Բաժիններ՝

40 օրական երեխան մահացել է. բժշկուհին՝ ամբաստանյալի աթոռին

Վերաքննիչ դատարան է բողոքարկվել 40 օրական աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործով կայացված դատավճիռը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ բժշկուհին մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 2 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ վերաքննիչ դատարանին պաշտպանական կողմը միջնորդել է ճանաչել բժշկուհու անմեղությունը կամ որոշում կայացնել նշանակված ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու մասին։

Ինչում է մեղադրվում բժշկուհին

Նախաքննության ընթացքում բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 1985թ. աշխատելով «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում և 2010թ. հանդիսանալով ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի բժիշկ-մանկաբույժ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, քաջատեղյակ լինելով դեռևս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերն իր իսկ ցուցումով բուժում ստացած և 2015թ. փետրվարի 4-ի առավոտյան հարազատների ուղեկցությամբ բժշկական կենտրոն բերված մանկահասակ, 2014թ. դեկտեմբերի 24-ին ծնված աղջկան ընտանեկան բժշկի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտենստինալ սինդրոմ» նախնական ախտորոշմանը, չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման և հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հավելվածի պահանջները, այլ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք՝ չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար` պատճառաբանելով, որ հիվանդանոցն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ, և այդպիսով բաց թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման հիմնական և միակ ճիշտ մոտեցումը` հոսպիտալիզացիան, որի դեպքում հնարավոր կլիներ աղջկան ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն, ինչը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղված համապատասխան գործողությունները և կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում այլ բժշկական կենտրոն տեղափոխվող հիվանդին 2015 թվականի փետրվարի 4-ին անզգուշությամբ պատճառված մահը:

Ինչ ցուցմունք է տվել բժշկուհին

Ըստ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալ բժշկուհին առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ նախաքննության ընթացքում իրեն հորդորել են, որ ընդունի մեղքը, մեղավոր ճանաչի իրեն, որը գործի համար մեղմացուցիչ հանգամանք է, ուստի այդպես էլ գրել է, սակայն իրականում ինքը երեխայի մահվան մեջ մեղավոր չէ:

Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի ցուցմունքներն այն մասին, որ ինքը երեխայի մահվան մեջ մեղավորություն չունի, իրեն ոչ ոք չի հայտնել, որ երեխայի վիճակը ծանր է, հերքվում են ապացույցների բավարար համակցությամբ։

Ինչ եզրակացության են հանգել փորձագետները

Դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն` երեխայի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որն էլ պայմանավորված է հեմոռագիկ կոմպոնենտով ինտերստիցիալ թոքաբորբով, մակերեսային տրախեիտով, ներքին օրգանների միկրոցիրկուլյատոր խանգարումներով, սնուցախանգարումով և այտուցով, որոնք առկա են եղել կենդանության օրոք, և վերջիններն էլ բերել են մահվան:

Դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովային եզրակացության համաձայն` տեղամասային մանկաբույժի կողմից երեխայի վիճակը գնահատվել է ճիշտ, և կայացվել է ճիշտ որոշում` հոսպիտալիզացնել երեխային, սակայն «Հրազդան ԲԿ» ՓԲ ընկերությունում երեխան չի հոսպիտալիզացվել, չի հետազոտվել և չի ցուցաբերվել որևէ բուժօգնություն, որի կապակցությամբ պատճառաբանվել է, որ «Հրազդան ԲԿ» ՓԲ ընկերությունը չունի բավարար տեխնիկական հագեցվածություն, և երեխան ծնողների կողմից ոչ բժշկական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցով տեղափոխվել է Երևանի հիվանդանոց, ճանապարհին մահացել է: Նման պայմաններում, երբ անգամ երեխան ուղարկվում է Երևան, անհրաժեշտ է, երեխայի օբյեկտիվ ծանր վիճակից ելնելով, տեղափոխումը կատարել բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմոբիլով՝ անհրաժեշտության դեպքում անհապաղ շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար: Վերջինների կատարման ապահովման դեպքում, չի բացառվում, որ հնարավոր լիներ կանխել մահվան ելքը և երեխային կենդանի վիճակում հասցնել որևէ մոտակա հիվանդանոց: Նշված գործողությունների կատարումը պետք է ապահովվեր բժշկական կենտրոնի կողմից, և դրանց չկատարումը հանդիսանում է կազմակերպչական բնույթի բացթողում:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ ըստ գործի նյութերի տվյալների՝ երեխայի նկատմամբ հետազոտություններ չեն կատարվել, իսկ դրված ախտորոշումները համապատասխանել են երեխայի օբյեկտիվ վիճակին, որոնք հետագայում հաստատվել են դիակի դատաբժշկական փորձաքննությամբ: Երեխայի նկատմամբ գործնականում որևէ բուժում չի կատարվել, իսկ փաստացի կատարված միակ բուժումը՝ գլիցերինի մոմիկ դնելը, եղել է ախտանիշային, և այն չի կարող վատացնել կամ, ընդհակառակը, լավացնել երեխայի վիճակը:

Լրացուցիչ դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովային եզրակացության համաձայն` երբ տեղամասային մանկաբույժի կողմից երեխան բերվել է ստացիոնար, նշված բուժհաստատությունում, հաշվի առնելով մանկական ախտորոշումը` «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստիցիալ սինդրոմ» (որն ըստ էության հետագայում հաստատվել է դիակի դատաբժշկական փորձաքննությամբ), երեխայի հետ առնչված բոլոր բուժաշխատողները, ովքեր իրավասու էին երեխայի բուժման և հետազոտման գործընթացի համար, պարտավոր էին մինչև երեխայի այլ կլինիկա, տվյալ դեպքում՝ Երևան քաղաք, տեղափոխելը, տեղում կատարել առաջին անհրաժեշտության բուժական գործողություններ` թթվածնաբուժում, հակաբակտերիալ դեղորայքների ներարկում, ինչպես նաև կենսական ֆունկցիաների պահպանմանն ուղղված գործողություններ` հակաշոկային բուժումներ, ներերակային դեղորայքների ներարկումներ, որից հետո նոր կազմակերպել երեխայի տեղափոխումը մասնագիտացված բժշկական տրանսպորտով: Վերը նշված գործողությունների համալիր կատարումը կարող էր բարձրացնել երեխայի փրկվելու հավանականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս