
Ձերբակալվել են 56-ամյա տղամարդը, բուժառուն և սանիտարը
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր թմրամիջոցի իրացման վերաբերյալ տեղեկություն, որն իրացվեց հունիսի 3-ին: Առավոտյան ժամը 9-ին մոտ նախ ձերբակալվեց մարզում գործող հոգեբուժական մի հաստատության սանիտար 64-ամյա տղամարդը:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ, որոնցից երկուսը լցված էր դեղնականաչավուն, իսկ մեկը` բյուրեղանման զանգվածով: Ըստ տղամարդու` դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթում մարիխուանա է, որն ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար:
Քրեական ոստիկանների տեղեկություններով` թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով երրորդ փաթեթը նրան տվել էր Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա տղամարդը, և սանիտարն այն պետք է փոխանցեր բուժառուներից մեկին:
Իրավապահները ձերբակալել են նաև 56-ամյա տղամարդուն և բուժառուին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: