«Վիգեն Սարգսյանի դրական իմիջից բացի կուսակցությունն օգտագործելու է նաեւ ցուցակում ընդգրկված այլ անձանց իմիջը»
Պաշտպանական քաղաքականությունը չի կարող զոհ դառնալ քարոզչական աշխատանքին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելուն, նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Սահմանի վրա վերջին շրջանում, բնականաբար, լարվածության աճ կա, բայց պարզ է, որ առկա է նաեւ առաջնահերթությունների խնդիր: Կուսակցությունը հանդես է գալիս որպես մի շտաբ, որը կգլխավորի նախընտրական պայքարը, եւ պարզ է, որ բացի Վիգեն Սարգսյանից, ով միանաշանակ ունի դրական իմիջ թե երկրի ներսում, թե երկրից դուրս, օգտագործելու է այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են լինելու քարոզարշավն իրականացնելու համար: Մի մոռացեք, որ պաշտոնավարման ժամանակ նախարարը չի իրականացնելու քարոզարշավը»,- ընդգծեց քաղաքագետը՝ նշելով, որ Վիգեն Սարգսյանի դրական իմիջից բացի կուսակցությունն օգտագործելու է նաեւ ցուցակում ընդգրկված այլ անձանց իմիջը:
Ալեքսանդր Մարկարովը համոզված է՝ չնայած նրան, որ թե ներքին, թե արտաքին քաղաքական եւ պաշտպանական ոլորտները փոխկապակցված են, այնուամենայնիվ առաջնահերթություններն առանձնացված են լինելու: