«Այն քաղաքական գործիչները, որոնք մի անգամ տնից դուրս են եկել, մոտեցել են խոսափողին, այլևս տուն չեն կարողանում վերադառնալ». Մերուժան Տեր-Գուլանյան
«Ես լավատես մարդ եմ և ամեն անգամ մտածում եմ, որ լավ է լինելու, ավելի լավ, քան նախորդ անգամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։
Նրա խոսքով՝ ընտրությունները միշտ էլ հուզում են, տեղահանում են ժողովրդին, երբեմն մարդիկ սկսում են թշնամանալ՝ տարբեր ճամբարների բաժանվելով. «Հուսամ, որ այս անգամ նման բան չի լինելու»։
Մ. Տեր-Գուլանյանի դիտարկմամբ՝ դատելով օրենսդրությունից և այն ամեն ինչից, որ այսօր կա, շատ «հետաքրքիր և մաքուր» ընտրություններ պետք է լինեն. «Արդար, թափանցիկ ընտրություններ պետք լինեն։ Սահմանադրությունը դա թույլ է տալիս, և իշխանություններն էլ պատրաստ են գնալու այդ ամեն ինչին։ Դա ներշնչում է, որ լավ է լինելու»։
Անդրադառնալով նախընտրական դաշինքներին՝ հրապարակախոսն ասաց, որ դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, բայց «քաղաքական հրմշտոցը» կա. «Չկան սկզբունքներ, կա իրադարձություն, չկան օրենքներ, նկատի ունեմ՝ մարդու ներսի սահմանադրություն, կան հանգամանքներ։ Այն քաղաքական գործիչները, որոնք մի անգամ տնից դուրս են եկել, մոտեցել են խոսափողին, այլևս տուն չեն կարողանում վերադառնալ, համառորեն ուզում են լինել իշխանության մեջ, դա բնական և մարդկային եմ համարում։ Պետք է սկզբունքները պահպանել և կարողանալ հրաժարվել և չմտածել, թե կարևոր չէ՝ ինչ կուսակցության հետ եմ դաշինքի գնում, միայն թե հայտնվեն խորհրդարանում։ Դա տխուր է։ Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի»։
Հարցին, թե այս ընտրություններն ինչո՞վ են տարբերվելու մյուսներից, ի՞նչն է պատճառը, որ կարող եք հուսալ, որ այս անգամ դուրս կգանք այս վիճակից՝ բանախոսն այսպես պատասխանեց. «Այն, ինչ իշխանությունները ձեռնարկում են ընտրությունների համար, դա վստահություն է նեշնչում՝ սկսած գրեթե բոլոր տեղամասերում կամերաներ տեղադրելուց, որը կարևոր է, վերջացրած բաց, ազատ դաշինքների ստեղծվելով, երբ ոչ ոք ոչ ոքի չի խանգարում»։
168.am-ի հարցին, թե որտեղի՞ց այն համոզմունքը, որ իշխանությունները չեն գնալու ընտրակեղծարարությունների, չէ՞ որ ասվում է, որ ընտրատեղամասերից դուրս էլ է այդ պրոցեսը գնում՝ ընտրակաշառքներ են բաժանվում և այլն, Մ. Տեր-Գուլանյանն այսպես պատասխանեց. «Նոր Սահմանադրությունը հետաքրքիր հնարավորություն է տալիս։ Նախկին ընտրություններում, ասենք, Կիրակոսյան Մարկոսն ասում էր՝ «շեֆ ջան, ես 2000 ձայն բերում եմ», հիմա այս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ այն մարդը, որ այդքան ձայն էր բերում, ինքն իր թեկնածությունը դնի։ Պարտադիր չէ, որ ինքը պատգամավոր դառնա, բայց ինքը կուսակցությանն է ձայն բերում։ Սահմանադրությունը շատ բան փոխեց, և ես կարծում եմ, որ այդ շատ բան փոխելու ընթացքում ընտրակաշառքը նույնպես գոնե պետք է նվազագույնի հասցվի, եթե չվերանա։ Երանի վերանա դա, որովհետև ամենաամոթ բաներից մեկն ընտրակաշառքն է, որ մենք տարիների ընթացքում մեր ժողովրդին սովորեցրել ենք, ժողովուրդն էլ այդ խայծը կուլ տվեց, 5000 դրամով, 10 հազար դրամով ձայն ծախել ու սկսել խոսել այն պատգամավորի դեմ, որին դու ընտրել ես»։
Մ. Տեր-Գուլանյանին շատ է ոգևորում նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի աշխատաոճը. «Ինձ ոգևորում է, թե ինչպես է ինքն աշխատում, և Աստված ուժ և համառություն տա վարչապետին, որ նա կարողանա անել իր նախագծերը։ Տեսանելի է դառնում, որ առաջիկայում Հայաստանում լավ բաներ են լինելու, բան է փոխվելու ու փոխվելու է դեպի լավը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։