![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեր հասարակությունը մտածում է, թե բակալավրիատը թերի բարձրագույն կրթություն է. այդ մտածողությունը մեզ հարվածում է». Լևոն Մկրտչյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Levon-Mkrtchyan-1.jpg)
«Հասնել նրան, որ ընդամենը մի քանի տարիների ընթացքում բուհերն անցնեն ինստիտուցիոնալ հավատարմագրման, մեծ ջանքեր էին պահանջվում բուհերից, որպեսզի սա իրականացնեին: Մենք կարողացանք ինչ-որ մի փուլ հաղթահարել, և մենք մտնում ենք մի նոր շրջափուլ, որտեղ արդեն իսկապես հետևողական, լուրջ, մասնագիտական աշխատանք է մեզ սպասվում, որովհետև չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ առանց ծրագրային հավատարմագրման»,- այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված «Որակը լսարանում. գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Այնուհետև, լրագրողների հետ զրույցում նախարարը, պատասխանելով հարցին՝ տարածաշրջանում միակն ենք, որ հավատարմագրվում ենք Բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիային, ի՞նչ է դա մեզ տալու, և ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան բուհական ոլորտում, այսպես պատասխանեց.
«Կրթության և գիտության ոլորտում ցանկացած նման ձեռքբերում հնարավոր է դառնում տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ: Սա շուրջ 15 տարվա գիտակցված քաղաքականության արդյունք է, երբ մենք ՀՀ-ում սկսեցինք ձևավորել եվրոպական չափանիշերին համարժեք հավատարմագրման գործընթաց, և մեր կենտրոնը՝ համալսարանների հետ միասին, կարողացավ իսկապես ներդնել այդ համակարգը: Եվ այն, որ ԵՄ-ն սա ճանաչում է, մեզ համարում է լիարժեք անդամ, նշանակում է, որ քաղաքակրթական այդ մեծ դաշտն ունի վստահություն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Սա շատ կարևոր հատկություն է, բայց այն նաև բերում է հսկայական աշխատանք:
Տեսեք՝ մենք անցել ենք համալսարանների ինստիտուցիոնալ հավատարմագրման, բայց չի կարող հավատարմագրում լինել՝ առանց մասնագիտական, առարկայական, ծրագրային հավատարմագրման: Հիմա մենք պետք է կարողանանք անցնել ծրագրային հավատարմագրման, որպեսզի ուսանողներին կարողանանք հանել նաև ներքին շրջագայության: Մեր ուսանողները պետք է կարողանան մեր համալսարանների հնարավորություններից օգտվել, և անկախ նրանից, թե որտեղ է սովորում ուսանողը, նա պետք է կարողանա լավագույն կրեդիտը ստանալ»:
Նախարարը նշեց, որ աշխարհում բակալավրիական կրթությունից հետո մագիստրոսական կրթությունը շարունակում է ուսանողների 10%-ը. «Մագիստրոսական կրթությունն իր կյանքին, աշխատանքին ավելի խորը նայելու հնարավորություն է տալիս ուսանողին: Մարդիկ գնում են, ավարտում են, ստանում են վկայականը, աշխատում են, աշխատանքից հետո հասկանում են, որ ինչ-որ ուղղությամբ խորանալու կարիք ունեն, և գնում են մագիստրոսական կրթության: Մեր հասարակության մեջ մի տպավորություն կա, որ բակալավրիատը թերի բարձրագույն կրթություն է, և իր երեխան պետք է անընդհատ սովորի, այսինքն՝ 22-23 տարեկանում բոլոր 3 աստիճանները պետք է ունենա:
Այս մտածողությունն իսկապես հարվածում է, որովհետև համալսարանները՝ հետևելով շուկայի պահանջին, փորձում են ձևավորել մագիստրոսական ծրագրեր և վարձավճարներից օգտվել: Դրա համար մենք պետք է մագիստրոսական կրթության բովանդակությունն ու էությունն արմատապես փոխենք: Մագիստրոսական ծրագիրը չպետք է կրկնի բակալավրիատը, չպետք է հեշտ լինի, և ամեն համալսարան չի կարող բոլոր ուղղություններով մագիստրոսական կրթություն ունենալ»: