Բաժիններ՝

2016-ը անհաջող է դասավորվել հայկական կապի ոլորտի համար

Հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթը 2016 թվականին կազմել է 143 մլրդ դրամ, որը 2015 թվականի ցուցանիշից ցածր է 21.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Հեռահաղորդակցության ոլորտի հասույթի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է բջջային կապի ծառայություններից ստացված հասույթը՝ 81 մլրդ դրամ կամ ընդհանուրի 56.6%-ը։ Բջջային հեռախոսակապը 2016 թվականին 16%-ով ավելի քիչ հասույթ է ապահովել, քան 2015-ին։

Լարային (ֆիքսված) հեռախոսակապի ծառայություններից ստացված հասույթն ավելի մեծ չափով է նվազել՝ 24.5%-ով, և կազմել 14.7 մլրդ դրամ։

Փոխարենը՝ 2%-ով աճել է ինտերնետ հասանելիության ծառայություններից ստացվող հասույթը և հասել 32.2 մլրդ դրամի։

Կարդացեք նաև

Այս թվերը հերթական անգամ ապացուցում են, որ, այսպես կոչված, OTT-ն (over-the-top content) լուրջ գլխացավանք է դարձել բջջային օպերատորների համար։ OTT-ն, եթե պարզ ձևակերպենք, տարբեր տեսակի մեսինջերներն են (Viber, WhatsApp և այլն), որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի, տեքստի միջոցով՝ շրջանցելով դասական հեռախոսակապն ու կարճ հաղորդագրությունները։

Վերադառնալով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ցուցանիշներին, նշենք, որ 2016 թվականին 15.8%-ով աճել է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ծառայություններից ստացված հասույթը։ Դա պայմանավորված է թվային հեռուսաստեսությանն անցմամբ։

Արբանյակային ծառայություններից (բացառության ինտերնետ հասանելիության) ստացված հասույթն աճել է 51.3%-ով, իսկ հեռագրական ծառայություններինը՝ նվազել 18.5%-ով։ Սակայն այս 2 ուղղություններով հասույթի ծավալը չնչին է, համապատասխանաբար, 32.6 մլն դրամ և 27 մլն դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտի այլ ծառայությունները 2016 թվականին ապահովել են 10.3 մլրդ դրամի հասույթ, որը 53.1%-ով գերազանցում է 2015 թվականի ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս