Բաժիններ՝

Գազի ներկրումը նվազել է, սպառումը՝ ավելացել

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հրապարակել է 2016 թվականի ընթացքում բնական գազի ներկրման և իրացման ցուցանիշները։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ 2016 թվականին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 1864.6 մլն խմ բնական գազ։ Նախորդ տարի՝ 2015 թվականին ներկրվել էր 2000 մլն խմ։ Այսինքն, ՌԴ-ից գազի ներկրման ծավալները նվազել են ավելի 136 մլն խմ-ով կամ 6.8%:

Ուշագրավն այն է, որ ներքին բաշխման համակարգում իրացված գազի ծավալները հակառակը՝ աճել են 24.2 մլն խմ-ով կամ 1.3%-ով։

Ընդ որում, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 2015-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, իրացման ծավալները նույնպես նվազել էին՝ մոտ 8%-ով։ Սա նշանակում է, որ տարեկան կտրվածքով աճը գրանցվել է 4-րդ եռամսյակում։

Թվերը թույլ են տալիս հաշվել նաև միայն 4-րդ եռամսյակի աճը։ Այսպես, 2016 թվականի միայն 4-րդ եռամսյակում իրացվել է 726.7 մլն խմ գազ՝ 2015 թվականի 4-րդ եռամսյակի 605.8 մլն խմ-ի դիմաց։ Այսինքն, տարեվերջյան գազասպառումն աճել է մոտ 20%-ով։

Սա կարող է պայմանավորված լինել ցուրտ ձմռան հանգամանքով։ Գազի սպառման վիճակագրությունը ներկայացվում է եռամսյակային պարբերականությամբ, սակայն կարելի է ենթադրել, որ հիմնական աճը բաժին է ընկել դեկտեմբեր ամսին։

Ասվածի մասին անուղղակիորեն վկայում է նաև այն փաստը, որ 2016-ին բնակչության կողմից սպառված գազի ծավալներն աճել են ավելի քան 10%-ով, իսկ արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների ընկերությունների և գազալցակայանների կողմից սպառված գազի ծավալները նվազել են։

Տեղեկացնենք, որ 2016 թվականին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են, համապատասխանաբար, 420 և 173.1 մլն խմ: 581 մլն խմ բնական գազ է իրացվել բնակչության և 467.3 մլն խմ՝ ԱԳԼՃԿ-ների կողմից: Այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները կազմել են 202.8 մլն խ.մ:

Նույն տրամաբանությամբ՝ կարելի է կանխատեսել, որ գազի սպառման ծավալը 2017 թվականի հունվարին ավելի մեծ կլինի, որը կհանգեցնի նաև եռամսյակային աճին։ Սպառման աճին նպաստելու է ոչ միայն ցուրտ եղանակը, այլ նաև այն հանգամանքը, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել բնական գազի նոր՝ ավելի ցածր սակագները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս