
«Ես հրեշ չեմ». Ժոզե Մոուրինիո

Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու 9 ամիսներն ապացուցել են ակումբին այն, որ ինքն այն հրեշը չէ, ինչպիսին իրեն դարձնում են ԶԼՄ-ները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը ճանաչել է իրեն այլ կողմից:
«Կարծում եմ, «Մանչեսթեր Յունայթեդում» հասկացան, որ ես այն հրեշը չեմ, ինչպիսին դուք դարձնում եք ինձ: Ես այդքան էլ վատ, մեծամիտ տղա չեմ, և ինձ հետ այդքան էլ բարդ չէ աշխատելը. համենայն դեպս, մինչև հիմա ոչ ոք չի փախել մարզումներից:
Դրա համար էլ գտնում եմ, որ ես ավելի լավն եմ, քան դուք կարծում եք: Մարդիկ ակումբում ուրախ են, որ ես այստեղ եմ: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ ֆուտբոլիստների, ղեկավարության և ակումբի սեփականատերերի հետ»,- ասել է Մոուրինիոն:
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյի գլխավորությամբ նվաճել է Լիգայի գավաթը, շարունակում է նաև պայքարն Անգլիայի գավաթի և Եվրոպայի լիգայի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը