
Վրաստանն ամբողջությամբ կարգելի պոլիէթիլենային տոպրակների կիրառումը

Մեզանից շատերն անգամ չեն մտածում, թե որքան մեծ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի աղտոտվածության վրա, երբ խանութներից գնում կամ թեկուզ անվճար վերցնում են պոլիէթիլենային տոպրակներ: 100 տարի և գուցե ավելին է անհրաժեշտ, որպեսզի դեն նետված տոպրակները ամբողջովին քայքայվեն:
Պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարը շատ երկրներում վաղուց համարվում է առաջնային խնդիր: Շատ երկրներում անգամ գործածվում են տույժեր՝ տոպրակների օգտագործումը քչացնելու համար: Վրաստանը ևս պայքարում է պոլիէթիլենային աղբի դեմ և մշակել է սեփական նախագիծը, թե ինչպես քչացնել պոլիէթիլենի կիրառումը և տարածումը:
Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարությունից հայտնում են, որ մշակվել է նորմատիվային ակտ, ըստ որի՝ պոլիէթիլենային տոպրակները կփոխարինվեն բիոտոպրակներով, թղթե տոպրակներով և երկար ժամանակ կիրառվող կտորից պատրաստված տոպրակներով, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին:
Այս նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության փոխնախարար Եկատերինա Գրիգալևան: Նորմատիվային ակտը իրականություն դարձնելու համար նախարարություն են հրավիրվել թե՛ պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ընկերությունների ղեկավարներ, թե՛ խոշոր խանութների տնօրեններ:
Սիրարփի Աղաբաբյան