
«Սպառողների վրա էլեկտրաէներգիայի 1.22 դրամով էժանացումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ». Արամ Գրիգորյան

«Բնականաբար, այդ նվազումը չի կարող գոհացուցիչ լինել, որովհետև սպառողական իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, հատկապես՝ ձմեռային ամիսներին մի հազար դրամ ավել կամ պակասը որևէ էական նշանակություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը՝ մեկնաբանելով փետրվարի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի 1.22 դրամով նվազեցումը:
Նա նշեց, որ այդ 1.22 դրամը նշանակում է, որ սպառողն ամսական 1000 կվտ պետք է ծախսի, որպեսզի 1220 դրամ քիչ վճարի, իսկ 1000 կվտ ոչ ոք չի ծախսում։
Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ: Փորձագետի խոսքով՝ այս խավի հետ կապված մշտապես խնդիր կա։ Ըստ Ա.Գրիգորյանի՝ տնտեսական առումով ճիշտ չէ նման տարբերակումը, որովհետև դրանով որևէ հարց իրականում չի լուծվում. «Նրանց համար էլ 4-5 դրամ է սակագնի նվազումը, որը չնչին է, որևէ ազդեցություն չունի։ Առավել ևս, որ անապահովներն առանց այդ էլ քիչ են ծախսում»։
«Իմ կարծիքով՝ խնդիրը պետք է գլոբալ տեսանկյունից դիտարկել, այլապես՝ 1 դրամ իջեցնել, 6 ամիս անց 3 դրամ թանկացնել, նման կերպ որևէ խնդիր չի լուծվում։ Այսօր տարածաշրջանում Հայաստանը սպառողներին վաճառում է ամենաթանկ էլեկտրաէներգիան՝ ունենալով ատոմակայան, որն արտադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան։ Սա է խնդիրը»,- ասաց Ա.Գրիգորյանը։