Տիգրան Մուկուչյանը` Կարեն Կարապետյանի՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին

Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն կենտրոնական հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ մամուլում ծավալվող քննարկումներին` այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Երբ կլինեն ցուցակներ, կներկայացվեն փաստաթղթեր,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացնի գրանցումներ, դրանից հետո միայն ճիշտ կլինի խոսել այս կամ այն թեկնածուին գրանցել կամ չգրանցելու մասին»,- նշեց Մուկուչյանը:

Նա նշեց, որ  առաջադրման փաստաթղթերի հանձնումից հետո տրվում է ժամանակահատված մինչև կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը: Այդ ժամանակահատվածն էլ հենց ներկայացված ցուցակները ուսումնասիրելու համար է:

Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենքի պահանջը հստակ է` պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող և   ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: «Թե որն է մշտական բնակությունը, Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է»,- ասաց ԿԸՀ նախագահը:

 

Տեսանյութեր

Լրահոս