«ՀՀ վարչապետին ներկայացվող նոր պահանջները ներկայացվելու են միայն 2018 թվականից». սահմանադրագետ Վարդան Պողոսյան
Ամանորյա տոներից առաջ և հետո լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել է 2017թ. խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ այն անձը, ով վերջին 4 տարիներին բնակվել է Հայաստանում: Կարեն Կարապետյանը 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ՝ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը:
Եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի կարող նաև ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում: Դե յուրե 2018 թվականի ապրիլին նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, և վարչապետը կդառնա երկրի առաջին դեմքը:
Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի քննարկման առարկա դարձած դրույթները խնդրեցինք մեկնաբանել ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նախկին հանձնաժողովի անդամ, նոր Սահմանադրության համահեղինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:
– 2018 թվականին վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջներն ի՞նչ են ենթադրում. կխնդրեի մանրամասնել 731 օրվա, այլ ոչ՝ 4 տարի մշտապես բնակվելու պահանջը: Դա ինչպե՞ս է կարգավորվելու:
– Ի տարբերություն 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության, որը վարչապետի և նախարարների համար սահմանում էր միայն ՀՀ քաղաքացիության պահանջ, 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը վարչապետի և կառավարության մյուս անդամների վրա տարածում է պատգամավորին ներկայացվող պահանջները (Սահմանադրության 148-րդ հոդված): Սահմանադրական այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2018 թվականից, այսինքն՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու պահից: Իսկ պատգամավորին ներկայացվող պահանջները սահմանված են Սահմանադրության 48-րդ հոդվածով, որը, ի թիվս այլոց, նախատեսում է վերջին չորս տարում ՀՀ-ում մշտական բնակության ցենզ:
Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված է, որ մշտական բնակության ցենզի պահանջին բավարարելու համար պարտադիր չէ ամբողջ 4 տարին անընդմեջ ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ բավարար է 4 տարվա ուղիղ կեսից մեկ օր ավելի բնակվելը: Եթե այդ պահանջներին որևէ թեկնածու բավարարում է, իհարկե 48-րդ հոդվածի նշված մյուս պահանջները հաշվի առնելով, ուրեմն՝ նա իրավունք ունի առաջադրվել՝ որպես պատգամավորության թեկնածու: Այսինքն՝ ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք իրեն կարող է ընդգրկել ընտրական ցուցակում:
– ՀՀ վարչապետին ներկայացվող Սահմանադրության նշյալ պահանջն արդյո՞ք անփոփոխ պահանջ է, թե՞ դրանում կարող են լրացումներ կատարվել առանց հանրաքվեի՝ հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ ԱԺ-ին նույնպես վերապահվել է Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու հնարավորություն:
– Պատգամավորին ներկայացվող պահանջները հնարավոր չէ փոփոխել խորհրդարանի միջոցով, քանի որ Սահմանադրության 48-րդ հոդվածի դրույթն ընդգրկված է Սահմանադրության 2-րդ՝ «Հիմնական իրավունքներ և ազատություններ» գլխում, իսկ Սահմանադրության 209-րդ հոդվածի համաձայն՝ 1-3-րդ գլուխները, ինչպես նաև մի շարք այլ գլուխներ և հոդվածներ, կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով: Ինչ վերաբերում է Սահմանադրության 148-րդ հոդվածին, ապա այս հոդվածը ներառված չէ միայն հանրաքվեով փոփոխվող հոդվածների շարքում, և իրավաբանորեն այդ դրույթը կարող է փոփոխության ենթարկվել Ազգային ժողովի կողմից (Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մաս):
– Իսկ 731 օրվա պահանջն ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում:
– Ընտրական օրենսգիրքը դա չի մանրամասնում, բայց քանի որ խոսքն օրերի մասին է, դա նշանակում է, որ հաշվարկվում են ինչպես՝ աշխատանքային, այնպես էլ՝ ոչ աշխատանքային օրերը: Հաշվարկի սկիզբը լիազոր մարմնին դիմում ներկայացնելն է: Պատգամավորության թեկնածուն պետք է դիմի լիազոր մարմին, այսինքն՝ Ոստիկանության համապատասխան բաժին, և այդ դիմումի ներկայացման օրվանից սկսած հաշվարկ է կատարվում, թե արդյո՞ք նախորդող 1461 օրերի ընթացքում նա 731 օր ֆիզիկապես գտնվել է ՀՀ-ում: Այդ օրերին գումարվում են նաև այն օրերը, երբ հանրապետությունից բացակայությունը պայմանավորված է եղել հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրի որևէ բուհում ուսումնառության հանգամանքներով: Մնացած բոլոր դեպքերում 731 օրվա պահանջն անհրաժեշտ է: Եթե թեկնածուն բավարարում է այդ պահանջը, ուրեմն՝ Ոստիկանությունը պարտավոր է համապատասխան տեղեկանք տրամադրել, որ թեկնածուն վերջին 4 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում:
