Ինչպես պետական գնումների մրցույթների մասին տեղեկություններ ստանալ
Հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդրել է մի համակարգ, որով պետական գնումների մրցույթին մասնակցող ցանկացած անձանց և կազմակերպությունների տվյալները, ներկայացված հայտերն ու առաջարկությունները հասանելի են դառնում բոլորին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով` մրցույթի բացումից անմիջապես հետո ցանկացած անձ կարող է տեղեկացվել, թե ո՞վ և ինչպիսի՞ առաջարկ է ներկայացրել:
«Արդյունքում` մենք հուսով ենք, որ հասարակության վերահսկողությունը կմեծանա, և հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող են բավարարվել համակարգի միջոցով: Հուսով ենք, որ հասարակությունը հետամուտ կլինի և կաջակցի մեզ: Ինքներս ենք ուզում, որ պետական միջոցները ծախսվեն հնարավորինս արդյունավետ: Հասարակության վերահսկողության արդյունքում մենք աչալուրջ և հետամուտ ենք լինելու բոլոր ներկայացված դիտողություններին և առաջարկություններին»,- նշեց Կարեն Թամազյանը:
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրենք նախատեսում են նաև ARMEPS-ի կայքում հրապարակել դիմողների կամ պատվիրատուների հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ: Նրա վստահեցմամբ, այս պահին սա միակ տեսանելի ճանապարհն է, որպեսզի հասարակությունը կարողանա զսպաշապիկ հագցնել թե պետական մարմիններին, թե մրցույթի մասնակիցներին:
Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության գնումների գործընթացի կարգավորման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է մուտք գործել ARMEPS համակարգ և տեսնել տեղադրված հայտերը:
Պետական գնումների մրցույթների հայտերը բացվելուց անմիջապես հետո դրանք հասանելի են լինում ARMEPS.am կայքում, որտեղ մուտք գործելով և սեղմելով ձախ անկյունում գտնվող «Հայտեր» հավելվածի վրա` կարելի է ծանոթանալ գնումների համար ներկայացվող հայտերից յուրաքանչյուրում պարունակվող մասնակից կազմակերպությունների և նրանց կողմից ներկայացված ֆինանսական և որակական առաջարկությունների վերաբերյալ տեղեկություններին: Այնտեղ կարելի է ծանոթանալ ինչպես դեռ գնահատման փուլում գտնվող մրցույթների հայտերին, այնպես էլ արդեն հաստատվածներին: Այնուհետև, որպես հասարակության վերահսկողության տարր, ARMEPS.am կայքում առկա հայտերից յուրաքանչյուրի ծածկագրով կարելի է մուտք գործել գնումների կայք` gnumner.am, որտեղ հրապարակվում են գնումների հետ առնչվող ավելի լայն տեղեկությունները: Մուտքագրելով ծածկագիրը` կարելի է ծանոթանալ գնումների մասին հայտի բոլոր տեղեկություններին` թե ով է հաղթող ճանաչվել, ում հայտն է մերժվել և այլն:
«Այս համակարգն, ըստ էության, հնարավորություն է տալիս տեսնել հայտերը և դրանց հետ կապված մանրամասները, ինչի արդյունքում հանրային վերահսկողության միջոցով պատվիրատուները զերծ կմնան կամայականություններ թույլ տալուց»,- ասաց Վահե Մահտեսյանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը զբաղվում է պետական գնումների քաղաքականության մշակմամբ: 2016 թվականի վերջին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվեց և այս տարվա հունվարի 14-ին Նախագահի կողմից վավերացվեց պետական գնումների մասին նոր օրենքը, որի նպատակը և արդյունքները ավելի թափանցիկ և արդյունավետ գնումների ապահովումն է, որպեսզի պետական մարմինները կարողանան հնարավորինս ցածր գնով ու իրենց պահանջներին համապատասխանող ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել: Այդ նպատակով 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդրել է ARMEPS համակարգը:
Ինչպես բոլոր առցանց համակարգերի, այնպես էլ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի աշխատանքների կատարելագործման ուղղությամբ պարբերաբար կատարվում են բարեփոխումներ: Մասնավորապես,էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով գնման գործընթացների կազմակերպման ընթացքում՝ գնահատման փուլում, մասնակիցների ներկայացրած հայտերի բացումից հետո այդ հայտերի տեսանելի չլինելը բոլոր մասնակիցների կարեւոր խնդիրներից մեկն է , որը նկատվել է նախկինում աշխատանքների կա զմակերպման մշտադիտարկման և վերլուծության արդյունքում: Միևնույն ժամանակ, նշված համակարգի միջոցով պատրաստած հայտերի ներկայացումից հետո առաջանում էին դրանք բացելու հետ կապված խնդիրներ:
Ելնելով վերոնշյալից՝ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում կատարվել են ծրագրային փոփոխություններ, որոնց արդյունքում
- Գնումների ARMEPS համակարգում հայտերը բացելուց հետո ներկայացված հայտերը ավտոմատ կերպով հասանելի են դառնում հանրությանը, այդ թվում՝ բոլոր մասնակիցներին: Բարեփոխման արդյունքում բարձրացել է գնումների ընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության, հետևաբար նաև հասարակության կողմից վերահսկողությա� � աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովի հնարավոր սուբյեկտիվ, հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշումների կայացումը:
- Մինչ գնման ընթացակարգին հայտի ներկայացումը ARMEPS համակարգը ավտոմատ կերպով իրականացնում է տվյալ հայտի ստուգումը, և եթե այն համակարգ վերբեռնելու համար սահմանված պահանջներին չի համապատասխանում , հայտը չի ընդունվում՝ մասնակցին ներկայացնելով կատարված բացթողումը: Այս գործառույթի իրականա ցման արդյունքում կնվազեն նշված համակարգի միջոցով պատրաստված հայտերը չբացելու հետևանքով այդ հայտերի մերժման դեպքերը, ինչն էլ կհանգեցնի մրցակցության աստիճանի բարձրացմանը: