Եսասիրությո՞ւն, այլասիրությո՞ւն, թե՞ անհատականություն
Անձնային դրսևորումը սոցիալական փոխհարաբերություններում արտահայտվում է երեք մակարդակով` եսասիրությամբ, այլասիրությամբ, անհատականությամբ։ Փորձենք հասկանալ` ո՞ր մակարդակն է առավել հումանիստական և ընդունելի։
Մշտապես վիճարկվել է հետևյալը` արդյո՞ք եսասիրությունը խրախուսվում է, եթե այն «չափի մեջ» է արտահայտված։ Եթե փորձենք բացատրել եսասիրություն (էգոիզմ) ասվածը. եսասիրությունը ենթադրում է, որ անհատը, նախևառաջ, կարևորում է սեփական հետաքրքրությունները և պահանջները, հետո նոր` շրջապատինը։ Նրա եսասիրության աստիճանը չափվում է ինքն իր հանդեպ ունեցած հետաքրքրությունների բազմազանությամբ։
Եսասիրությանն ի դեմ` գալիս է այլասիրությունը (ալտրուիզմը)։ Սա այն իրավիճակն է, երբ անհատը շրջապատի հետաքրքրությունները և պահանջները վեր է դասում սեփական հետաքրքրություններից և պահանջներից։
Եսասերն առավել նյութական է և ռեսուրսները հարմարեցնում է իրեն, այդ իսկ պատճառով նրա նյութական պահանջներն այս մակարդակում բավարարվում են։ Սակայն ստեղծագործական, հոգևոր զարգացման մակարդակում, իրական, այլ ոչ թե կեղծ ինքնաիրականացման փուլում, նա զարգացած չէ, քանի որ այդ պահանջմունքները կարելի է իրականացնել միայն «տալով, նվիրելով», իսկ եսասեր մարդը դա անել չի սիրում, նա գերադասում է ամեն գնով «ստանալ»։
Այլասերը, ընդհակառակը` նյութական մակարդակում պարտվում է։ Նրա պահանջմունքներն այս մակարդակում որոշակի միջնորդավորվածությամբ բավարարված են, նա ժամանակ չի վատնում դրանք իրականացնելու համար։ Այլասերը զբաղված է մարդկանց օգնելով։ Հոգևոր, ստեղծագործական, ինքնաիրականացման մակարդակում նա առավել շահեկան կարգավիճակում է, սակայն, կրկին իդեալական կերպարից հեռու։ Չնայած, որ այլասեր մարդն ունակ է «տալու», այն էլ` անսահման, նա միշտ մի կարևոր բան բաց է թողնում։ Այդ ինքնանվիրման գործընթացում, գրեթե միշտ, անհատը թուլացնում կամ լիովին քայքայում է ինքն իրեն, ինչը հանգեցնում է շատ արագ ինքնասպառման։
Մարդկային անհատի նման վառ արտահայտված իրարամերժ տեսակներ հազվադեպ են հանդիպում, նրանք հիմնականում լինում են այս երկու տեսակների խառնուրդը։ Ինչ-որ իրավիճակում մարդը եսասեր է, ինչ-որ իրավիճակում` օգնող, և միանշանակ հասկանալ, թե ինչպիսին է նա իրականում` երբեք չես կարող։
Որպես կանոն, այս երկու ծայրահեղություններն իդեալական չեն, և անհրաժեշտ է դրանք վերամշակել և միաձուլել։ Արդյո՞ք այդքան խնդրահարույց է` հակադրել ինքդ քեզ և աշխարհը` իրարու դեմ։ Այս ամենը սկզբնային սխալ է մարդկային հարաբերություններում, կամ էլ մարդկությունը դեռ չի հասունացել մինչ այդ հասկացությունը։ Մարդը պետք է լինի ո՛չ եսասեր, ո՛չ այլասեր, նա պետք է լինի` անհատականություն։ Անհատականություն լինել, նշանակում է` լավ վերաբերվել և՛ ինքդ քեզ, և՛ շրջապատին։ Անհատականությունը կարևորում է իր հետաքրքրությունները, որպեսզի իրագործի սեփական ընդունակությունները, սակայն, միաժամանակ, իրավահավասար կարևորում է դիմացինի հետաքրքրությունները և պահանջները։ Նրա կարգախոսներն են.
Սիրել ինքդ քեզ և դիմացինին։
Գնահատել ինքդ քեզ և դիմացինին։
Աշխատել ինքդ քեզ համար և դիմացինի։
Զբաղվել ինքնազարգացմամբ և օգնել դիմացինին ինքնազարգանալ։
Ապրել ինքդ քեզ համար և դիմացինի։
Այս ամենում ոչ մի հակասություն չկա։ Հակառակը, այն ստեղծում է որոշակի ներդաշնակություն, միասնություն։ Այն ամենը, որ անհատը ստանում է, և այն, ինչ տալիս է աշխարհին, ստեղծում է հավասարակշռություն և հարմոնիա։ Եթե մարդը սկսի տալ ավելին, քան նա կարող է, կսկսի քայքայել ինքն իրեն, ինչը կհանգեցնի ներքին ուժի թուլացման, նրա հնարավորությունների և առողջության սպառման։ Եթե նա սկսի տալ քիչ, քան պետք է, և կենտրոնացումը լինի միայն իր անձի շուրջ, ռեսուրսները միայն իր պահանջներին ծառայեն, ապա այս ամենը կհանգեցնի հետ զարգացման որոշակի մակարդակի և չինքնաիրականացման։
Անհատականության ռազմավարությունը նման է օրգանիզմի «առողջ բջիջ» հասկացությանը։ Այն հետևյալն է. աշխարհը` որպես մեծ օրգանիզմ, հետաքրքրված է, որպեսզի անհատը լինի այնպիսի բջիջ, որն իր դրական ներդրումը կունենա աշխարհստեղծման զարգացման մեջ։ Այս գաղափարում իր հետաքրքրվածությունն ունի նաև անհատը, քանի որ նա ինքնաիրականացման հնարավորություն ունի։ Այս ամենին ի պատասխան` աշխարհստեղծումն անհատին պարգևատրում է հետևյալ ռեսուրսներով` երջանկությամբ, մոտիվացվածությամբ, էներգիայով, կյանքի իմաստի ձեռքբերմամբ։
Վերը նշված ռազմավարությունից երկուստեք շահում են, սակայն անհրաժեշտ է հասունանալ և հասնել այդ գաղափարի ընկալմանը։ Եսասերի արարքներից տուժում է շրջապատը, այլասերի վարքից տուժում է նա ինքը, և միայն անհատականության վարքից է, որ, սկզբունքորեն, ոչ ոք չի տուժում, քանի որ փոխհարաբերության բոլոր մասնակիցներն ունենում են իրենց ակնառու հասանելիքը։
Բնականաբար, այս ամենը հեշտ չէ, քանի որ մարդու զարգացումն ինքնին հեշտ չէ։ Լինել եսասեր կամ այլասեր` ավելի դյուրին է, քան լինել Անձ, անհատականություն։ Դրա համար անհրաժեշտ է անսպառ ինքնազարգանալ, ինքնակերտվել։ Հենց սա է իրականում մարդու անհատական ճանապարհը, որի հաղթահարումը բերում է բավարարվածություն և ուրախություն։
հոգեբան