
Բելառուսի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը ռեկորդային անկում է գրանցել

Ռուսաստանը Բելառուսի գլխավոր առևտրային գործընկերն է, սակայն երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մշտապես նվազում է։
2016թ. Բելառուսի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը նվազել է՝ հասնելով 2009թ. նվազագույն մակարդակին՝ 26.1 մլրդ դոլարի, հայտնում է «Բելառուսական նորությունները»։
Այդ ժամանակ կրճատումը տեղի էր ունեցել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով, իսկ ներկայումս խորը ճգնաժամի մեջ են ռուս-բելառուսական հարաբերությունները։
Նշվում է, որ առևտրաշրջանառության կրճատման հարցում կարևոր դեր է ունեցել նավթային գործոնը։
Մյուս կողմից՝ Բելառուսը, չցանկանալով վաճառել նավթամթերքը ռուսական գներով, կտրուկ կրճատել է վառելիքի մատակարարումները Ռուսաստան։
2016թ. ռուսական շուկա էր մատակարարվել 268.2 հազար տոննա նավթամթերք, ինչն ավելի քան եռակի քիչ է 2015թ. համեմատ։
Իր հերթին, Մոսկվան, չկարողանալով համաձայնության գալ Մինսկի հետ գազի գնի վերաբերյալ, կրճատել է նավթի մատակարարումները Բելառուս։ Անցած տարի Բելառուսը ստացել է 18.1 մլն տոննա նավթ, ինչը 21 տոկոսով քիչ է 2015թ. համեմատ։
Կա ևս մեկ գործոն, որը բացասաբար է ազդել երկկողմ առևտրաշրջանառության վրա՝ պարենայինը։
2016թ. Բելառուսը արտահանել է 4.15 մլրդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք ու սննդամթերք, այդ թվում՝ Ռուսաստան (3.7 մլրդ դոլար)։