Բաժիններ՝

Հայաստանում հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ դպրոց չեն գնում. «Human rights watch»-ի զեկույցը

Այսօր «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում» թեմայով քննարկման ընթացքում ներկայացվեց «Human rights watch»-ի 2016 թ. նոր զեկույցը: Անդրադարձ կատարվեց նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական կրթության ոլորտում առկա խոչընդոտներին:

Ասուլիսի մասնակից, բանախոս «Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան նշեց, որ ուսումնասիրություններն անցկացվել են Հայաստանի 8 քաղաքներում՝ ներառելով մոտ 170 մարդկանց, ինչպես նաև ներկայացվեցին հանձնարարականներ` ուղղված Հայաստանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին:

«Human rights watch»-ի 2016թ. «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում» թեմայով նոր զեկույցն արձանագրում է՝ հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ զրկված են Հայաստանում լավ կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ որոշ երեխաներ ընդհանրապես դպրոց չեն գնում:

«Մենք զրուցել ենք 47 երեխաների հետ, 63 ընտանիքների, որոնց երեխաները բնակվում են մանկատներում, հաճախում են հատուկ կամ հիմնական դպրոցներ, այցելել ենք 5 մանկատներ և 10 դպրոցներ, որոնցից վեցը հատուկ դպրոցներ են: Ուսումնասիրություններն անցկացրել ենք Երևանում, Կապանում, Գորիսում, Արմավիրում, Ճամբարակում, Հացիկում, Վանաձորում, Գյումրիում, զրուցել ենք երեխաների և նրանց ծնողների հետ: Նպատակն էր՝ պարզել՝ արդյոք կա՞ առաջընթաց, և ո՞րն է այն բացը, որի ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի կառավարությունը: Ստացված արդյունքներով ունենք հետևյալ պատկերը՝ հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ գնում են նույն դպրոցը, ինչ մյուս երեխաները, և ավելի հաճախ վատ կրթություն ստանում այնտեղ»,- ասաց քննարկման բանախոս «Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան՝ հավելելով, որ շատ դպրոցների շենքային պայմաններն առհասարակ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ դժվարություններ ստեղծելով հասնելու, օրինակ, սանհանգույցներին: Բանախոսը համոզված է՝ սա է հիմնական պատճառներից մեկը, որ հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ ստիպված են տանը մնալ:

«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում խնամքի հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող: Կառավարությունը պետք է այնպես անի, որ խնամքի հաստատությունները, որքան հնարավոր է՝ քիչ լինեն, փոխարենը՝ երեխաներն ապրեն իրենց ընտանիքներում, և այդ ընտանիքներն ապահովվեն անհրաժեշտ ռեսուրսներով: Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում մեծանալու իրավունք, և կառավարության ու դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին և երեխաներին, այլ ոչ խոշոր հաստատություններին»,- նշեց զեկույցի հեղինակ Ջեյն Բուխանան:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն, զեկույցի հետազոտող Գիորգի Գոգիան էլ նշեց, որ իրավիճակի բարելավման ուղղությամբ կառավարությունը, իհարկե, քայլեր ձեռնարկում է, բայց դրանք բավարար համարել չեն կարող: ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2020 թվականը առնվազն 22 խնամքի հաստատություններից դուրս բերել երեխաներին, և այդ շինությունները վերածել համայնքահեն ծառայություններ տրամադրող կենտրոնների: Ըստ Գիորգի Գոգիայի՝ Հայաստանը պետք է վերանայի Ընտանեկան օրենսգիրքը և լուրջ փոփոխություններ անի այնտեղ.

«Հայաստանի ղեկավարությունը պետք է այնպես անի, որ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները կարողանան լավ ուսում ստանալ, սովորել մյուս երեխաների հետ միասին՝ հավասար պայմաններում: Հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնելու համար պետք է լինեն բավարար թվով ուսուցիչներ և աշխատակիցներ, որոնք, սակայն, ըստ ուսումնասիրությունների՝ չկան: Հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրելու հավասար պայմաններում և չպետք է լինեն մեկուսացված»:

Ասուլիսի բանախոսներն ընդգծում են՝ ըստ UNICEF-ի տվյալների՝ Հայաստանի հաստատություններում գտնվող երեխաներին տրվող ֆինանսական աջակցությունը կազմում է մեկ երեխայի համար տարեկան 3000-5000 դոլար: Այդ միջոցները կարող են օգտագործվել համայնքահեն ծառայությունների և ընտանիքների համար ուղղակի աջակցության համար: Այդ դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաները կվարեն լիարժեք կյանք և կապրեն իրենց կամ խնամակալ և որդեգրող ընտանիքներում: ՀՀ կառավարությունն այժմ ողջ երկրում աջակցում է ընդամենը 25 խնամատար ընտանիքների:

Ասուլիսի ընթացքում ցուցադրվեց տեսանյութ, որը պատմում էր կատարված հետազոտության մասին: Տեսանյութի հերոսուհիներից մեկը՝ 12-ամյա Մարի Մինասյանը, ով նաև ասուլիսին մասնակից բանախոսներից էր, հաճախում է Գորիսի ներառական դպրոց: Վերջինս լրագրողներին պատմեց, որ իր համար դժվար է դասի գնալը, որովհետև չկան թեքահարթակներ, դպրոցը չունի վերելակ, դասերը տեղի են ունենում 3-րդ հարկում, իսկ իր համար դժվար է բարձրանալ այդ հարկերը: Տեսանյութի ավարտին Մարին հաշմանդամություն ունեցող երեխաներին կոչ է անում՝ չամաչել իրենց կարգավիճակից և շարունակել հաճախել դպրոց, որովհետև բոլորը հավասար են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս