Հայ ընտրողի հոգեբանական կերպարը

Յուրաքանչյուր  մարդ, ապրելով սեփական պետության հովանու ներքո` ինքնաբերաբար դրսևորում է համապատասխան  սոցիալական վարք։ Նա կարծես նավ լինի բաց ծովում, որն առանց ղեկի տրվում է ալիքների հոսքին։ Նույնն էլ մեր ներկայիս հասարակությունն է, որքան դրսևորվեն անհատական ինքնաիրականացման պահանջմունքները, միևնույն է, վերջին քայլը կատարվում է միասնական գաղափարին համապատասխան։ Կոլեկտիվ   անգիտակցականը զերծ չի մնում արտահայտվելուց ամեն մեկի անգիտակցականում։

Միասնական ուժը որքան գայթակղիչ է երևում, այնքան էլ անձախեղդ է անում մարդուն` տապալելով նրա յուրօրինակ Ես-ի դրսևորման հնարավորությունը։ Դա նման է այն բանին, թե ինչպես է երեխան որբանում մորից, դառնում անօթևան և ինքնըստինքյան դառնում այն մարդկանց  հետնորդը, ովքեր ունեն գոնե նշմարվող կյանքի փորձ և հասարակության կողմից ընդունվող վարքային կառույց։

Նույնն էլ` հասարակ քաղաքացին,  լինելով Հայաստանի Հանրապետության զավակը, պետական նորմերին հավատարիմ լինելու ցանկությունը բռնապետական իրավունքով կորցնում և դառնում է ոմն դաստիարակի  խամաճիկը, որը չունի ոչ ձեռքեր` սեփական ընտրությունը կատարելու համար, ոչ ոտքեր` սեփական ճանապարհով գնալու համար, ոչ էլ  սեփական ուղեղ` անհատական մտածելու համար։ Մեր հասարակության մեջ, ավաղ, այդ ամենը սահմանափակ, պահված է իշխանությունների համար հուշ դարձած հումանիստական դամբարանում, որպես քաղաքակրթության մի նմուշ, որն արդեն կիրառելի չէ ներկայիս անապատացած հոգով հարուստ մարդկանց միջավայրում։

Սակայն դա էլ իր հետաքրքրությունն ունի, քանի որ անընդհատ մաքառելով` մարդ արարածը փնտրում է բարենպաստ պայմաններ  սեփական կյանքը մի փոքր էլ երկարակյաց դարձնելու համար, և բոլորովին էլ զարմանալի չէ այն փաստը, որ հայ ժողովուրդն այդքան  դիմացկուն է և դարերի պատմություն ունի։ Այն փաստը, որ օրգանիզմն ինչքան անբարենպաստ պայմաններին ադապտացվում է, այնքան ավելի դիմացկուն է դառնում, մեզ հույս է տալիս հավատալու, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն կմեռնի, բայց մեր ազգն անցնելով նման ճանապարհ, նույնիսկ իր պետության դարպասներից ներս, անպատճառ կապրի անմահ։ Կապրի անմահ, սակայն, միևնույն է, զերծ չի մնա ընտրություն կատարելու իր պարտականությունից։

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետություն ունի իր պարագլուխը և կամակատարները։ Այս պետական կառույցում յուրաքանչյուր ոք կատարում է իր պաշտոնին համապատասխան գործունեություն` չնայած նրան, որ այդ համապատասխան գործունեություն ասվածը շատ հարաբերական է, եթե խոսքը գնում է հայ ընտրարշավների  կազմակերպման մասին։ Եթե մի կառույցում մի պաշտոնակատար իրականացնում է մի քանի մարդկանց պաշտոններ միաժամանակ, ապա, բնականաբար, պատասխանատվությունը մնում է օդում, և իր տիրոջը բառիս բուն իմաստով չի ճանաչում։

Իրավամբ նմանատիպ պետական կառույցը թելադրում է արդեն ինքնաբուխ գործունեություն, որը տարածվում է քաղաքացիների կենսակերպի վրա, և, բնականաբար, ազդում է բացասական, քանի որ, եթե չի գրանցվում դրական արդյունքներ և առաջխաղացում, հետևաբար` նման հասարակական հիերարխիայում տիրում է «սառցարան» մոդելը։ Ամեն ինչ մատուցվում է սառեցված և ստերիլիզացված` ընտրողին զերծ պահելով այն համտեսելու և որակը գնահատելու հնարավորությունից։

Նույն մոդելով էլ մեր համաքաղաքացիներին է մատուցվում մի քանի թեկնածուի սառեցված մոդել, որոնց ընտրելն անհրաժեշտություն է, այլ ոչ թե` ցանկություն կամ նախընտրություն։ Սակայն այս ամենի բռնատիրական լինելը  միայն պետական մարմիններին վերագրելն անազնիվ կլինի, քանի որ յուրաքանչյուր պետության  հիմքն ու բովանդակությունը հանդիսանում են քաղաքացիները։ Իսկ ներկայիս քաղաքացիները տանելով և, ինչպես վերը նշեցինք, ադապտացվելով անբարենպաստ պայմաններին` արդեն  սովոր են ընտրել այն, ինչ նրանց մատուցում են, սակայն, գենային մակարդակից ելնելով, ինքնասիրության մղումով ուղղակի արտահայտում են իրենց դժգոհությունը և անհամաձայնությունը։

Հայ ընտրողի դիմանկարը նկարագրելու համար անհրաժեշտ է մի քանի փուլ ներկայացնել, քանի որ դա շատ ծավալուն և երկարատև գործընթաց է` ընդհանուր կերպարը հասկանալու համար։  Առաջին փուլը վերաբերում է նախնական ընտրողի կերպարին, որը շատ անհանդուրժողական է վերաբերվում ցանկացած առաջարկության և քննարկման։

Ըստ հոգեբանական տեսանկյունի` դրսևորում է վերը նշված սահմանափակված և ճնշված ինքնաիրականացման  պահանջմունքը, սեփական Ես-ի կարևորության դրսևորումն է առաջ գալիս, նախնական արտահայտած մտքերը հետևյալն են` «Ես ճիշտ եմ», «Ես ավելին գիտեմ», «Ես կանեմ այնպես, ինչպես ես եմ ուզում, ինձ ոչ ոք չի կարող ստիպել», հետագայում առաջ է գալիս երկրորդ փուլը, այստեղ ընտրողը զգում է զսպանակի ճնշվածության «հոտը», սակայն դեռ պայքարում է, բայց այդ  առյուծի մեջ թաքնված է գիտակցությամբ առաջնորդվող փոքր բանական էակ, որը գիտի վերջին պահին իր անելանելի և թելադրվող կարգավիճակի մասին, երրորդ փուլը վերջնակետն է, որտեղ հայ ընտրողը վայր է դնում իր Դոն Ժուանի փայտե սուրը և հանձնվում իրականության մեջ իր հակառակորդ իշխանական մարմիններին։ Ընտրելով նրան` ում թելադրում և առաջարկում են։

հոգեբան

Տեսանյութեր

Լրահոս