«Օհանյան­-Րաֆֆի-­Օսկանյան» դաշինքը կարևորում է ՀՀ տարածքների համաչափ զարգացումը և սահմանների անվտանգությունը

«Օհանյան­-Րաֆֆի-­Օսկանյան» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսելու է սահմանամերձ համայնքներ այցելությունից՝ կարևորելով Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը և երկրի սահմանների անվտանգությունը: Մարտի 5-­ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք քարոզարշավի մեկնարկը տալիս ենք «Եռաբլուր» այցելությամբ՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով մեր մարտական ընկերների հիշատակին: Հենց նրանց շնորհիվ ենք մենք կարողացել կերտել նորօրյա Հայաստանի պատմությունը և մեր ժողովրդի խաղաղ արարումը և Արցախի համար գոյատևման պայմաններ ստեղծելը: Կարծում եմ, որ սա պատվի և պատասխանատվության համապատասխան պահ է: Մենք մեր քարոզարշավը կսկսենք սահմանամերձ համայնքներից: Վաղը կայցելենք Տավուշի մարզ՝ կարևորելով տարածքների համաչափ զարգացումը և մեր սահմանների անվտանգությունը»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:

Հարցին՝ «Օհանյան­-Րաֆֆի­-Օսկանյան» դաշինքը հստակ հայտարարելո՞ւ է, որ գնում է իշխանափոխության, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ միջազգային այն փորձը, պրակտիկան, որ գոյություն ունի՝ քաղաքական վերնախավերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսին լրացնելով, դրականի վրա հենվելով և բացթողումներից ելնելով, համապատասխան վստահություն ձեռք բերելն է ժողովրդի մոտ և համապատասխան կառավարում ձևավորելը: Մենք գնալու ենք լայնամասշտաբ փոփոխությունների և՛ տնտեսության մոդեռնիզացիայի առումով, և՛ քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխությանը»:

Հայաստանում մարտի 5­-ին մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավը կշարունակվի մինչև մարտի 31-­ը: Ազգային ժողովի ընտրությունները կկայանան ապրիլի 2-­ին:

Տեսանյութեր

Լրահոս