«Վիգեն Սարգսյանի և Հոսեյն Դեհղանիի երկխոսության թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը». իրանագետ
«Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով պաշտոնական այց Իրան տեղի էր ունեցել 7 տարի առաջ: Այս 7 տարիների ընթացքում տեղի են ունեցել որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ, զարգացումներ տարածաշրջանում, և, բնականաբար, այս այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, ենթադրվում է, որ եղել են ավելի առարկայական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած այցին, նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Իրանի պաշտպանության և ԶՈՒ աջակցման հրավերով պաշտոնական այցով մեկնել է Իրան: Կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել իր համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Իրանագետի խոսքով՝ թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի շահերը բավական համադրելի են այս տարածաշրջանում՝ կապված պայքարի ընդհանուր օբյեկտի գոյության հետ. «Օրինակ՝ վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքից տեղի է ունեցել իսրայելական արտադրության ԱԹՍ-ների օգտագործում թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի դեմ: Այս առումով, ենթադրելի է, որ պետք է եղած լինեին որոշակի բանակցություններ նաև այս խնդրի շուրջ, քանի որ ԱԹՍ-ների դեմ պայքարը չափազանց կարևոր է: Ենթադրվում է, որ Իրանը շահագրգռված է ռազմական ոլորտում համագործակցել՝ նաև այլ խնդիրների հետ կապված, ինչպես՝ Ատրպատականի խնդիրը, պանթյուրքական հոսանքները»:
Ըստ իրանագետի՝ Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել նաև ռազմաուսումնական ոլորտում.
«Դրա մասին չի խոսվում՝ կապված Իրանի՝ հայտարարությունների մակարդակում դիրքորոշումների հետ, քանի որ Ադրբեջանի 85 տոկոսը շիայադավան է, ու այս համատեքստում շահարկվում է հայ-իրանական համագործակցությունը, և դա էլ ավելի կշահարկվի ռազմական համագործակցության դեպքում»:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում այցի հետ կապված տարբեր շեշտադրումներ կան: Իրանագետն ընդգծում է, որ նույնիսկ Ռուսաստանի գործոնն է շահարկվում.
«Ասվում է, որ այս համագործակցությանն Իրանը գնում է ՌԴ հրահանգով: Իրանը մեղադրվում է նաև այն բանում, որ ցանկանում է կործանել Ադրբեջանը, կամ ցանկանում է տեսնել ավելի թույլ Ադրբեջան: Շատ է շահարկվում այն փաստը, որ Իրանն Ադրբեջանի նման շիայադավան երկիր լինելով՝ գնում է համագործակցության քրիստոնյա երկրի հետ, և ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այնպիսի երկրի հետ, որն իրականացրել է շիայական կոտորած՝ շահարկելով Խոջալուի դեպքերը, որոնք խեղաթյուրված են»:
Իսկ իրանական լրատվամիջոցները, ըստ նրա, դրական են լուսաբանում Վիգեն Սարգսյանի այցը, անընդհատ շեշտում են երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
Ինչ վերաբերում է նախարարների հայտարարություններին, ապա նա նկատեց, որ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հայտարարությունը՝ կապված տարածաշրջանում ռազմական ճանապարհով խնդիրների լուծման անթույլատրելիության հետ, ինքնին շատ խոսուն է.
«Այս հայտարարությունից արդեն իսկ պարզ է, որ երկխոսության թեմաներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և ինչպես Հասան Ռոուհանին՝ Հայաստանում, այնպես էլ Իրանի պաշտպանության նախարարը՝ իրենց երկրում, հստակ շեշտադրեցին, որ Իրանի համար անընդունելի է խնդրի ռազմական ճանապարհով լուծումը: Ընդ որում, Իրանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ամեն ինչ անում է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»: