Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով: Ուղերձում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին եւ դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:
Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ եւ առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց եւ արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ եւ պատկառանքով, մայրական սիրով սերունդներին են փոխանցել հայրենի ավանդները՝ շեն եւ ամուր պահելով հայ ընտանիքը:
Սիրելի տիկնայք եւ օրիորդներ, ուրախ ենք, որ այսօր բարեպաշտ նույն ոգով ու նվիրվածությամբ շարունակում եք աստվածապարգեւ Ձեր շնորհներով ջանքեր ներդնել՝ հանուն երիտասարդ սերնդի դաստիարակության, մեր երկրի զորացման եւ մեր ժողովրդի կենաց հարատեւության:
Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տերը Ամենօրհնյալ Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ բաշխի Ձեզ կանացի եւ մայրական բերկրալի անսպառ երջանկություն, քաջառողջություն, լիախնդություն եւ անսասանություն՝ Ձեր կյանքի եւ առաքելության ընթացքին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր Ամենազոր Աջի հովանու ներքո պահի, պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանյաց անդամներին եւ ամրապնդի ամենքիդ՝ հույսի, հավատի եւ սիրո աստվածային առաքինությունների մեջ:
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»: