«ՀՀ իշխանությունների պահվածքն առաջիկա ընտրություններում լինելու է ԵՄ-ի դիտակետում». Դենիս Սեմութ
Փետրվարի 26-28-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հայտարարվեց ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտի մասին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից շուրջ երեք տարի անց։ Փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտվել են և դրանք արտահայտում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը: Այս մասին գոհունակությամբ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
«Այսօրվա մեր հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները»,- իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:
– «Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը», – հավելել էր նա: Բանակցությունների ավարտին իրենց մեկնաբանություններով անդրադարձել են ԵՄ գրեթե բոլոր հիղնակավոր պաշտոնյաները, բանակցությունների ավարտը և համաձայնագրի ապագա ստորագրումը Հայաստանի համար երկրորդ հնարավորություն որակելով։
Թեմայի շուրջ 168.am-ը կարճ զրույց է ունեցել «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութի հետ։
-Նախօրեին Հայաստանն ու Եվրոպական միությունն ազդարարեցին շրջանակային համաձայնագրի շուրջ բնակցային գործընթացի ավարտի մասին։ Ներկայումս ՀՀ-ԵՄ հարաբերություններում տեսնո՞ւմ եք անհրաժեշտ վստահության մակարդակ, հաշվի առնելով 2013թ. փորձառությունը, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ինչը խորը անվստահություն ստեղծեց երկկողմ հարաբերություններում։
– Վերջերս Բրյուսելում կայացած հանրային քննարկումներից մեկի ժամանակ նման հարց տրվեց այս հարցով առանցքային բանագնացներից մեկին և նա ասաց, որ չի հավատում, թե 2013թ. կարող է կրկնվել։ Նա նաև գովաբանեց հայ բանագնացների աշխատանքը, նշելով, որ նրանք մեծ ջանքեր են ներդրել։ Ես կարծում եմ, որ 2013թ. հետո բավականին լավ աշխատանք է իրականացվել վստահության վերականագնման համար։ Բնականաբար, սա Եվրոպայում դիտարկվում է, որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար նոր էջ։
– Ձեր կարծիքով՝ ինչ կտա ՀՀ-ԵՄ ստորագրվելիք շրջանակային համաձայնագիրը հայկական կողմին ԵՄ-ին ասոցացվելու տեսանկյունից, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որն առաջնորդվում է բացարձակապես այլ արժեքներով և չափանիշներով։
– Եթե անկեղծ լինենք, ապա մենք բավականին անորոշ ջրերում ենք։ Եվրասիական տնտեսական միությունը դեռ զարգացման փուլում է, օրենքներն ու կարգավորումներն անընդհատ փոփոխվում են։ Ես չեմ կարդացել ստորագրվելիք նոր փաստաթղթի տեքստը, բայց ես համոզված եմ, որ այն չի հակասում Հայաստանի եվրասիական պարտավորություններին։
Բայց Ձեր հարցն ունի շատ ավելի խորը ենթատեքստ այն տեսանկյունից, որ ԵՄ-ն և ԵՏՄ-ն տարբեր են ոչ միայն իրավական տեխնիկական տեսանկյունից։ Դրանք հիմնված են տարբեր արժեհամակարգերի վրա։ ՀՀ Կառավարությունը պնդում է, որ կարող է համատեղել այս երկուսը։ Ժամանակը ցույց կտա։ Առաջին փորձությունը կգա մեկ ամսից՝ ընտրությունների ընթացքում և դրանից հետո։ ՀՀ իշխանությունների պահվածքն այս ուղղությամբ լինելու է ԵՄ-ի դիտակետում։
Նոր համաձայնագրի շրջանակը բավականին ընդարձակ և հավակնոտ է։ Դա նաև ենթադրում է, որ Հայաստանը կհամապատասխանեցնի իր Օրենսդրությունը ԵՄ-ին և հիիմնական բարեփոխումներին։ Համաձայնագիրն ուրվագծում է կարևոր դերակատարություն քաղաքացիական հասարակության համար, լավ կառավարումը ևս նախատեսվում է։ Բայց մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես է այս համաձայնագիրը գործում գործնականում։
– Այս փուլին պետք է հաջորդի փաստաթղթի ստորագրման արարողությունը։ Հնարավո՞ր է արդյոք դիմադրություն Մոսկվայի կողմից, որի արդյունքում կրկին համաձայնագրի ստորագրումը կհայտնվի սպառնալիքի տակ։ Ի՞նչ է փոխվել 2013թ. հետո։
– Ես չեմ կարծում, որ ռուսները կհակադրվեն այս համաձայնագրին, քանի որ նոր համաձայնագիրը բավականին տարբերվում է 2013թ. առաջարկվող փաստաթղթից։ Իհարկե, կան բավականին շատ ընդհանուր բաղադրիչներ, բայց հիմնարար կերպով դրանք երկու տարբեր փաստաթղթեր են։
Ասոցացման համաձայնագիրն առաջարկում էր ռազմավարական հարաբերություններ Եվրոպական միության հետ, ներկայիս շրջանակային համաձայնագիրն ավելի համեստ գործիք է միտված կողմերի միջև հարաբերությունների կարգավորումներին։ Իհարկե, Ռուսաստանը կարող է փորձել բացառել մեկ կամ երկու կետ։ Բայց ես կարծում եմ, որ նրանք զգուշանալու են չափազանց լուրջ հակազդեցություն ցուցաբերելուց, քանի որ կարող են հայ հասարակության արձագանքին արժանանալ։