Առողջապահության նախարարն առաջարկում է քրեականացնել չգրանցված դեղերի վաճառքը
«Այո, նման երևույթ կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հիվանդանոցներում պետպատվերների շուտ ավարտվելու մասին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Նա նշեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի գումարների բաշխման թափանցիկությունն ապահովեն, ու շուտով դա կլինի օնլայն. «Այդ միջոցով մենք հնարավոր չարաշահումների ցանկությունը նույնիսկ կկանխենք»։
Հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները պետք է ավելացվեն՝ Լ. Ալթունյանը պատասխանեց, որ այսօր բյուջեով իրենք ունեն 85 միլիարդ, թե ինչքա՞ն կարող է պետք գալ, շուտով կհայտարարեն ու կմտածեն, թե չհերիքող գումարը որտեղից են վերցնում։ «Ինչ վերաբերում է զուտ գումարին, այո՛, դա սահմանափակ է, ու դա գաղտնիք չէ, դա կարող է վերջանալ մեկ կամ երկու ամիս շուտ, ինչը և պատահում է։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Մեծ Բրիտանիայում պետպատվերով հիվանդները սպասում են իրենց վիրահատություններին 2, 3 և ավելի տարիներ, մեզ մոտ խոսքը գնում է 2-3 ամսի մասին»,- նշեց նախարարաը։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե «Դեղերի մասին» նոր օրենքով՝ դեղերի, դեղանյութերի մեծածախ իրացման համար ընկերությունները պարտավոր են լիցենզիա ստանալ, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում, և փոքր ձեռնարկատերերը մտավախություն ունեն, որ դուրս կմղվեն ոլորտից, և դաշտը կմնա մի քանի խոշոր ընկերությունների ձեռքում, նախարարությունն այստեղ մոնոպոլիայի վտանգ չի՞ տեսնում՝ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ օրենքով նախատեսվում է լիցենզիան մեծածախ վաճառքի համար, բայց իրենք նախատեսում ենք ենթակետեր մտցնել օրենքում, որը փոքր ձեռնարկություններին ևս թույլ կտա հեշտ իրացնել ապրանքը։
Լրագրողի դիտարկմանը, թե դեղատների սեփականատերերը բողոքում են, որ իրենք այս օրերին համատարած տուգանվում են չգրանցված դեղերի համար, այնինչ, ըստ նրանց՝ այդ չգրանցված դեղերի պատասխանատուն իրենք չեն՝ Լ. Ալթունյանն այսպես պատասխանեց. «Ես երեկ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարեցի պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կքրեականացվեն չգրանցված դեղերի վաճառքը։ Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոնները և խախտել այդ խաղի կանոնները թույլատրված չէ։ Եթե բավական չէ տուգանքները, հարցը կքրեականացվի»։
Հարցին էլ, թե՝ չե՞ք կարծում, որ ներկրողին պետք է տուգանեք, և ոչ թե՝ վաճառողին, նախարարն այսպես արձագանքեց. «Կաշառքի ժամանակ քրեականացվում է և՛ կաշառք վերցնողի, և՛տվողի արարքը։ Չի կարող՝ բերողը մեղավոր լինի, վաճառողը մեղավոր չլինի։ Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը ու միայն օրինական ներմուծված դեղորայք վերցնել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։