«Թրամփը դեռ շատ հեռու է ԼՂ հակամարտության կարգավորումից». Հարութ Սասունյան
Հունվարի 20-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում` Կապիտոլիումի բլրում, կայացավ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Նորընտիր նախագահը երդմնակալությունից հետո իր ելույթում նշեց, որ իշխանությունը Վաշինգտոնից փոխանցում է ժողովրդին։
Ըստ նրա` ոչ թե Կառավարությունը պետք է ղեկավարի ժողովրդին, այլ ժողովուրդը` Կառավարությանը։ «2017 թվականն այն տարին է, երբ երկիրը կրկին կվերադարձվի ժողովրդին։ Այս պահը պատկանում է ձեզ։ Այս երկրի մոռացված տղամարդիկ և կանայք այլևս մոռացված չեն լինի։ Այժմ բոլորը կլսեն ձեզ»,- ասել է նա։
«Շատ տասնամյակներ մենք հարստացրել ենք օտարների տնտեսությունը` ամերիկյան տնտեսության հաշվին։ Ֆինանսավորել ենք օտարների բանակը` հանդուրժելով մեր բանակի տկարացումը, մենք պաշտպանել ենք օտարների սահմանները` հրաժարվելով պաշտպանել մեր սահմանները։ Մենք տրիլիոններ ենք վատնել արտասահմանում, երբ Ամերիկայի ենթակառուցվածքները շարքից դուրս էին գալիս և ժանգոտում։
Մենք այլ երկրները դարձրել ենք հարուստ, երբ հարստությունը, հզորությունը, վստահությունը մեր երկրի հանդեպ հորիզոնից անհետացել է։ Մեկը մյուսի հետևից փակվել են գործարաններ, տնտեսությունը տեղափոխվել է այլ երկրներ, և չեն մտածել լուսանցք մղված միլիոնավոր ամերիկացի բանվորների մասին։ Միջին դասի հարստությունը թալանվել է, դուրս է հանվել և բաժանվել ամբողջ աշխարհով մեկ։ Բայց սա այլևս անցյալ է, հիմա մենք դեպի ապագա ենք նայում»,- ասել է ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը` ըստ էության անդրադառնալով ԱՄՆ արտաքին քաղաքականությանը` նախանշելով իր առաջնահերթությունները։
Թեև նախագահ Թրամփը փորձում է իր քաղաքականությունը հստակորեն առանձնացնել նախորդ աշխատակազմի քաղաքականությունից, իրեն դիրքավորելով` որպես ԱՄՆ-ի ներքին խնդիրների վրա կենտրոնացած գործիչ, փորձագետները վստահ չեն, որ նա բեկումնային փոփոխություններ է մտցնելու ամերիկյան արտաքին քաղաքականության ուղենիշներում։
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթը հաստատեց այն, ինչ նա ասել էր բազմաթիվ անգամներ. նա ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը ավելի հաջողակ երկիր դառնա թե ներքին, թե արտաքին հարաբերությունների տեսանկյունից։
«Այսօր հարցն այն է, որ նա ունի հետևորդների մի լայն զանգված, որոնք հավանում են իր այս գաղափարը, իսկ հասարակության մյուս կեսը չի հավանում, որի հետևանքով երկիրը բաժանվել է երկու մասի, և պարզ չէ, թե զարգացումներն ինչ ուղով կընթանան»,- ասաց Հարութ Սասունյանը։
Վերջինս գտնում է, որ շատ մեծ անորոշություն է պահպանվում նաև երկրի արտաքին քաղաքականության ոլորտում։ Նրա համոզմամբ` որևէ մեկն այսօր չի կարող կանխատեսել, թե ինչ ուղիով կընթանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, թեև թե՛ Թրամփը, թե՛ Պուտինը մի քանի անգամ արտահայտել են իրենց բարի տրամադրվածությունը միմյանց հանդեպ։ «Եթե այդ բարի կամքը դրսևորվի կոնկրետ քայլերով և արդյունք տա, ապա դա շատ դրական կլինի աշխարհակարգի և միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Բնականաբար, եթե երկու մեծ երկրները միմյանց հետ լեզու գտնեն, ապա Հայաստանի նման փոքր երկրների համար շատ ավելի հեշտ կլինի նավարկել և իր խնդիրներին լուծում գտնել»,- նման հույս հայտնեց Հարութ Սասունյանը։
Անդրադառնալով «Վաշինգտոն թայմս» պարբերականի հոդվածագրի հույսերին, թե հանրապետական նախագահը կարող է Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ջանքեր ներդնելու համար, Սասունյանն ասաց, որ հեղինակի հոդվածը շատ մեծ ենթադրություն է, որովհետև Թրամփը դեռ նոր է սկսում իր պաշտոնավարումը, և որևէ կարծիք, տրամադրվածություն չի արտահայտել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։ «Նա դեռ շատ հեռու է Նոբելյան մրցանակից և ԼՂ հարցը լուծելուց»,- նկատեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչը։