Արթուր Բաղդասարյանը հայտնեց նավթի և գազի պաշարների տեղը Հայաստանում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրեց իրենց ընտրական ցուցակը: Ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, որին հաջորդում են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը, Էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը, Արթուր Միսակյանը, Խանիկ Պետրոսյանը, Արմեն Հարությունյանը, Լիաննա Մանուկյանը, Գարսևան Սաղաթելյանը, Լևոն Դոխոլյանը, Հունան Պետրոսյանը, Գառնիկ Ղազարյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են ինքը և Հեղինե Բիշարյանն իրենց համագումարի ժամանակ այդքան վրդովված ելույթներ ունեցել: Ի պատասխան՝ Ա. Բաղդասարյանն ասաց.
«Ես խոսել եմ իմ թիմակիցների հետ, և ասել եմ ժողովրդական ընդունելի մի դարձվածք՝ կաշիներդ քերթելու եմ, դրան էլ հաջորդեցին ջերմ ծափահարություններ: Ես խոսել եմ իմ թիմի, իմ զորքի հետ»:
Ինչ վերաբերում է Հ. Բիշարյանի այն արտահայտությանը, որ պատրաստ է հանել իր մրցակիցների աչքերը, Ա. Բաղդասարյանն ասաց.
«Ես սոցցանցերի ամբողջ տեղեկատվությանը տիրապետում եմ: Նախoրեին եղել էր ավելի վատ նախադասություն, և երևի դրանից է, որ Հեղինե Բիշարյանի խոսքն ավելի սուր է եղել: Դա ոչ գրավոր, էմոցիոնալ ելույթ էր: Մենք դրա մեջ վատ բան չենք տեսնում: Դա ուղղված չէ նրանց դեմ, որոնք մեր դեմ կխոսեն, այլ մարդկանց, որոնք խոսում են մեզ թաղելու մասին և մեր հասցեին այլ անբարո բաներ են ասում»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ֆանտաստիկայի ժանրից չէ՞ր ՀՎԿ համագումարում Արթուր Բաղդասարյանի հնչեցրածը՝ Հայաստանում եղած նավթի և գազի պաշարների մասին: Նա ասաց, որ այդ հայտարարությունը «ֆանտաստիկայի ժանրից չէ»:
Բաղդասարյանի խոսքով՝ այդ մասին լուրջ հետազոտություններ կան: Լրագրողները խնդրեցին ասել՝ Հայաստանում կոնկրետ որտե՞ղ են գտնվում այդ պաշարները: Ի պատասխան՝ նա ասաց, որ հանքերից մեկն Արմավիրում է.
«Ունենք նաև պղնձի եւ մոլիբդենի խոշոր պաշարներ, առհասարակ, հարուստ ընդերք, որը շահագործվում և բռնաբարվում է անխնա, պետական հոգածության չի արժանանում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: