«Այդ ժամանակ մակարոն էի սարքում՝ դիրքի ավագի փոխարինողն էի, մեկ էլ հանկարծ գոռացին «ուղղաթի՜ռը…»
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արայիկ Գրիգորյանին և նրա սխրանքի պատմությունը։
Արայիկի հետ հարցազրույց արել եմ համացանցի միջոցով, քանի որ նա Հայաստանում չի բնակվում։ Ազատ ժամանակ համարյա չի ունենում, միշտ անելիքներ է ունենում. «Աշխատում եմ այնպես անել, որպեսզի ազատ ժամանակ չունենամ։ Սիրում եմ անընդհատ լինել շարժման մեջ, պասիվություն չեմ սիրում»։
12 տարեկանից երեք տարի զբաղվել է քիք բոքսինգով։ Մասնակցել է մրցույթների, որոնց ժամանակ ստացել է տարբեր մեդալներ։
Արայիկի հետ զրույցից տպավորիչ էր հրաշալի մի դրվագ, երբ էկրանիս հայտնվեց ուլտրաձայնային հետազոտության լուսանկար: Կարծես մի փոքրիկ «ձեռքով ողջունում էր»։ Նկարին նայելով՝ ժպտացի, բայց մտածեցի՝ երևի սխալմամբ է ուղարկել ինձ։
Շտապեց հպարտությամբ տեղեկացնել, որ բալիկ է ունենալու։ Ասաց, պիտի մեծանա ու հոր նման հենց Հայաստանում ծառայի ու պաշտպանի հայրենիքի սահմանները։
«Շատ կցանկանամ, որ 18 տարին լրանալուն պես անպայման գա Հայաստան և իր պարտքը կատարի ու ծառայի հայոց բանակում։ Ուզում եմ, որ հենց Ջաբրայիլում (Ջրական) ծառայի, ինչպես իր հայրիկը»։
Արայիկն այժմ ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, զբաղվում է բիզնեսով։ Սեփական բիզնես է ունեցել նաև մինչև բանակ զորակոչվելը։ Հայրենիքին ծառայելու համար վերադարձել է Հայաստան. «Ռուսաստանում աշխատել եմ, եկավ ծառայելուս ժամանակը՝ վերադարձա, ծառայեցի։ Եղբայրս էլ էր ծառայում այդ ժամանակ. նույն գնդում ենք ծառայել»։
Արայիկի ծառայության ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, և նա այդ իրադարձությունների կիզակետում էր։ Դեպքերը նա շատ լակոնիկ և հստակ ներկայացրեց. «Ապրիլի երկուսն էր, որ սկսեցին ինտենսիվ կրակել տարբեր տրամաչափի զինատեսակներից։ Այդ ժամանակ մակարոն էի սարքում՝ դիրքի ավագի փոխարինողն էի, մեկ էլ հանկարծ գոռացին «ուղղաթի՜ռը»։ Հենց այդ պահին էլ բոլորս դուրս վազեցինք»։
Պատմեց, որ քառօրյա պատերազմի մեկ այլ մասնակից՝ Նարեկ Մալխասյանը, ուղղաթիռ էր խոցել, ինքն էլ անդամներից մեկին էր ոչնչացրել, ինչը պարտքի մեծ զգացումով էր արել։ Ասում է, որ հարկ լինելու դեպքում նորից կգնա դիրքեր, որպեսզի տղաների կողքին լինի ու ուժերի ներածին չափով օգնի նրանց։
Ծառայակից ընկերներին, և ոչ միայն, ովքեր դեռ պաշտպանում են հայրենիքի սահմանները, մաղթում է, որ զգույշ լինեն դիրքերում, որպեսզի անպայման զգան ընտանիք վերադառնալու հաճույքը։
Ծառայության ընթացքում կոչումով եֆրեյտոր է եղել։ Երբ պատերազմը սկսվել է, Արայիկի զորացրվելուն մնացել էր 83 օր, ու ինչպես ինքն է ասում, հենց այդ օրերն են ծառայության ընթացքում թվում ամենաերկարը։ Սակայն նա հաղթահարել է թե՛ պատերազմի թոհուբոհը, թե՛ այդ 83 օրերը աղոթքների շնորհիվ.
«Իմ կարծիքով բոլորիս էլ փրկել են իմ ու կողքիս գտնվող տղաների և, իհարկե, մեր մայրերի աղոթքները։ Ու իմ անունից կարող եմ ասել, որ ինձ փրկել է նաև հայ մնալու, ազգային արժեքները պահպանելու գիտակցումը։ Ես շատ ուրախ եմ, որ ողջ եմ մնացել, բայց միևնույն ժամանակ չափից շատ տխուր եմ, որ ընկերներ կորցրի մարտի դաշտում»։
Արայիկ Գրիգորյանը ուրախանում է, երբ իրեն հերոս են ասում, բայց ինքը հերոս է համարում բոլոր նրանց, ովքեր ավանդ են ունեցել այդ գործում, անշահախնդիր նվիրվել են ու ոչինչ փոխարենը չեն խլել։
Լիլիթ Դեմուրյան