– Հիմա քննարկվում է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրը, թե արդյո՞ք նա կարող է գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը կամ ցուցակում լինել: Հիմա նա ո՞ր ձևաչափով կարող է մասնակցել, և խորհրդարանական ընտրություններից հետո արդյո՞ք կարող է շարունակել մնալ վարչապետի պաշտոնում, որովհետև նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումների ժամանակ, ելույթներում նշել է, որ Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը:
– Ես, բնականաբար, չունեմ տվյալներ, թե վերջին 4 տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը քանի՞ օր է գտնվել Հայաստանում, քանի՞ օր է բացակայել Հայաստանից: Ես ներկայացրեցի իրավական պահանջները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով, և, եթե նա համապատասխանում է այդ պահանջներին, ապա, բնականաբար, կարող է լինել ՀՀԿ-ի ցուցակում կամ գլխավորել այդ ցուցակը, կամ լինել ինչ-որ այլ տեղում: Եթե չի բավարարում, բնականաբար, համապատասխան տեղեկանք նրան չի կարող տրվել:
Ինչ վերաբերում է որպես վարչապետ պաշտոնավարելու խնդրին, ապա, եթե առկա լինի համապատասխան քաղաքական ուժերի հարաբերակցություն, ինչպես նաև քաղաքական որոշում ՀՀԿ-ի կողմից, ապա նա, բնականաբար, կարող է և 2017 թվականից հետո շարունակել պաշտոնավարել՝ որպես վարչապետ: Բայց այդ ժամկետը սահմանափակված է Սահմանադրությամբ՝ մինչև 2018 թվականի ապրիլը, այսինքն՝ այն պահը, երբ ավարտվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները: Դրանից հետո Սահմանադրության 212-րդ հոդվածը պահանջում է, որ կառավարությունը ներկայացնի իր հրաժարականը: Այդ հրաժարականը ներկայացնելուց հետո արդեն պետք է հաշվարկ կատարել՝ տեսնելու համար, թե 4 տարվա մշտական բնակության պահանջը կատարվա՞ծ է Կարեն Կարապետյանի պարագայում, թե՞ ոչ: 2017 թվականի համար, ինչպես արդեն նշեցի, նման պահանջ չկա: Եթե դրա արդյունքում պարզվի, որ վերջին 4 տարում 1461 օրվանից 731 օրը Կարեն Կարապետյանը բնակվել է Հայաստանում, ապա նա կբավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին:
– Եթե բավարարում է, նա կարո՞ղ է 2018 թվականի ապրիլից հետո ևս մնալ վարչապետի պաշտոնում:
– Այո: Եթե բավարարում է, այդ դեպքում որևէ իրավական խոչընդոտ հետագա պաշտոնավարման համար չկա:
– Սահմանադրությունը կազմելիս ինչո՞ւ է որոշվել նման օրերի քանակ, և արդյո՞ք դա իրավաչափ նպատակ է հետապնդում՝ սահմանափակել բազմաթիվ մեր հայրենակիցների ընտրվելու իրավունքը, ովքեր և տեղյակ են երկրի խնդիրներից, և գործուն մասնակցություն ունեն հասարակական կյանքում, բայց աշխատանքի բերումով՝ հաճախ բացակայում են, օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Վարդանյանը:
– 731 օրվա պահանջը սահմանված է ոչ թե Սահմանադրությամբ, այլ Ընտրական օրենսգրքով (ԸՕ): Սահմանադրությունը, ընդունման օրվանից սկսած, մշտական բնակության պահանջ է ներկայացրել՝ 5 տարին, որը 2015 թ. փոխարինվել է 4 տարով: Ե՛վ Սահմանադրության, և՛ Ընտրական օրենսգրքի նման պահանջի նպատակը շատ պարզ է. համապատասխան անձը չպետք է կորցնի իր բնականոն կապը ՀՀ-ի հետ, տեղյակ լինի երկրի խնդիրներին: Դա անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր ֆունկցիաները՝ և՛ որպես պատգամավոր, և՛ որպես կառավարության անդամ: Իհարկե, ԸՕ-ն կարող էր նաև այլ լուծումներ առաջարկել, բայց Օրենսգիրքն առաջնորդվել է ամենապարզ տրամաբանությամբ. եթե չորս տարվա կեսից ավելին մարդը գտնվում է Հայաստանում, ապա այդ փաստացի կապը ՀՀ-ի հետ առկա է:
– Իսկ Ընտրական օրենսգրքի 731 օրվա պահանջի նվազեցումն արդյոք սահմանադրականության խնդիր կարո՞ղ է առաջացնել:
– Կարծում եմ՝ այո, որովհետև, եթե խոսքը վերջին 4 տարում մշտապես բնակվելու, սահմանադրական պահանջի մասին է, ապա դժվար թե որևէ օրենք, նույնիսկ՝ ԸՕ-ն՝ որպես սահմանադրական օրենք, կարողանա համոզիչ փաստարկներ բերել այն բանի օգտին, որ 4 տարվա կեսից պակասը թեկուզ իրավական ֆիկցիայի առումով կարող է համարվել ՀՀ-ում վերջին 4 տարում բնակվելու փաստ:
– Ընտրական օրենսգիրքն այս ընթացքում չի՞ կարող փոփոխվել:
– ԸՕ-ն սահմանադրական օրենք է, իսկ սահմանադրական օրենքներն ընդունվում և փոփոխվում են Ազգային ժողովի պատգամավորների 3/5-րդ մեծամասնությամբ: ԸՕ-ն կարող է փոփոխվել, բայց ես չեմ կարծում, որ այն նվազագույն շեմը, որն 80-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, հնարավոր լինի Սահմանադրությանը համահունչ ձևով էլ ավելի ցածրացնել: