել է 150-ը, Turan գործակալությանը հայտնել է ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ Նաջմին Քամիլը։
Ուշադրություն է դարձվել նաև Ադրբեջանում Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովի՝ վերջերս տեղի ունեցած կալանավորման վրա։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ՄԱԿ-ին կոչ են արել ուշադրությունը մեծացնել երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների նկատմամբ։