«Ապրիլի 2-ին իրավիճակ կփոխվի». Արամ Գրիգորյան

«Մեր երկիրը գնում է ընտրության, բայց հանրությունը չգիտի՝ գնում են ընտրության, որ ի՞նչ անեն, ի՞նչ են ուզում փոխել: Եթե այս գլխավոր հարցի պատասխանը մենք չտանք, ապա կարևոր չէ, թե ինչպիսի տեխնիկական միջոցներ ենք օգտագործելու, և դրանց օգտագործման պարագայում ինչպիսի խախտումներ են լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ (իրավաբանական անձանց միություն) նախագահ Արամ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս ընտրությունները մեր երկրի համար շատ մեծ նշանակություն ունեն. «Կարծես թե պետք է փոխվի կառավարման համակարգը Հայաստանում. ես ցավում եմ՝ որևէ բան էլ չի փոխվելու: Կարծես թե պետք է փոխվեր, որովհետև սա հանրապետական ընտրություն է, ու պետք է Հայաստանի զարգացման քաղաքականությունը դնի, բացատրի հանրությանը, թե ինչ է դա նշանակում: Բայց իշխանությունները դա դրել են մի կողմ»:

Բանախոսն ընդգծեց՝ եթե իշխանություններն իրոք նպատակ են դրել՝ մեր երկրում օրինական ընտրություններ իրականացնել, ապա այսօր պետք է վերլուծած լինեին ու հանրությանը ներկայացնեին այն անօրինականությունները, որոնք եղել են նախկին ընտրությունների ժամանակ. «Այսօր այդ վերլուծությունը չկա, և չունենալով դա՝ դժվար է սպասել օրինական ընտրությունների»:

Ա. Գրիգորյանը նկատեց. «Այս խնդիրների շրջանակում անել ընտրություններ և ասել, որ դրանք օրինական են կամ լեգիտիմ են, դժվար է: Իմիջիայլոց, ընտրությունների պատասխանատվությունն ամբողջությամբ իշխանություններինն է, որովհետև ժողովուրդը ձևավորում է իշխանություններին ու նրանց տալիս պատասխանատվություն:

Ցավոք, նրանք միայն իրավունքներն են վերցնում: Եթե ամսի 2-ին ընտրական տեղամասերում կուտակումներ չառաջանան, գուցե կարելի է մտածել, որ ինչ-որ փոփոխություն կա:

Եթե մեր շենքերում, թաղերում բացասական իրարանցումներ չլինեն, մարդիկ կարողանան ազատ գնալ ընտրության, ապա ինչ-որ բան կփոխվի: Իսկ եթե մարդիկ դուրս են գալիս և ազատ չեն գնում ընտրություն կատարելու, արդեն ընտրության մասին խոսելն անիմաստ է: Արդեն որևէ նշանակություն չունի՝ տեղամասերում տեսախցիկներ դրվա՞ծ են, թե՞ ոչ, որովհետև մարդու վրա արդեն բռնություն է կիրառվել իր տնից դուրս գալիս: Եթե այս խնդիրները լուծվեն ընտրություններ կոչված միջոցառման ժամանակ, գուցե դրանից հետո հնարավորություն ունենանք գնահատել իրականացված պրոցեսը»:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ ապրիլի 2-ին իրավիճակ կփոխվի. «Բայց լինելու է ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց, որովհետև այսօրվա քաղաքական նոմենկլատուրան, որ հայտ է ներկայացրել՝ երկիրը կառավարելու, որևէ բան մեզ դեռևս չի ասում: Եվ եթե գալու են ու ասեն՝ կարմիր գիծ պետք է ջնջենք կամ աշխատավարձ բարձրացնենք, դա ՀՀ կառավարման համակարգի մեջ զրո է: Ես ուզում եմ լսել, թե ապրիլի 3-ին մեր երկիրն ո՞ւր է գնում, մենք ի՞նչ ենք ուզում վերջապես անել:

Մեր երկրի զարգացման նպատակ չի դրվել, և, եթե չկա այդ նպատակը, ապա անենք միջոցառումներ և ասենք, որ դրանք անելով՝ լավ կապրենք, արդեն հայ ազգն այդքան էլ միամիտ չէ: Այստեղ աշխատելու է և արդեն աշխատում է փողի մեխանիզմը, իրավապահ համակարգի մեխանիզմը, և այլն, որոնք պետք է իրենց հնարավորությունները ներդնեն, և ապրիլի 2-ին մենք ունենանք քաղաքական մի ներկապնակ, որը գոնե ինձ համար բոլորովին անհասկանալի կլինի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս