Ռուսաստանը լավատեսորեն է տրամադրված Թրամփի նախագահության նկատմամբ
Ռուսաստանում դրական են արձագանքում Դոնալդ Թրամփի նախագահի երդմնակալությանը: Որոշ երգիչներ անգամ երգեր են նվիրում նրան: Շատերն այստեղ հույս ունեն, որ Թրամփի նախագահության օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կբարելավվեն: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Հույս ունեմ մենք կդառնանք ընկերներ և մեր երկրները կմերձենան: Սակայն դա անկանխատեսելի է: Կարծում եմ ոչ ոք չի կարող ասել վստահորեն, թե ինչ տեղի կունենա: Կտեսնենք: Լինենք լավատես»,- ասում է գյուղատնտեսական ոլորտի գործարար Կատյա Բուրդայվան:
Թրամփի հաղթանակն այստեղ կոչում են հեղափոխություն ամերիկյան քաղաքականության մեջ: Միևնույն ժամանակ քչերը գիտեն, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Թրամփը Ռուսաստանի նկատմամբ և ինչպիսին կլինեն նրա հարաբերությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Պուտինը լի է անորոշությամբ, և դա է նրա քաղաքականության էությունը: Պարզ չէ, թե ինչ տեղի կունենա, երբ հանդիպեն անորոշության առաջնորդն ու նոր հեղափոխության առաջնորդը: Ակնհայտ է, սակայն, որ Ռուսաստանը ստացել է հնարավորություն լուրջ համաձայնություն կնքելու համար»,- ասում է Կրեմլի նախկին խորհրդական Գլեբ Պավլովսկին:
Թրամփի երդմնակալությանը առիթով «Ռուսական բանակ» խանութների ցանցը, որը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, ԱՄՆ-ի քաղաքացիներին առաջարկում է զեղչեր:
«Այս ակցիայի միջոցով մենք ծանոթացնում ենք ամերիկացիներին մեր ապրանքների հետ և հույս հայտնում, որ մեր երկրների միջև հարաբերությունները կջերմանան», – ասում է «Ռուսական բանակ»-ի մամլո խոսնակ Եկատերինա Կորոտկովան:
Այդ նույն խանութը 2015 թվականին առաջարկում էր խաղալիքներ ու հագուստ՝ նվիրված Ղրիմի բռնակցմանը:
Ուկրայինայում Ռուսաստանի գործողությունների հետևանքով Արևմուտքը կիրառեց պատժամիջոցներ: Ներկայումս Կրեմլը հույս ունի, որ նախագահ Թրամփի օրոք դրանք կվերացվեն: