«Ադրբեջանի կողմից աննախադեպ քայլեր են արվում, որ առաջացնում են միջազգային հանրության ուշադրությունը»

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախ այցելած, հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած, Եվրոպական խորհրդի երեք պատգամավորների նկատմամբ։ Ադրբեջանի այս որոշման և Հայաստանի հակաքայլերի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ադրբեջանի կողմից աննախադեպ քայլեր են արվում, որ առաջացնում են միջազգային հանրության ուշադրությունը։ Ադրբեջանի այս քայլը մարտահրավեր էր՝ այս անգամ արդեն ուղղակիորեն Եվրոպայի քաղաքական հանրույթին»,- ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Իսկ ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս իրավիճակում» հարցին Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․

«Մենք փորձում ենք և փորձելու ենք հնարավորինս մատչելի տեղեկատվություն տրամադրել, ինչպես նաև՝ մոտիվացիա ստեղծել մեր գործընկերների մոտ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն Արցախի հիմնախնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը՝ լինի դա այցելությունների ձևո՞վ, թե՞ գիտական գործունեության ձևով։ Սա մեզ լրացուցիչ հնարավորություն է տալիս, որ Արցախն ավելի մեծ չափով դարձնենք միջազգային հանրության ուշադրության առարկա, ու մենք պիտի ամեն կերպ օգտվենք այս իրադրությունից»։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոսեց 3 պատգամավորների նկատմամբ իրականացված հետապնդման փորձի իրավական հիմքերի մասին և նշեց մի քանի խնդիր, որոնց հետ մենք առնչվում ենք այս իրավիճակում․

«Առաջին՝ մենք ունենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան՝ Եվրոպական կոնվենցիան, որը երաշխավորում է օրենքի հիման վրա պատիժ սահմանելը։ Այսինքն՝ պետությունները միայն օրենքով սահմանված արարքների համար կարող են սահմանել պատիժ։ Բայց մենք ունենք հետևյալ իրավիճակը․ Ադրբեջանի Հանրապետությունը երեք պատգամավորների մեղադրանքի հիմքում դնում է այն, որ իբր նրանք անցել են Ադրբեջանի պետական սահմանը։ Մինչդեռ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318 հոդվածի համաձայն՝ պետք է Ադրբեջանի կողմից պահպանվող պետական սահմանը հատել։ Ինչ էլ խոսեն, փաստն այն է, որ Արցախի Հանրապետության սահմանն իրենց կողմից չի վերահսկվում։ Նրանք չեն կարող կիրառել այդ հոդվածը։

Երկրորդ խնդիրը, որին առնչվում ենք, խտրականության արգելումն է, որն էլի երաշխավորում է Եվրոպական կոնվենցիան։ Այսինքն՝ որևէ մեկին չի կարելի հետապնդել քաղաքական հայացքների համար։ Այս պատգամավորներն իրենց վարքագծով ցույց են տվել իրենց հայացքները։ Մյուս խնդիրը խոշտանգումների արգելման սկզբունքն է։ Խնդիրը նրանումն է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականություն վարել»։

«Ադրբեջանն այսօր հորդորում է չգնալ Արցախ, բայց միայն հորդորում է, այլ ոչ արգելում։ Եվ այս խստացումը ցույց է տալիս, որ սա չի աշխատում։ Ինչպես արգելք չի կարող լինել լրագրողների համար, որոնք իրենց աշխատանքն են կատարում, այնպես էլ, պատգամավորների առումով, մարդիկ պրոֆեսիոնալ քաղաքականությամբ են զբաղվում, հատկապես՝ Եվրամիության խորհրդարանի անդամները։ Բա իրենք չիմանա՞ն իրականությունը», – ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս խնդրին անդրադարձավ քաղաքական, քարոզչական տեսանկյունից․

«Եթե մենք մոտ ապագայում չունենանք մի վիճակ, երբ Եվրախորհրդարանն Ադրբեջանի պատգամավորներին մատով ցույց տա, ուրեմն մենք կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ մեր խորհրդարանական դիվանագիտությունը շատ լուրջ կաղում է և չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել»։

Քաղաքագետ Մելիք-Շահնազարյանն առաջարկեց խնդրի լուծման հետևյալ մոտեցումը․

«Պետք է օգտվել այն ռեսուրսներից, որոնք արդեն կան, մշակված են մեր իրավաբանների կողմից։ Պետք է փաստարկները դարձնել քաղաքական գործիք միջազգային հարթակներում այս հարցը լուծելու համար։ Եվ, իհարկե, պետք է օգտվենք այն մարդկանց ոգևորվածությունից, որոնք, չնայած ամեն ինչին, շարունակում են գալ Արցախ՝ այդպիսով նպաստելով, որ իրենց գործընկերներն ավելի խանդավառվեն և գան տեսնեն անկախ պետության ստեղծման ճանապարհը։ Սա է այն ճանապարհը, որով կարող ենք հարցը լուծել»։

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս