«Եվա» ֆիլմն արցախյան պատերազմից հետոյի վախերի մասին է
Մեր զրուցակիցն է դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, ում հետ զրուցեցինք իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմի մասին։ Օրերս տարածվեց նաև ֆիլմի թիզերը, որից պարզ է դառնում, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Արցախում։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել անցյալ տարի Արցախում։
– Նարինե, օրերս համացանցում տարածվեց Իրան-Հայաստան համատեղ արտադրության գեղարվեստական «Եվա» ֆիլմի առաջին թիզերը, որը նկարահանվել է Արցախում։ Կմանրամասնե՞ք` ում էր պատկանում հայ-իրանական համատեղ ֆիլմ նկարահանելու գաղափարը։
– Իրականում իրանական կողմն է դիմել հայկական կողմին` համատեղ ֆիլմ նկարահանելու առաջարկով, և Հայաստանը միացել է նախագծին։ Ֆիլմում նկարագրվող պատմությունը տեղի է ունենում Ղարաբաղում։ Դերասանական կազմը հայեր են, իսկ նկարահանող կողմը, տեխնիկական անձնակազմը` ամբողջությամբ իրանցիներ, որոնք, բնականաբար, ոչ միայն հայերեն, այլև Արցախի բարբառը չգիտեին։ Իրանում ֆիլմը կցուցադրվի պարսկերեն ենթագրերով։ Քանի որ ֆիլմը բարբառով է, նրանց շատ բառեր ծանոթ էին Ղարաբաղի խոսքից, որովհետև այդ բարբառում պարսկական շատ բառեր կան։ Ինձ թվում էր, թե այդ բառերը թուրքական ծագում ունեն, սակայն ուրախացա, որ դրանք պարսկերեն բառեր են։
Օրինակ` «խի» (ինչո՞ւ) բառը։ «Եվա» ֆիլմը հետպատերազմյան գյուղի մի պատմություն է, այսինքն` պատերազմի վախերի մասին է։ Թրեյլերը սկսվում է հետևյալ խոսքերով. «Պատերազմն իր վախերը ունի, պատերազմից հետո` իր»։ Ֆիլմը պատերազմից հետոյի վախերի մասին է, այն մասին, թե մարդիկ ինչպես են փորձում վերածնվել, ինչպես են փորձում ոտքի կանգնել…
Սկզբնապես որոշվել էր ֆիլմն անվանել «Քարվաճառ», բայց իրանցիների համար դժվար արտաբերելի էր այդ անվանումը, հետո որոշվեց անվանել գլխավոր հերոսուհու` Եվայի անունով։ Շատ գեղեցիկ ֆիլմ է ստացվել։ Իրանական ֆիլմը բարձր մակարդակի վրա է, և ողջ խնդիրն այն է, որ նրանք ոչ թե փորձել են շատ ուժեղ անիմացիոն ֆիլմ ստանալ, այլ պարզապես մտել են մարդու հոգեբանության խորքը և փորփրում են` դրանով իսկ դառնալով յուրահատուկ։
– Ֆիլմի նկարահանումները ե՞րբ էին սկսվել։ Կարծեք թե այդ մասին շատ չի բարձրաձայնվել։
– Նկարահանումները սկսվել էին անցյալ տարի ամռանը, բայց չհասցրեցինք Դադիվանքը նկարահանել։ Վերջնաժամկետը սպառվեց, և իրանական կողմը պետք է տեխնիկան հետ տաներ Իրան։ Բացի այդ, Արցախը համարվում է ռիսկային գոտի։ Անահիտը շատ էր ցանկանում նկարել Դադիվանքի հետ կապված որոշ տեսարաններ, բայց երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, այդ պլանները հնարավոր չէր իրագործել։ Հետո ֆիլմի նկարահանումները շարունակ հետաձգվում էին։ Ի վերջո, որոշ տեսարաններ նկարահանվեցին Գեղարդում։
– Նարինե, որտե՞ղ կցուցադրվի ֆիլմը, պրեմիերան որտե՞ղ է նախատեսված անել։
– Իրանական կողմը որոշել է սկսել ֆիլմի միջազգային ցուցադրությունից` կա՛մ կցուցադրվի Կաննում, կա՛մ Վենետիկում, տեսնենք, թե որտեղ կորոշվի ցուցադրել։ Ես ֆիլմի աշխատանքային տարբերակն եմ նայել ու գուցե շատ սուբյեկտիվ եմ, սակայն այն ինձ շատ է դուր եկել։ Շատ սիրուն ֆիլմ է։ Ինձ համար շատ հետաքրքիր էր իրանցիների հետ աշխատանքը։ Իրանցիները բարեկամ ժողովուրդ են, ու իսկապես մենք այնքան հարազատ ենք իրար, այնքան սիրեցինք միմյանց մշակույթը։ Իսկապես մշակութային փոխանակություն է եղել` պարի, երգերի։ Իրենք մեր մասին այնքան սիրով էին խոսում։
– Դուք ֆիլմում մարմնավորում եք գլխավոր հերոսուհուն` Եվային։ Կմանրամասնե՞ք` ինչ կերպար է։
– Եվան իրականում շատ ուժեղ կին է։ Նա մասնակցել է պատերազմին` որպես բժշկուհի, հետո տարիներ անց Հայաստանից փախչում է Ղարաբաղի մի խուլ գյուղ, որ իրեն չդատեն, և հայտնվում է մի գյուղում, ու հենց այդ կնոջ հայացքով բացվում է մի գյուղի պատմություն, գյուղացիները, նրանց վախերը, նրանց պատմությունները, և այդ բոլորը պատերազմի հետևանքներն են, հետպատերազմյան վախերը։ Ֆիլմը շատ կամային ֆիլմ է։
– Ի՞նչ դերասանական կազմ է ընդգրկված «Եվա»-ում։ Ո՞վ է կատարել դերասանների ընտրությունը։
– Անահիտ Աբադը մեկ տարի հավաքում էր դերասանական կազմը։ Քասթինգը շատ մանրակրկիտ է արվել։ Ֆիլմում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Վրեժ Քասունին, Նանոր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը (Նարինե Գրիգորյանի ամուսինը), արցախցի դերասաններ ևս կային։
– Իսկ ինչո՞ւ որոշվեց ֆիլմում որպես հիմնական լեզու օգտագործել Արցախի բարբառը։
– Նույնիսկ, եթե գրական հայերենով լիներ, իրանցիների համար ենթագրեր էին օգտագործվելու։ Օրինակ, Ալբերտ Մկրտչյանը Գյումրիի մասին ֆիլմ նկարահանելիս օգտագործում էր Գյումրիի բարբառը, և դա ազնիվ է։ Եվ իրանցիները, որոնք նկարահանում էին ֆիլմը, այնքան էին սիրահարվել Ղարաբաղին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ շատ անհանգստացած զանգում ու գրում էին, ոմանք կատակով ասում էին, թե Ղարաբաղից ենք հարս տանելու։
– Նարինե, ներկայումս ի՞նչ նախագծի վրա եք աշխատում։
– Ես, երկու տարի է, ինչ երազում եմ մի բեմադրություն անել, անում եմ վավերագրական թատրոն։ Ինձ Գերմանիայից էին դիմել` անելու այդ ներկայացումը, որը կոչվելու էր «Պատերազմի երեխաները», և նույնիսկ տեղյակ էլ չէին, որ ես պատերազմի երեխա եմ եղել։ Պիեսը գրեց Սառա Նալբանդյանը, սակայն կազմակերպիչները հայտամրցույթը չշահեցին, և նախագիծն անավարտ մնաց, բայց մենք աշխատանքը սկսել էինք, և հիմա Համազգային թատրոնում պատրաստում եմ այդ ներկայացումը, որտեղ Արման Նավասարդյանը, Վարշամ Գևորգյանը և ես պատմում ենք մեր մանկությունը, որը համընկել է պատերազմի հետ։
Վարշամը Երևանի երեխա է, Արմանը` Շամշադինի, և ես` Ղարաբաղի։ Մեր պատմությունները խաչվում են իրար` ռմբակոծություններ, ցուրտ ու մութ տարիներ, սակայն, քանի որ այդ ամենը երեխաների կողմից է պատմվում, շատ ծիծաղելի է իրականում։ Դրանք մեր պատմություններն են։ Այդ ներկայացումը շատ թանկ է ինձ համար, քանի որ ես պատմում եմ այն մասին, որ հայրս պատերազմի ժամանակ գերի է ընկել։ Այս ներկայացումն այնքան կարևոր է ինձ համար։ Կարծում եմ` մարտին արդեն ներկայացումը պատրաստ կլինի, ապրիլին, ամենայն հավանականությամբ, կբեմադրվի։