«Մոսկվան, օգտվելով Թրամփի հարավկովկասյան քաղաքականությունից, կփորձի վերադարձնել ողջ տարածաշրջանն իր ազդեցության գոտի՝ օգտագործելով, այդ թվում, ԼՂ գործոնը». Դավիթ Շահնազարյան

«Աշխարհը գտնվում է անցումային և լուրջ փոփոխությունների փուլում»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Նոր անորոշություններ ԵՄ-ի ու եվրոպական անվտանգության համար» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ ներկայացնելով գլոբալ և եվրոպական անվտանգության արդի մարտահրավերները, որոնք առաջացել են կամ հնարավոր են Եվրոպայում ու նրանից դուրս առանցքային զարգացումների արդյունքում:

Նրա խոսքով՝ աշխարհը գտնվում է անցումային շրջանում: ԱՄՆ-ում արդեն նոր վարչակազմն է գործում. «Թրամփի ընտրությունը, եթե ասենք՝ անսպասելի էր, ոչինչ ասած չենք լինի, աշխարհը կասկած չուներ, որ Հիլարի Քլինթոնն է հաղթելու ԱՄՆ նախագահական ընտրություններում, և կային լուրջ կենտրոններ, լուրջ գիտնականներ, որոնք դա կանխատեսել էին, խոսքը Մայքլ Մորի, Ալան Լիխմանի մասին է, վերջինս 1984 թվականից ճշգրտորեն կանխատեսել է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները, Ալան Լիխմանը կանխատեսել է նաև, որ իմփիչմենտ է լինելու ԱՄՆ-ում»:

Ըստ նրա՝ շատ փորձագետներ են գտնում, որ այսօրվա աշխարհի վիճակն արդյունք է Թրամփի ընտրության, սակայն ինքը՝ Շահնազարյանը, հեռու է այդ կարծիքից, քանի որ, նրա համոզմամբ՝ Եվրոպայում ևս նման գործընթացներ են տեղի ունեցել և տեղի ունենում, այդ բոլոր երևույթները Լիլյա Շևցովան է դիպուկ նկարագրում՝ որակելով ազգայնական ամբոխահաճություն, դա նկատվում է Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունգարիայում, և շարքը կարելի է շարունակել: Վերլուծաբանի կարծիքով՝ դրա ամենալուրջ ահազանգը, որը ևս համարժեք չի գնահատվել, բրիտանական «Բրեքսիթն» էր:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Թրամփը, ինչպես նշել էր հունվարի 20-ի երդմնակալության արարողությունից հետո, առաջին իսկ օրվանից սկսեց իր տնտեսական քաղաքականությունն իրականացնել, որը, վերլուծաբանի գնահատմամբ՝ տնտեսական պրոտեկցիոնիզմի արտացոլում է: Նա նաև նկատեց, որ ավտորիտար և տոտալիտար երկրներում գործում է «պաշտպանել արտադրողի շահերը» սկզբունքը, իսկ ազատ երկրներում՝ «պաշտպանել սպառողի շահերը», ԱՄՆ-ը առաջնորդվել է այս սկզբունքով, ԵՄ-ն է ստեղծվել այդ սկզբունքի հիման վրա, այնինչ ներկայումս ԱՄՆ-ը գլոբալիզացիոն պրոցեսների դեմ է դուրս գալիս:

Կարդացեք նաև

«ԱՄՆ-ը ներկայումս կարծես թե անցնում է տնտեսական քաղաքականության պրոտեկցիոնիզմի սկզբունքին, դա լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ է ունենալու: Եթե սրան ավելացնենք «Բրեքսիթի» տնտեսական հետևանքները, ապա կստանանք բացարձակապես նոր իրավիճակ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Երկրորդ նկատառումը, որով բանախոսը հանդես եկավ, հետևյալն էր: Նա նշեց, որ վաղուց չի գործում «արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է» սկզբունքը, գործում է ճիշտ հակառակը, արտաքինն է թելադրում թե՛ ներքին, թե՛ տնտեսական քաղաքականությունը բոլոր երկրներում: Նրա խոսքով՝ սա արդեն գործում է միարժեք, բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ եվրոպական անվտանգության չգործելու առաջին նշանները երևացին 2007թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մյունխենյան ելույթում, որին շատ լուրջ վերաբերվեց Արևմուտքը, դրան հետևեց 2008թ. Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա, այնուհետև մյուս երևույթները՝ Ուկրաինա, Ղրիմ, Դոնբաս: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Արևմուտքը բացարձակապես պատրաստ չէր այս ամենին:

«Եվրոպայում բավական խոր ճգնաժամ է՝ բարոյական, քաղաքական: Լիբերալ դեմոկրատիան է լուրջ ճգնաժամի մեջ: Ի՞նչ կլինի այս իրավիճակում: Տեսնում ենք, որ եվրոպացիները հասկանում են, որ իրենց անվտանգության մասին իրենք պետք է մտածեն, առայժմ գործողություններ չենք տեսնում, առանձին երկրներում արդեն իսկ հայտարարություններ կան այն մասին, թե ինչ կլինի անվտանգության համակարգերի հետ: ԱՄՆ և Մեծ Բրիտանիա տանդեմը կգործի և առաջատար կլինի այդ իմաստով: Եվրոպայի անվտանգության խնդիրների պատասխանատվությունն իր վրա է վերցնելու Գերմանիա:

Կկարողանա՞ Գերմանիան իրականացնել դա, մեծ հարց է: Գերմանիան ռեսուրսների տիրապետում է, բայց հոգեբանական խնդիրներ կան: Ստիպված է լինելու դա անել: Գերմանիան ստիպված է լինելու դառնալ միջուկային երկիր, եթե այսպես շարունակվի: Նոր գլոբալ անվտանգության համակարգ, որի հիմնական ճարտարապետը պետք է լինի ԱՄՆ-ը, չի ստեղծվի Թրամփի աշխատակազմի օրոք: Այն մոտեցումները, որոնք կան Սպիտակ տանը, այդ թվում՝ Սթիվ Բենոնի հայացքները, որոնք բավականին հայտնի են, թույլ են տալիս անել հետևություններ, որ կարծես թե ալյանսները և բազմաձևաչափ համակարգերն իրենց դիրքը զիջելու են երկկողմանի հարաբերություններին պետությունների միջև:

Նման միտումներ Սպիտակ տնից եմ տեսնում, այս սկզբունքը հստակ պետք է հաշվի առնել: Սա նաև հետևանք է այն իրողության, որ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, հաջող չէր: Օբամայի օրոք լուրջ անկայունություն սկսվեց Մերձավոր Արևելքում, որը, չգիտես ինչու, սկսեցին կոչել Արաբական գարուն, նրա օրոք ՌԴ-ն իր ռևիզիոնիստական քաղաքականությունը սկսեց, ագրեսիվ քաղաքականությունը: Արտաքին քաղաքական երկու հաջողությունները՝ Իրանի հետ համաձայնագիրը, Կուբայի հետ հարաբերությունները, ուրիշ ոչինչ չեմ տեսնում: Օբամայի օրոք էր, որ ՆԱՏՕ-ում պետությունների երկու խումբ ձևավորվեց՝ անվտանգություն իրականացնողներ և անվտանգություն սպառողներ: Այստեղից հարց՝ ինչպիսի՞ն կլինի ՆԱՏՕ-ն, այդ առումով հակասական ազդակներ ենք ստանում Սպիտակ տնից: Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն պետք է ձևափոխվի»,- պարզաբանեց Դավիթ Շահնազարյանը: Վերջինիս պնդմամբ՝ ստեղծված իրավիճակը երկար է շարունակվելու, ավելին, լավագույն դեպքում կառաջանան ռեգիոնալ անվտանգության կառույցներ, որոնք խիստ ժամանակավոր են լինելու:

