Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է իր կյանքից գոհ. ՎԶԵԲ զեկույցի
Որքանո՞վ են մարդիկ գոհ իրենց կյանքից։ Այս թեմայով ամենատարբեր հետազոտություններ կան, որոնց համաձայն՝ կանայք իրենց կյանքից ավելի գոհ են, քան տղամարդիկ։ Կամ՝ առավել երիտասարդ ու առավել տարեց մարդիկ ավելի քիչ են դժգոհում իրենց կյանքից, քան միջին տարիքի մարդիկ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքից բավարարվածության վրա ազդում են ամենատարբեր գործոններ՝ կրթությունը, եկամուտը, առողջությունը, գործազրկությունը և այլն։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) փորձել է պարզել, թե որքանով են իրենց կյանքով գոհ, այսպես կոչված, անցումային տարածաշրջանի երկրների բնակիչները (այս տարածաշրջանի մեջ ներառվել են այն երկրները, որտեղ ՎԶԵԲ-ը գործունեություն է ծավալում)։ Արդյունքները ներկայացված են «Life in Transtion» զեկույցում։
Զեկույցի հեղինակները տարբեր երկրներում հարցման մասնակիցներին խնդրել են պատասխանել, թե որքանով են նրանք համաձայն հետևյալ պնդմանը՝ «Բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ հիմա ես իմ կյանքից գոհ եմ»։ Հարցումը անցկացվել է 2006, 2010 և 2016 թվականներին։
Գծապատկեր 1.1-ը ցույց է տալիս այն մարդկանց տեսարար կշիռը, ովքեր համաձայն են եղել վերը նշված պնդմանը։
Ինչպես տեսնում եք՝ Հայաստանում 2016 թվականին իրենց կյանքից գոհ են եղել հարցվածների 30%-ը։ Սա բավականին ցածր ցուցանիշ է։ Ավելի ցածր ցուցանիշ ունեն միայն Ուկրաինան, Մոլդովան և Հունաստանը։ Միակ ուրախալի բանն այն է, որ 2006 և հատկապես 2010 թվականի համեմատ՝ իրենց կյանքից գոհ մարդկանց կշիռն աճել է։
«Ամենաերջանիկը» Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներն են։ Օրինակ, Տաջիկստանում և Ղրղզստանում իրենց կյանքից գոհ են հարցվածների 75%-ը, իսկ Ուզբեկստանում՝ 90%-ից ավելին։
Վերադառնալով Հայաստանին՝ նշենք, որ ըստ զեկույցի, Հայաստանում կյանքից բավարարվածության մակարդակը կանանց և տղամարդկանց մոտ գրեթե նույնն է։
Իսկ ահա ըստ տարիքի՝ այն տարբերվում է։ 55 տարեկանից բարձր մարդկանց շրջանում իր կյանքից գոհ է հարցվածների մոտ 1/5 մասը։ 25-ից 54 տարեկանների շրջանում կյանքից գոհ մարդկանց կշիռը մոտ 27% է։ Իսկ ամենաերջանիկը 18-24 տարեկաններն են. Հայաստանում այս տարիքի մարդկանց մոտ 55%-ը գոհ է իր կյանքից։