Ղարաբաղյան առոգանություն Ուկրաինայում
Մեր պատգամավորներից ոմանք փորձում են ստորագրահավաքով փոխել Ազգային ժողովի ընտրությունների արդեն որոշված օրը: Նրանց կարծիքով` ապրիլի 2-ը ճիշտ չէ ընտրված: Այդ օրը սկսվեց 2016-ի ապրիլյան պատերազմը: Պատերազմ, որի գնահատականներն առ այսօր միանշանակ վերլուծված ու տրված չեն:
Դժվար չէ ենթադրել, որ այդ պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին կարծիքները հիմնական են լինելու նախընտրական ելույթներում: Իրավիճակն առավել նուրբ է դարձնում այն հանգամանքը, որ նախընտրական գործընթացին մասնակցելու է նաև Սեյրան Օհանյանը, ով պատերազմի օրերին ՀՀ պաշտպանության նախարարն էր: Իսկ նա մասնակցելու է` որպես ընդդիմադիր: Եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմի թեման հիմնական տեղ ուներ նաև հուլիսյան դեպքերի ընթացքում, ապա կարելի է ենթադրել, որ քննարկում-վերլուծություններն (ու նաև քաղաքական շահարկումները) թունդ են լինելու:
Եվ հանկարծ ապրիլյան պատերազմի օրինակով ինքնատիպ վերլուծություն հայտնվեց մոսկովյան «Ռազմա-արդյունաբերական տեղեկատու» շաբաթաթերթում: Այս լրատվամիջոցը հայտնի է ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերով և նրանով, որ այս շաբաթաթերթը հրատարակող կազմակերպությունում աշխատում են ազդեցիկ ռազմական փորձագետներ: Հոդվածում կատարված համեմատությունները նոր տեսանկյուն են բացում: Նախ՝ հոդվածը վերնագրված է «Անակոնդա օպերացիա»: Այս անվանումով հայտնի են դարձել ԱՄՆ քաղաքացիական պատերազմի վերջում Կոնֆեդերացիայի դեմ ձեռնարկված գործողությունները, երբ նահանգային ուժերը շրջափակեցին և կամաց-կամաց սեղմելով` նվաճեցին կոնֆեդերատների տարածքները:
Ճիշտ այնպես, ինչպես անակոնդան է իր պարույրների մեջ սեղմում որս-զոհին: Ընդ որում, օպերացիայի անունը հորինել էին լրագրողները, և այն պատմության մեջ մնաց առաջին հերթին` իր բնութագրական ու դիպուկ անվան պատճառով: Իսկ ռուսական շաբաթաթերթում հրապարակված վերլուծությունը մեկ ենթավերնագիր ունի՝ «Ղարաբաղյան առոգանություն»: Տեսնենք, թե ինչ նմանություններ են արձանագրվում ապրիլյան պատերազմի հետ կապված։ Ըստ ռուս փորձագետների` ուկրանական զինված ուժերը Դոնեցկի ու Մարիուպոլի ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ նման գործողություն փորձել էին իրականացնել 2016-ի մարտ-մայիս ամիսներին:
Բայց այդ ժամանակ ուկրանական Գլխավոր շտաբին չհաջողվեց աննկատ զինուժ ու զինտեխնիկա տեղակայել այդ ուղղություններով: Արդյունքում` ձեռնարկած ռազմական գործողություններում ուկրաինական բանակը մեծ զոհեր կրելով` նահանջեց: Կատարվածից դասեր քաղելով` ուկրաինական ուժերը մի քանի ամիս անց վերսկսեցին «Անակոնդա» պլանը: Փոքր խմբերով, համարյա աննկատ կենտրոնացող ուկրաինիական ուժերը սկսեցին դիրքավորվել չեզոք տարածքում` զբաղեցնելով ստրատեգիական դիրքեր՝ բլուրներ, շինություններ, ճամփաբաժաններ:
Նպատակը մեկն էր՝ հնարավորինս մոտենալ ինքնահռչակ հանրապետությունների պաշտպանական դիրքերին: Ընդ որում, այս գործողությունների ընթացքում ծանր հրետանի չէր օգտագործվում: Բայց հենց այդ ընթացքում սկսվել էր յուրօրինակ «սողացող» գրոհը, որի միջոցով ուկրաինական զինված ուժերը, փորձագետների արձանագրմամբ` «սանտիմտեր առ սանտիմետր տարածք էին զբաղեցնում»: Հենց նման գործողություն, ըստ փորձագետների, կատարվում էր ապրիլյան պատերազմից առաջ: Եվ, որ ամենակարևորն է, այս գործողություններն աննկատ էին մնում միջազգային դիտորդների և ինքնապաշտպանության կազմակերպիչների համար: Ինչը ռուս փորձագետին հնարավորություն է տալիս բառացիորեն գրել՝ «Շատ կողմերով այս գործողությունները հիշեցնում են ադրբեջանական զինվորականների օպերացիան Լեռնային Ղարաբաղում: Իհարկե, ոչ բոլոր քայլերով:
Մասնավորապես Դեբալցևոյում և Մարիուպոլում ժողովրդական հանրապետությունների զինված ուժերը հակագրոհի անցան և ետ շպրտեցին»: Սա պարզ ակնարկ է այն մասին, որ մեր բանակն ապրիլին հակագրոհի չանցավ:
Բայց խնդիրը միայն անցած դեպքերը վերլուծելն ու մեղավորներ գտնելը չէ: Այս իրավիճակում շատ ավելի կարևոր է վերլուծելը ռազմական գործողությունների այն տակտիկան, որ անվանվում է «Անակոնդա օպերացիա»: Ինչ վերաբերում է ուկրանական պատերազմին, այն հիմա «թեժ» փուլում չէ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ չի շարունակվում, այսպես կոչված, «սողացող գրոհը»:
Մինչդեռ դրանից հետո սկսվում է իրական գրոհ՝ ծանր զինատեսակների ու կուտակված ռազմուժի կիրառմամբ: Ահա թե ինչ նմանություններ են տեսնում ռուս ռազմական փորձագետները:
Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ պատերազմական վերլուծությունների հարցում նրանք անհամեմատ ավելի հմուտ են: Հետևաբար` նրանց կարծիքն արժանի է լուրջ ուշադրության: Կատարվածն ու կատարվելիքը հասկանալու ու դիմակայելու ծրագրեր մշակելու համար: