«Մենք կարող ենք, ես կարող եմ». քաղցկեղը հնարավոր է կանխարգելել
Ամեն տարի ամբողջ աշխարհում փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 միլիոն:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում քաղցկեղի կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության իրականացումը առողջապահության առաջնահերթ խնդիրներից է: Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում:
Վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով կամ 1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով կամ 1.9 անգամ (2105 դեպքով): Հայաստանում կյանքում առաջին անգամ «չարորակ նորագոյացություն» հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8372, իսկ ուռուցքաբանական կառույցներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 40862: Ընդ որում, իգական սեռի մոտ տարածված են կրծքագեղձի, արգանդի մարմնի, պարանոցի և հաստ աղու, իսկ արական սեռի մոտ` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի, ստամոքսի և հաստ աղու չարորակ նորոգոյոցությունները:
Հիմք ընդունելով ԱՀԿ մոտեցումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում: Միջազգային փորձը փաստում է, որ քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները:
2015 թվականից մեկնարկել են ՈՎՀ վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրը, որի բաղադրիչներից է արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերումը, սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները, շականակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը:
Վերջին տարիներին ընդլայնվել է հիվանդանոցային օղակում ուռուցքաբանական ծառայությունների աշխարհագրությունը: Այսօր ուռուցքաբանական բժշկական օգնություն է մատուցվում է 8 բժշկական կազմակերպությունում: Իսկ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» արդիականացման արդյունքում ակնկալվում է առաջընթաց արյան համակարգի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում: Կենտրոնը կիրականացնի նաև ցողունային բջիջների հավաքագրում և ոսկրածուծի փոխպատվաստում:
Առողջապահության նախարարությունը փաստում է. քաղցկեղը դատավճիռ չէ, այն կառավարելի է` առավել ևս վաղ հայտնաբերման փուլում: