«2017-ին կգրանցվի կապիտալի արտահոսք. մարդիկ երաշխիքներ չունեն, թե ընտրությունների արդյունքում ով որտեղ կհայտնվի»
«Եթե տնտեսության մեջ առկա է որոշակի ակտիվություն, գներն աճում են, իսկ եթե գները սկսում են անկում ապրել, նշանակում է՝ տնտեսությունը մտել է սառեցման փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մենք ունենք 1.4 տոկոսանոց գների անկում. «Ոչ թե ինֆլյացիա ունենք, այլ դեֆլյացիա: Այսինքն՝ գնանկում, բնակչության գնողունակության մակարդակն անկում է ապրել, որի պատճառով գնաճ, որպես այդպիսին, չունենք»։
Վ. Խաչատրյանը նշեց, որ այս տարի Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5.6 դոլարի սահմանագիծը. «Տարվա ընթացքում ավելացվել է մոտավորապես 530 միլիոն դոլարի։ Մենք մոտ 9-10 անգամ ավելի շատ ենք ներգրավվել, քան ունեցել ենք տնտեսական աճ։ Մենք պարտքերի հաշվին տնտեսական աճ ապահոված երկրի իրավիճակից չենք կարողացել պոկվել։ Ներքին պարտքն ենք կտրուկ ավելացրել՝ մոտ 300 միլիոն դոլար։ Սա միակ տարին է, որ մենք ներքին պարտքի առումով գերազանցել ենք 1 միլիարդ դոլարի սահմանագիծը»։
Ըստ տնտեսագետի՝ Հայաստանում ոչ թե ներդրումներ են անում, այլ Հայաստանից ներդրումները տանում են. «Ամենաշատ ներդրումների հոսքեր գրանցվել են կոնկրետ հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ Ռուսաստանի կողմից 72 միլիարդ Հայաստանից գումար են տարել, Լիբանանը՝ 14 միլիարդի կարգի, Նիդեռլանդները՝ 12 միլիարդ։ Իսկ ներդրումներ արած երկրներ են հանդիսացել Միացյալ Թագավորությունը՝ մոտ 31 միլիարդ, Կիպրոսը՝ 38 միլիարդ, Լյուքսեմբուրգը՝ 29 միլիարդ։ Հայաստանում ոչ թե ներդրումներն աճել են, այլ մենք ունեցել ենք ներդումների արտահոսք»։
Խոսելով 2017 թվականի կանխատեսումների մասին՝ տնտեսագետը նկատեց, որ Հայաստանի համար նշվում է 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն այս ցուցանիշները ևս կվերանայվեն. «ԱՊՀ տարածաշրջանը միակ տարածաշրջանն է համաշխարհային տարածաշրջանների մեջ, որ բացասական աճի միտումներ է ցուցաբերում, այսինքն՝ մենք արտաքին ֆոնի առումով ունենք խնդիրներ մեր տնտեսական աճն ապահովելու համար, արտաքին գործոնները նպաստավոր չեն, ներքին գործոնների հաշվին էլ մեծ դժվարությամբ կարող ենք տնտեսական աճ ապահովել»։
Վ. Խաչատրյանի խոսքով՝ 2017 թվականին մենք ակտիվություն ենք ունենալու մարտ ամսին՝ կապված ընտրությունների ֆինանսավորման և այլ գործոնների հետ. «Այնուհետև՝ կառավարությունը ծրագիր կներկայացնի, մինչև կադրային փոփոխություններ տեղի կունենան՝ մենք կմտնենք ամռան ամիսներ, երկու ամիս կաշխատեն ամռանը, որից հետո օգոստոսին արձակուրդ կգնան, և հետևաբար՝ մենք միայն սեպտեմբերին կարող ենք ակնկալել, որ մենք տնտեսական ինչ-որ արդյունքներ ենք սկսելու ապահովել։ Իսկ այդքան փոփոխությունները հաշվի առնելով՝ ակնկալել, որ մենք 2017 թվականի 9 ամիսների ընթացքում ինչ-որ ցուցանիշներ կարձանագրենք, բավականին դժվար է։ Մենք 9 ամսվա կտրվածքով ունենք վայրիվերումների և փոփոխությունների ժամանակահատված։ Կգրանցվի կապիտալի արտահոսք այդ ընթացքում, որովհետև մարդիկ երաշխիքներ չունեն, թե ընտրությունների արդյունքում ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան, և ով որտեղ կհայտնվի»։