«Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է». Նիկոլ Փաշինյան

«Մյուս երկու դաշինքներն էլ խնդիր ունեն ապացուցելու՝ իրենք ով են, քաղաքական դաշտում ինչ կոորդինատ ունեն, և ընդհանրապես ինչ է իրենց ուզածը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչներն ասում են՝ դեմ չեն Մարտի 1-ը բացահայտելուն, Սեյրան Օհանյանն ասում է, որ կան քաղբանտարկյալներ, Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Վաղը նույն հայտարարությամբ հավանաբար հանդես կգա նաև Հովիկ Աբրահամյանը, ի՞նչ է դա փոխելու քաղաքական իրավիճակում: Մենք քաղբանտարկյալների մասին միշտ ենք խոսել, ոչ թե մեր պաշտոնավարումից հետո»:

Հարցին էլ, թե՝ հնարավոր համարո՞ւմ եք նրանց հետ կոալիցիա կազմելը, ՀՀԿ-ին մենակ թողնելու համար, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Երբ խոսվում է համագործակցության մասին՝ պետք է հստակ ձևակերպվի՝ ինչ է ենթադրում համագործակցությունը, և կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ պետք է անի: Ավելի հավանական է, որ նրանք, հնարավորության դեպքում, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն»:

Ն. Փաշինյանի խոսքով՝ Վարդան Օսկանյանը 10 տարի Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն արտաքին աշխարհում արդարացնող թիվ մեկ գործոնն է եղել. «Շատերն ասում են՝ արտգործնախարար է եղել: Այդպես լիներ, Ռիբենտրոպին Նյուրնբերգի դատարանում չէին դատի, կասեին՝ ինքն ընդամենն արտաքին գործերի նախարար է եղել: Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նախորդ տարվա ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ՔՊ»-ի անդամները սոցցանցերում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը համարում էին իշխանության հաճախորդ, դրածո, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ իրենք Է. Մարուքյանին իշխանության դրածո լինելու մեջ երբեք չեն մեղադրել. «Սոցցանցերում մեր կուսակցության ներկայացուցիչները կարող են գրել ամեն ինչ, մենք խոսում ենք քաղաքական գնահատականների մասին: Մենք ունեցել ենք տարաձայնություններ, և մեր տարաձայնությունները կապված են եղել համագործակցության փնտրտուքի հետ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հրանտ Բագրատյանի հետ բանակցություններ եղե՞լ են համագործակցության վերաբերյալ: Ն. Փաշինյանը պատասխանեց, որ զրույցներ եղել են, բայց բանակցություններ՝ ոչ: Իսկ Թևան Պողոսյանի մասով ասաց. «Թևան Պողոսյանի հետ զրույց եղել է, կա, հույս ունենք՝ այդ զրույցն ինչ-որ արդյունքի կբերի»:

Ն. Փաշինյանը նաև հայտարարեց, որ «Ելք» դաշինքի որևէ ներկայացուցիչ այս ընթացքում ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու բանակցություն չի վարել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս