Ո՞վ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին ու Սուրիկ Խաչատրյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը դե յուրե շարունակում է զբաղեցնել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բուհի պաշտոնական կայքէջում նա այժմ էլ ներկայացվում է այդ կարգավիճակով:

Շատ հաճախ բուհերի կառավարման խորհուրդների անդամները, պաշտոնից զրկվելով, նաև դուրս են գալիս այդ խորհուրդների կազմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում պաշտոնանկությանը նախորդել էր հայտարարությունն այն մասին, որ ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից: Բայց, ինչպես նշեցինք, Հովիկ Աբրահամյանը դեռ համարվում է նշված բուհի խորհրդի նախագահը: Տնտեսագիական համալսարանի խորհրդում կառավարության կողմից առաջադրված անդամների շարքում է նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հաստատեց, որ խորհրդի կազմում փոփոխություններ սպասվում են: Սակայն, ո´չ ՀՀ կառավարությունից, ո´չ էլ կրթության և գիտության նախարարությունից մեզ չհաջողվեց պարզել, թե Տնտեսագիտական խորհրդի կազմն ինչ փոփոխությունների է ենթարկվելու և մասնավորապես Հովիկ Աբրահամյանին ո՞վ է փոխարինելու: Արդյո՞ք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի խորհուրդը նույնպես էլ նախկինը չի լինի: Այս դեպքում դրա գործունեության ժամկետը լրացել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ նորը դեռևս չի ձևավորվել: Այդ բուհի խորհրդի կազմում, ըստ ամենայնի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլևս չի ընդգրկվի, և նրան փոխարինելու կգա գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Մինչ այժմ Խաչատրյանը նաև նշված բուհի կառավարման խորհրդի նախագահն էր:

Հ.Գ.- Գորիսի պետական համալսարանի ռեկտորը երեկոյան տեղեկացրեց, որ իրեն զանգահարել ու հայտնել են, որ խորհրդի կազմն արդեն հաստատված է, և երկուշաբթի կամ երեքշաբթի ինքն այն կստանա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս