
ՄԻՊ ներկայացուցիչները բարձրացրել են Արարատ Խանդոյանի պատժախցի պայմանների բարելավման հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 27-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող կալանավորված անձ Արարատ Խանդոյանին` վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանի բանավոր բողոքի հիման վրա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ Արարատ Խանդոյանը 2017 թվականի հունվարի 26-ին մեկուսացվել և տեղափոխվել է պատժախուց: 2017 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ Արարատ Խանդոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Խանդոյանի հետ առանձնազրույցից և պատժախցի պայմանների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատժախցի պայմանները բավարար չեն՝ այդ թվում բացակայում է պատուհանի ապակու մի հատվածը, որը փակված է ստվարաթղթով:
Արարատ Խանդոյանի և նրա պաշտպանի բողոքների, ինչպես նաև այցի արդյունքների հիման վրա արդեն իսկ բարձրացվել է Արարատ Խանդոյանի պատժախուցը փոխելու հարցը: Պաշտպանի կողմից նախաձեռնվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ արդարադատության նախարարությունից: