Մանկական էգոիզմ
Մանկական եսասիրությունը դիտվում է` որպես երեխայի բնավորության բացասական հատկանիշների դրսևորման ձև։ Այն խնդիր և խոչընդոտ է հանդիսանում ոչ միայն փոքրիկի, այլև նրան շրջապատող մարդկանց համար։ Մանկական էգոիզմը պայմանավորված է անձնային շահի և օգուտի արտահայտմամբ։
Ընդ որում, երեխան իր պահանջները վեր է դասում բոլորի պահանջներից։ Առողջ եսասիրությունը ձևավորվում է երեխայի ձգտմամբ դեպի դրականը, հաճելին, ուրախը, դեպի այն ամենը, ինչը նպաստում է փոքրիկի ինքնահաստատմանը և զարգացմանը։ Դրա վառ ապացույցն է երեխայի անդադար ուշադրություն հայցելու միտումն այն ամենին, ինչը նա կառուցել է, կոտրել է, նկարել և ստեղծագործել։ Եվ այս ամենը արվում է ոչ թե ամենախելացին լինելու, այլ հասարակության, երեխայի դեպքում` ընտանիքում իր տեղը և դերն ունենալու նպատակով։
Երեխայի` ինչպիսին լինելը շատ հանգամանքներով կապված է մեծահասակի հետ։ Քանի որ երեխայի դաստիարակության հիմքում ընկած է սոցիալական և հասարակական նորմերին համապատասխանող էակ մեծացնելը, ապա շատ բացասական հատկանիշների հիմնաքարեր երեխայի մեջ դրվում են ծնողի ոչ ճիշտ մոտեցմամբ և ծառայած օրինակով։
Եսասիրությունը նույնպես համարվում է ոչ թե` ի ծնե, այլ` ձեռքբերովի վարքային հատկանիշ։
Ինչպե՞ս է ծնողը երեխային վերածում Եսասերի
Նորածնային շրջանից սկսած երեխայի մոտ արտահայտվում է սահմանային նորմատիվ էգոիզմ, ինչը բնական է ինքնապահպանման, ինքնաարտահայտման դեպքում։ Առաջին տարին բոլորած փոքրիկն իր պահանջներն արտահայտում է ճիչ հիշեցնող լացով` առանց հաշվի առնելու շրջապատի պահանջները, և դա նորմալ է, քանի որ հաղորդակցման միակ ձևն է։ Սակայն արդեն երեք տարեկանում, երբ սկսում է ձևավորվել երեխայի «ԵՍ»-ը, նա շրջապատում իրենից բացի` նկատում է այլ մարդկանց, հատկապես` ծնողների` որպես ցանկությունների իրականացնող։ Եվ միայն ճիշտ օրինակ ծառայելը և դաստիարակությունը կօգնեն փոքրիկին զերծ մնալ մանկական եսասիրությունից։ Իրականում մանկական եսասիրությունը բուռն զարգանում է ընտանեկան միջավայրում, սակայն հասակակիցների հետ հարաբերություններում այն միանգամից պատասխան հակազդում է ստանում։
Հետևաբար` ծնողները, հնարավորության դեպքում, հետևողական պետք է լինեն, որպեսզի երեխան շատ շփվի ընտանիքից դուրս միջավայրերում, սովորի խաղալիք տալ և վերցնել, օգնել և հրել, կռվել և հաշտվել։ Երկուստեք զգացողությունները հոգեկան զարգացումն առավել ներդաշնակ և հարմարեցված են դարձնում հասարակական միջադեպերի նկատմամբ։
Կարևոր նախապայմաններից է նաև երեխայի ամեն մի լավ արարքը բարձրաձայնելը և խրախուսելը։ Եթե միայն նախատինքը բարձրաձայնվի, ապա երեխայի մեջ կսկսվի չարության ծիլերի սերմանումը, և նա` համեմատվելով այլ երեխաների և նրանց արարքների հետ, կսկսի անառողջ մրցակցել, որը կհանգեցնի եսասիրության և կառաջնորդվի «ամեն ինչ միայն իրենն է» կարգախոսով։ Լուծումը մեկն է։ Պետք է երեխային բացատրել «չի կարելի» ասվածը։
Չծուլանալ և բացատրել ամեն անորոշ, պարտվող, նեղացնող, ինչ-որ բան չստացվող իրավիճակները։ Երեխան պետք է հասկանա, որ գոյություն ունեն հանդուրժողականություն, զիջելիություն, հոգատարություն և այլ հումանիստական մոտեցումներ, որոնք իրականում ուժեղ անհատականության դրսևորման ձևեր են, այլ ոչ թե թուլության։ Երեխային անհրաժեշտ է սովորեցնել` իր գործողություններից դուրս նկատել նաև իր ընկերների գործողությունները։ Օրինակ, մանկապարտեզից ձեր փոքրիկին վերցնելով` նրանից հետաքրքրվեք ոչ միայն իրենով, թե ինչ է նկարել նա, այլ նաև, թե ինչ էին նկարում իր ընկերները։
Առավել բարդ է, երբ եսասիրությունն արտահայտվում է դեռահասության տարիքում։ Այս տարիքն արտահայտվում է հասարակության մեջ ինքնահաստատվելու և սեփական կարևորությունը ցույց տալու պահանջմունքով։ Պահանջներն ու ցանկություններն առավել շատ և արտահայտված են լինում` ի տարբերություն փոքր տարիքի։ Եվ ծնողների ներշնչումը երեխային, որ նա միակն է, լավագույնն է, ամեն ինչ իրենն է, հետագայում շրջվում է ոչ միայն` հասարակության, այլ նաև` ծնողների դեմ։ Տանը մեծանում է ինքնասիրահարված, իր հնարավորությունները ոչ ճիշտ գնահատող, առավել խոցելի մարդ։ Ինչո՞ւ խոցելի, որովհետև նա իրականում չգիտի` մրցակցության մեջ ի՞նչ հնարավորություններ ունի, և ըստ այդմ` չի կարող համապատասխան պաշտպանվել։
Թվարկենք մեծահասակների տիպիկ սխալները, որոնք նպաստում են դեռահասի եսասիրության ձևավորմանը.
- Դեռահասի հնարավորությունների գերագնահատումը։ Պետք չէ խրախուսել առանց պատճառի, և պետք չէ լռել, երբ կա նույնիսկ մի փոքր ձեռքբերում։
- Նրա փոխարեն ինչ-որ պարտականության ստանձնում։
- Ծնողի անձնական եսասիրական օրինակը, որը դեմ է բարոյական արժեքներին և հանգեցնում է երեխայի մոտ ներքին կոնֆլիկտի առաջացման։
- Տնային աշխատանքի կամ տնային գործերի կատարման համար «կաշառքի» առաջարկում։
- Ընտանիքի անսահման, կենտրոնացած դաստիարակման միջամտությունը, ինչը հանգեցնում է երեխայի ցածր ինքնագնահատականի։
Հոգեբանի խորհուրդը. Ինչպե՞ս պայքարել մանկական Էգոիզմի դեմ.
- Չվերահսկել տարրական գործողությունները` առավոտյան արթնացում, կարևոր գործերի մասին հիշեցում, դասերի պատրաստման ընթացքի հետևում, ուտելիքի սպասարկում, և այլն։
- Հնարավորություն տալ երեխային իր գործողությունների կամ անգործության դեպքում ձեռք բերել բացասական փորձ։ Հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնել։
- Պետք է սովորեցնել իր ընկերների դրական ձեռքբերումների վերաբերյալ արտահայտվել դրական և հպարտությամբ։
- Անհրաժեշտ է ընդլայնել երեխայի սոցիալական միջավայրը և հնարավորություն տալ ապրել նրանում։
հոգեբան