Մեծ փողերի վտանգը

Ուշադիր ընթերցողները, թերևս, նկատել են, որ Հայաստանի բանկերը վերջին շրջանում ակտիվացրել են իրենց գովազդները` վարկավորման հետ կապված։ Այսինքն, առաջարկում են վարկեր, ինչպես իրենք են ասում, շահավետ, ճկուն, աննախադեպ պայմաններով։

Կան բանկեր, որոնք առաջարկում են գործող վարկը մեկ այլ բանկից տեղափոխել իրենց մոտ` խոստանալով դրա դիմաց 2 տոկոսային կետով ավելի ցածր տոկոսադրույք կիրառել դրա նկատմամբ։ Այսինքն, եթե ձեր գործող վարկը X բանկում է` 20% տարեկան տոկոսադրույքով, ապա Y բանկն առաջարկում է` տեղափոխիր վարկիդ մնացած գումարն ինձ մոտ, և ես դրա համար կվերցնեմ 18% (տեղափոխելը հեշտ լուծվող տեխնիկական հարց է)։

Վերջին շրջանի բանկային գովազդներում սկսել է հաճախ երևալ նաև մեկ այլ նրբերանգ։ Որոշ բանկեր առաջարկում են վարկեր` առանց եկամուտների ֆինանսական վերլուծության։ Այսինքն, եթե ունեք գրավի առարկա` մեքենա կամ անշարժ գույք, բանկը պատրաստ է այդ գույքի գնահատված արժեքի որոշ տոկոսի չափով վարկ տալ` առանց քննարկելու, թե դուք որքան եկամուտ եք ստանում և ի վիճակի՞ եք սպասարկել ամսական մարումները։ Հավանականությունը, որ բանկի անվճարունակ հաճախորդների թիվը կավելանա, այս դեպքում մեծանում է։ Սակայն բանկը մտնում է այդ «գլխացավանքի» տակ։

Առաջին հայացքից` այստեղ ողբերգական ոչ մի բան չկա։ Հատկապես վարկառուների տեսանկյունից` ամեն ինչ անգամ հրաշալի է. կարող են հեշտ վարկեր ստանալ` առանց աշխատավարձի և այլ եկամուտների մասին վկայող տեղեկանքներ հայթայթելու։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ բանկերը վարկավորումը դարձրել են մատչելի։

Նախ, տոկոսադրույքի պահով։ Բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքի նվազեցումն ինչ-որ չափով պայմանավորված է ՀՀ ԿԲ-ի 2016թ. քաղաքականությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի փուլով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` տարեսկզբի 8.75%-ից տարվա վերջին այն հասցնելով 6.25%-ի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2.5 տոկոսային կետով նվազումը և դրամավարկային քաղաքականության մեղմացումը (օրինակ` արտարժույթով ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվի նվազեցումը) կարող էին նպաստել տոկոսադրույքների նվազեցմանը։ Սակայն սա ամբողջությամբ չի բացատրում բանկերի ներկայիս վարքագիծը։

Գլխավոր պատճառն այլ տեղ է թաքնված և գալիս է դեռ 2014թ. դեկտեմբերից։ Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ-ն այն ժամանակ փոխեց առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Գործող բանկերի համար փոփոխությունն ուժի մեջ էր մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։ Այդ պահի դրությամբ ՀՀ-ում գործում էր 21 առևտրային բանկ։ Նրանցից 5-ը որոշումն ընդունելու պահին արդեն իսկ համապատասխանում էր պահանջին` ընդհանուր կապիտալը 30 մլրդ դրամից ավելի էր։

Մնացած 16 բանկերը կամ պետք է 2 տարվա ընթացքում համալրեին կապիտալը, կամ հեռանային շուկայից։ Հեռացան 4-ը։ 2015-2016թթ. ժամանակահատվածում ՊրոԿրեդիտը միացավ Ինեկոբանկին, ԲՏԱ-Հայաստանը` Հայէկոնոմբանկին, Առկսիմբանկը` Արդշինբանկին, և Զարգացման հայկական բանկը` Արարատբանկին։ Շուկայում մնացած բանկերին գնալով ավելի քիչ ժամանակ էր մնում` կապիտալը համալրելու համար։ 2016թ. 3-րդ եռամսյակի վերջին` վերջնաժամկետից 3 ամիս առաջ, ԿԲ նոր պահանջին համապատասխանում էին թվով 7 բանկեր։ Մնացածն իրենց կապիտալը համալրեցին 2016թ. վերջին եռամսյակում։

Ավելին` որոշ բանկեր կապիտալի համալրման մասին հայտարարեցին Ամանորից մի քանի օր առաջ։ Սա նշանակում է, որ շատ կարճ ժամանակում` բանկային համակարգ ահռելի քանակությամբ փող մտավ (բաժնետերերի կողմից ներդրումների կամ բաժնետոմսերի թողարկման տեսքով)։ 2016թ. ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալիզացիան աճեց ավելի քան 135 մլրդ դրամով, որի զգալի մասը բաժին է ընկնում վերջին եռամսյակին (շուրջ 70 մլրդ դրամ)։ Այսինքն` բանկերի մոտ կարճ ժամանակում կուտակվեց մեծ կապիտալ, կամ, ինչպես ասում են, իրացվելիություն (սրանում համոզվելու համար կարող եք աչքի անցկացնել բանկերի իրացվելիության նորմատիվները, որոնք տարեվերջին կտրուկ աճել են)։

Հիմա հասանք ամենակարևոր մասին։ Ի՞նչ պետք է անեն բանկերն այդ ահռելի միջոցները։ Ճիշտ է` տեղաբաշխեն։ Ավելի պարզ ասած` այդ գումարները պետք է աշխատեցնել` վարկեր տրամադրել կամ պարտատոմսեր գնել, որպեսզի փողը «չքնի»։ Ամանորյա տոներն անցան, և բանկերը լծվեցին այդ գործին։ Եթե ուշադրություն դարձնեք, ապա կնկատեք, որ վարկավորման գովազդում առավել ակտիվ են այն բանկերը, որոնք կապիտալը նոր են համալրել։

Թվում է` սա լավ է, բանկային համակարգը սկսում է շնչել, վարկավորումն ակտիվանում է։ Բացի այդ` մեծ կապիտալը բանկին թույլ է տալիս վարկավորել մեծ պրոյեկտներ (քանի որ գոյություն ունի խոշոր վարկերի առավելագույն չափ` կախված կապիտալից)։ Սա հենց այն պատճառներից մեկն է, որով ԿԲ-ն հիմնավորում էր բանկերի խոշորացմանը տանող իր որոշումը։ Սակայն այս գործընթացը մի մեծ թաքնված վտանգ է պարունակում։ Կապիտալը հնարավորինս արագ տեղաբաշխելու` բանկերի ձգտումը հանգեցնելու է վարկառուների թվի աճի։

Իսկ այսօր, գաղտնիք չէ, շատերը փողի կարիք ունեն, և թեկուզ օրվա կարիքները հոգալու համար` համաձայն են ցանկացած պայմաններով վարկ վերցնել։ Ու երբ բանկը չի հետաքրքրվում` մարդը հնարավորությունի ունի՞ սպասարկել վարկը, նորմալ եկամուտ ունի՞, ապա տվյալ վարկը դառնալու է իսկական գլխացավանք այդ մարդկանց համար։ Առանց եկամուտների ուսումնասիրության տրվող վարկերը, որպես կանոն, բարձր տոկոսադրույքներով են և գրավով ապահովված։

Կայուն եկամուտ չունեցող վարկառուն կամ հայտնվելու է լուրջ խնդիրների առաջ, կամ կորցնելու է գույքը։ Իսկ կարելի՞ է այս ռիսկը կանխել, և եթե այո` ո՞վ պետք է դա անի։ Իհարկե, Կենտրոնական բանկը։ Ավելին ասենք` նախադեպն էլ ունենք` ԵԱՏՄ մեր գործընկեր ՌԴ-ի օրինակով։

Այս տարվա հունվարի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանն ու ԿԲ-ին հանձնարարեց խստացնել բանկերի պատասխանատվությունը` բնակչության գերվարկավորման համար։ Նախաձեռնության նպատակն է` պայքարել բանկերի` նոր վարկառուներ ներգրավելու ագրեսիվ քաղաքականության դեմ։ Մասնավորապես, առաջարկվում է բանկերին պարտավորեցնել ստուգել պոտենցիալ վարկառուների պարտավորություններն այլ վարկերի գծով։

Եթե պարզվի, որ վարկային պայմանագիրը կնքելու պահին հաճախորդի ամսական եկամուտների և վարկի գծով վճարումների հարաբերակցությունը բարձր է ԿԲ-ի կողմից սահմանված շեմից, ապա բանկն իրավունք չի ունենա հաճախորդից պահանջել մարել ժամկետանց պարտավորությունը։

ՌԴ ֆինանսական կարգավորիչն ու կառավարության պաշտոնյաները պետք է մինչև 2017թ. մարտի 1-ն առաջարկներ ներկայացնեն` մեծ վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների վարկավորումը սահմանափակելու վերաբերյալ։ Իհարկե, հավատում ենք այն պնդումներին, որ ԵԱՏՄ-ի համեմատ` մեր բանկային համակարգն ավելի կայացած է, իսկ ԿԲ-ն` ավելի պրոֆեսիոնալ։ Սակայն երբեմն կարելի է օրինակ վերցնել նաև մյուսներից։

Տեսանյութեր

Լրահոս