Դեղատների, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման գործընթացը դյուրացվում է

Դեղատների, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման գործընթացն այսուհետև ավելի պարզ և հստակ կլինի։  ՀՀ կառավարության կողմից լիցենզավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին օրերս ընդունված որոշումը հիմնականում միտված է հանրապետությունում մատուցվող դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգերի հստակեցմանը և ՀՀ մարզերում, մասնավորապես`  սահմանամերձ գյուղական համայնքներում,  բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 94-Ն որոշման համաձայն կրճատվել է լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը, հանվել է գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենի ներկայացման պարտադիր պահանջը։

Հստակեցվել և տարանջատվել են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերը` լիցենզավորման, վայրի փոփոխման, ինչպես նաև այլ վայրում լիցենազավորման:

Պարզեցվել և կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային և տարածքային չափսերը։ Առևտրի սրահի և սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլևս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ  ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։

Հանվել են դեղատների` դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողնման բաժին, դեղերի ստերիլիզացման և ասիստենտական առանձին սենյակներ ունենալու  պարտադիր պահանջները` դրանք ընդհանրացնելով մեկ սենյակում։

Միաժամանակ, հստակեցվել են կանաչ խաչի նշանի լուսավորության ռեժիմը և տեղադրման ձևը` համաձայն ստանդարտների:

Տեսանյութեր

Լրահոս