Խոսելով ԱՄՆ-ՌԴ հարաբերություններից՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Թրամփի վարչակազմի գործունեության առաջին փուլը տարածաշրջանի, Ուկրաինայի համար շատ ծանր հետևանքներ են ունենալու: Ըստ նրա՝ հետաքրքիր և կարևոր էր ԱՄՆ-ի տարածած հայտարարությունը ՄԱԿ-ում, որտեղ հստակ ամրագրված էր, որ պատժամիջոցները կապվում են Ղրիմի հետ, ապա մեկ օր առաջ Թրամփի և Պորոշենկոյի հեռախոսազրույցը, որը վերլուծաբանները համարում են վերջնական դիրքորոշում: Սակայն Շահնազարյանը չի բացառում, որ այսկերպ Թրամփն ամրացնում է իր դիրքերը Պուտինի հետ բանակցությունների համար: Առանց մեկնաբանության՝ բանախոսը հիշեցրեց երկու զարգացում, որոնք հետևեցին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին:

«Բաշար Ասադի առողջության հետ կտրուկ բան պատահեց, և Դոնբասում՝ Ավդեևկայի ուղղղությամբ, լարվածություն սկսվեց, և այս անգամ ռուսական պրոպագանդան չաշխատեց»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Անդրադառնալով գլոբալ մարտահրավերների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մեր տարածաշրջանում չափազանց մտահոգիչ է նոր վարչակազմի քաղաքականությունն Իրանի հանդեպ՝ նպատակային, խիստ, կոշտ քաղաքականությունը: Ըստ նրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-Իրան հարաբերությունները նոր որակ են ձեռք բերել՝ կապված ՀՀ պաշտպանության նախարարի այցին Իրան, ինչը նշանակում է, որ անվտանգության բաղադրիչ է հայտնվել այդ հարաբերություններում: Շահնազարյանի գնահատմամբ՝ Իրանը մեր տարածաշրջանում հանդիսանում է կայունացնող գործոն:

«Վաշինգտոնի այս քաղաքականությունը չպետք է խոչընդոտ դառնա ՀՀ իշխանությունների համար հայ-իրանական հարաբերություններում, քանի որ այդ հարաբերություններն ազգային անվտանգության դիվերսիֆիկացիայի լուրջ բաղադրիչ է: Նոր, շատ բարդ գործոն է հայտնվել Հարավային Կովկասում՝ Իսրայելի և Իրանի հակասություններն են, որոնք արտահայտվում են Հարավային Կովկասում ցայտուն կերպով: Եթե դիտարկում ենք մերձավորարևելյան իրադարձություններն այդ բոլոր գործընթացների ներքո, գուցե ոչ այնքան ակնհայտ, բայց կա մի կարևոր թել՝ նույն Իրան-Իսրայել հակասություններն են:

Դրա հետևանքները մեր տարածաշրջանում կարող են շատուշատ ավելի բարդ լինել: Վաշինգտոնը մեր տարածաշրջանին դիտարկում է Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու մեջ ընկած հատված, չեմ կարծում, որ Վաշինգտոնի ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ կմեծանա, ՀՀ-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունները կպահպանվեն, բայց տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքն անկանխատեսելի է: Հավանական է, որ Մոսկվան՝ օգտվելով իրավիճակից, վերադարձնի ողջ տարածաշրջանն իր ազդեցության տակ, կարող է սկսել դրա համար օգտագործել թե՛ ԼՂ գործոնը, թե՛ շատ այլ խնդիրներ: Այդ իմաստով, կարծում եմ՝ սպառնալիքներ կան Վրաստանի համար: Այնպես որ, նացիոնալ պոպուլիզմը Եվրոպայում հանգեցնելու է այս արդյունքներին, որոնք չէին կանխատեսվել»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս