«Անիրատեսական է խոսել մայիսին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին». գերմանացի վերլուծաբան

«Ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բովանդակությունը չի կարող համեմատվել Ասոցացման համաձայնագրի հետ, քանի որ 2013թ. փաստաթուղթը շատ ավելի լուրջ համագործակցություն էր խոստանում կողմերին, այն ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է տեղափոխեր այլ մակարդակի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացի ավարտին։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-28-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  Բրյուսել կատարած  աշխատանքային այցի շրջանակում հայտարարվեց ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտի մասին՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից շուրջ երեք տարի անց։ Փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտվել են, և դրանք արտահայտում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Այս մասին գոհունակությամբ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում նախօրեին  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում: «Այսօրվա մեր հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները»,- իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:

«Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը»,- հավելել էր նա: Բանակցությունների ավարտին իրենց մեկնաբանություններով անդրադարձել են ԵՄ գրեթե բոլոր հեղինակավոր պաշտոնյաները՝ բանակցությունների ավարտը և համաձայնագրի ապագա ստորագրումը Հայաստանի համար երկրորդ հնարավորություն որակելով։ Սյուզան Ստյուարտն ասաց, որ Սերժ Սարգսյանի այցը բավականին կարևոր էր, քանի որ նա հանդիպումներ ունեցավ ԵՄ բոլոր ինստիտուտների ղեկավարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Ըստ նրա, ոչ բոլոր այցերն են նման հագեցվածությամբ զուգորդվում, սակայն այցի նման տեսքը, ըստ էության, թելադրված, ուղղորդված էր Հայաստանի կողմից, որը բանակցություններն ավարտին հասցրեց հենց այս փուլում՝ ՀՀ-ում անցկացվելիք ընտրությունների շեմին։ «ԵՄ-ն վերջին մեկ տարվա ընթացքում կրկնում է, որ Արևելյան գործընկերության երկրներն իրենք են որոշում ԵՄ-ի հետ հարաբերությունների որակը, ընդգրկումը, խորությունը, այդ հարաբերությունների ինչ-ինչ փուլերի ժամկետները։ Ինչպես տեսանք, այս փուլը համընկավ Հայաստանում անցկացվելիք ընտրությունների շեմի հետ»,- նկատեց Սյուզան Ստյուարտը։

Վերջինս տեղեկացրեց, որ ծանոթ չէ համաձայնագրի տեքստին, բայց վստահաբար կարող է ասել, որ ստորագրվելիք համաձայնագրի բովանդակությունը չի կարող համեմատվել Ասոցացման համաձայնագրի հետ, քանի որ 2013թ. փաստաթուղթը շատ ավելի լուրջ համագործակցություն էր խոստանում, այն ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է տեղափոխեր այլ մակարդակի։ Իսկ ստորագրվելիք համաձայնագրով, գերմանացի փորձագետի համոզմամբ՝ ամրագրվելու է ՀՀ-ԵՄ ներկայիս հարաբերությունների ծավալը և նման է լինելու ներկայումս գործող «Գործընկերության և համագործակցության համաձայնագրին»՝ փոքր փոփոխություններով։

Սյուզան Ստյուարտը հույս հայտնեց, որ համաձայնագրի տեքստը հասանելի կդառնա, ինչն ինքնին ավելի թափանցիկ կդարձնի համաձայնագրի ստորագրման շուրջ առկա դիսկուրսը։ Դիտարկմանը, թե հույսեր կան, որ համաձայնագիրը կստորագրվի մայիս ամսին, գերմանացի քաղաքագետն ասաց.

«Անիրատեսական է խոսել մայիսին համաձայնագրի ստորագրման մասին, քանի որ ամիսներ կպահանջվի միայն ստորագրմանը նախապատրաստվելու համար, որի գլխավոր բաղադրիչը ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի տեքստի հաստատումն է։ Սրա համար կպահանջվեն ամիսներ։ Ուստի, իմ հաշվարկներով՝ կարող ենք խոսել այս տարեվերջի կամ մյուս տարվա սկզբի մասին, դրանից շուտ իրատեսական չէ խոսել ստորագրման մասին, որքան էլ որ ԵՄ-ն ցանկանա այդ համաձայնագիրը շուտ ստորագրել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս