Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը՝ Լապշինի արտահանձնման վերաբերյալ

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին մեծ արձագանք է ստացել ոչ միայն հայկական և ադրբեջանական մեդիայում: Լապշինի արտահանձնման փաստին են անդրադարձել նաև մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:

«Բլոգերը բանտարկվել է գոյություն չունեցող երկիր այցելելու համար» հեգնական վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական BBC-ն: Գործակալության թղթակից Ալեքս Դակևիչը  նշում է, որ «ծուռ» հայացքներ ունեցող բլոգերը որպես կանոն չէր շոշափում քաղաքական թեմաներ, սակայն հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում, քանի որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել բլոգերի շարունակական այցերը Լեռնային Ղարաբաղ:

«Ամեն ինչ սկսվեց, երբ Լապշինը Լեռնային Ղարաբաղ այցելեց 2011-ին և գրեց դրա մասին իր բլոգում: Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լապշինին նրա համար, որ վերջինս իր բլոգում սատարել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, սակայն դա դժվար է ապացուցել, քանի որ բլոգում տեղ գտած հրապարակումները հեռացվել են»,- նշված է հոդվածում:

BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է. «Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է», «Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին»: BBC-ի հոդվածում նաև խոսվում է Լապշինի կնոջ մասին, ում չեն թույլատրել տեսակցել ամուսնուն դեկտեմբերի 15-ից հետո:

Բրիտանական Dailymail-ն արձանագրել է, որ բլոգերին ձերբակալել են Բելառուսում և արտահանձնել Ադրբեջանին՝ վիճարկելի տարածք այցելելու համար:

Իսրայելական Timesofisrael.com-ը, անդրադառնալով թեմային, նշում է, որ իսրայելցի բլոգերին ազատազրկել են, քանի որ նա, վիճարկվող տարածք այցելելով, անհանգստացրել է «միջինասիական ժողովրդի առաջնորդին»: Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը վիճարկելու հայցը առանց որևէ բացատրության մերժվել է տարբեր ատյանների դատարաններում, որոնց նիստերն անցել են դռնփակ ռեժիմով: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Լապշինը մի քանի հրապարակում է արել, որտեղ սուր քննադատության է արժանացրել Իլհամ Ալիևին:

Լապշինի բանտարկության փաստն արձանագրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը: Դեպքի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնելուց զատ՝ հրապարակման մեջ նաև տեղ է գտել Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» աշխատանքները համակարգող Նինա Օգնիանովայի մեկնաբանությունը, որ  Լապշինը «չպետք է բանտարկվի իր կարծիքը արտահայտելու կամ վիճարկելի տարածք այցելելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս