
«Ուեյն Ռունին լավագույն բրիտանացի ֆուտբոլիստն է, ում դեմ ես խաղացել եմ». Լիոնել Մեսսի

Արգենտինացին բացել է մի քանի գաղտնիքներ:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է մոտիվացիայի, Անգլիայում կարիերայի և ֆուտբոլիստների հետ կապված հարցերի:
«Ինձ համար մոտիվացիան ակումբի և հավաքականի հետ տիտղոսներ նվաճելն է: Ահա թե ինչու ես երբեք հետ չեմ շրջվում հաջողություններս տեսնելու համար»:
Այն հարցին, թե արդյո՞ք Մեսսին կխաղա Անգլիայի Պրեմիեր լիգայում, արգենտինացին պատասխանել է. «Ես միշտ ասել եմ, որ «Բարսելոնան» ինձ տալիս է այն ամենը, ինչ պետք է, դրա համար էլ ես այնքան երկար ժամանակ կլինեմ այստեղ, որքան նրանք կցանկանան»:
Լավագույն անգլիացի ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել է, Մեսսին անվանել է Ռունիին.
«Երկար տարիների ընթացքում մենք շատ բրիտանական թիմերի և գերազանց ֆուտբոլիստների հետ ենք խաղացել, բայց ինձ մոտ մեծ հարգանք է առաջացրել Ուեյն Ռունին: Նա երկար տարիներ խաղում է բարձրագույն մակարդակում և հանդիսանում է մեր սերնդի առանձնահատուկ ֆուտբոլիստներից մեկը»,- հայտարարել է արգենտինացին Coachmag-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը