«Ընտրությունների անցկացման ու քվեարկության կազմակերպման կարգը բարդացված է». ի՞նչ պետք է անի ընտրողն ընտրությունների օրը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ընտրությունների անցկացման ու քվեարկության կազմակերպման կարգը բարդացված է.

«Երկար ժամանակ ընտրողներն ունեին քվեարկության որոշակի հմտություններ, և գիտեին՝ ինչպես է քվեարկությունը կատարվում: Եթե նախկինում ԱԺ-ն ձևավորվում էր համամասնական և մեծամասնական ընտրակարգով, ապա այժմ ամբողջությամբ ձևավորվում է համամասնական ընտրակարգով, բայց բացի համապետական ցուցակից՝ գոյություն ունի նաև տարածքային ցուցակ: Նախ՝ ընտրողները պետք է հասկանան՝ ի՞նչ է տարածքային ցուցակը, և քանիսի՞ն կարող են ընտրել տարածքային ցուցակից: Եվ եթե այս ամենին հավելենք քվեարկության գործընթացի դանդաղ և բարդ մեխանիզմը՝ ինչպես է ընտրողը մտնում քվեարկության սենյակ, որ քայլից հետո՝ որ քայլն է կատարում, կարծում եմ՝ այս անգամ ավելի ժամանակատար գործընթաց է»:

Ըստ նրա՝ ընտրողների մոտ այս ամենը խնդիրներ է առաջացնելու.

«Քվեաթերթիկը վերցնելիս՝ ընտրողը կսկսի տարակուսել՝ առաջին էջում, որը համապետական ցուցակն է, նշում պե՞տք է կատարել, թե՞ ոչ: Եթե սխալմամբ նշում կատարեց՝ դա քվեաթերթիկի հետ կապված ի՞նչ իրավական հետևանքներ է առաջացնում, արդյո՞ք առաջին էջում դրված նշումն այդ քվեաթերթիկը դարձնում է անվավեր: Կամ, եթե տարածքային ցուցակից ընտրում է որևէ մեկին, ապա քանի՞ նշում կարող է անել, քանիսի՞ն կարող է ընտրել, քվեաթերթիկը ծալա՞ծ դնի ծրարի մեջ, թե՞ առանց ծալելու:

Կարդացեք նաև

Եթե մինչև հիմա մեր ընտրողներին սովորեցնում էինք, որ պետք է ծալած դնեն՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու համար, այս դեպքում, իներցիայի ուժով, նորից կծալեն, ինչը չի առաջացնի քվեաթերթիկի անվավերություն, բայց օրենքով նախատեսված չէ ծալել, որովհետև այն ծրարից պետք է այնքան դուրս գա, որ հնարավոր լինի վրան ինքնասոսնձվող դրոշմանիշեր ամրացնել:

Այս ամբողջ ժամանակահատվածում ընտրողի ձեռքին պետք է լինի քվեարկության կտրոնը, որովհետև առանց քվեարկության կտրոնը վերջին պահին ներկայացնելու՝ նա ուղղակի իրավունք չունի քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ: Այստեղ ռիսկն այն կարող է լինել, որ սեղանների մոտով անցնելիս՝ մինչև քվեարկության խցիկ մտնելը կամ հենց քվեարկության խցիկում, նա կարող է թյուրիմացաբար չօգտագործած քվեարկության թերթիկների արկղի մեջ գցել իր քվեարկության կտրոնը՝ զրկվելով քվեարկելու հնարավորությունից»:

Հ. Տիգրանյանը հավելեց, որ, թեև ԿԸՀ-ն տարածել է համապատասխան տեսահոլովակ՝ քվեարկության կարգի վերաբերյալ, բայց վստահ չէ, որ բոլոր քաղաքացիներին է այն հասանելի:

Բանախոսը  խնդիր է տեսնում նաև անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի հետ կապված.

«Եթե նախկին ԸՕ-ն և կարգավորումները թույլ էին տալիս ընտրողին քվեարկել նաև վավերականության ժամկետը լրացած անձնագրով, ապա հիմա, եթե տեխնիկական սարքավորումը պարունակում է տեղեկատվություն, որ անձն ունի ժամկետի մեջ այլ անձը հաստատող փաստաթուղթ, ապա հանձնաժողովն իրավունք ունի՝ թույլ չտալ նրան քվեարկել ժամկետանց փաստաթղթով, և պահանջել՝ ներկայացնել ժամկետի մեջ եղած փաստաթուղթը, ինչն ընտրողի մոտ դժգոհություն կառաջացնի»:

168.am-ի հարցին՝ այս ընթացակարգն արհեստականորե՞ն է բարդացված, նա այսպես պատասխանեց.

«Չեմ կարող ասել՝ արհեստականորե՞ն, թե՞ միտումնավոր, գուցե փորձել են լավագույն կարգավորումը տալ: Բայց ինչքան խորանում ենք դետալների կարգավորման մեջ, այնքան բարդանում է: Մյուս կողմից՝ նույն անձնագրի վավերականության հետ կապված՝ իրավակարգավորման հիմնավորումը ևս չկա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս