«Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չի ունենա». Լևոն Հովսեփյան
«Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չի ունենա, դա չի հանգեցնի ռուս-թուրքական նոր ճգնաժամի, ինչպես, օրինակ՝ ռուսական ինքնաթիռի խոցման պարագայում եղավ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ի երեկոյան 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել է՝ «Ալլահ աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա», և այլն։ Նա ևս չեզոքացվել և սպանվել է թուրք իրավապահների կողմից: Սպանությունն իրականացրած Մևլութ Մերթը ոստիկանության նախկին ծառայող է եղել:
Լևոն Հովսեփյանն ընդգծեց՝ երկու երկրներն էլ բավական ինտենսիվ շփումների մեջ էին, և միջադեպի հետ կապված հիմնական մոտեցումները կիսում են թե՛ թուրքական, թե՛ ռուսական կողմը.
«Երկու կողմերն էլ դեպքը որակեցին՝ որպես ահաբեկչություն և սադրանք, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը: Այս իրավիճակում բնավ Թուրքիայի շահերից չէր բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը: Նույնը՝ նաև Ռուսաստանի պարագայում: Հարաբերությունների կարգավորման առումով՝ երկու կողմերն էլ լրջագույն խնդիրներ ունեին, և նման միջադեպը չէր բխում որևէ մեկի շահերից»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կարող է կանգնած լինել այս ամենի հետևում, թուրքագետը նշեց հնարավոր վարկածները.
«Կարող է՝ սա ուղղակի լինել սպանությունն իրականացրած անձի անձնական մղումով գործողություն, որը կարող է կապված լինել ինչ-ինչ շրջանակների հետ, կամ ուղղակի բխի նրա արմատական հայացքներից: Մյուս վարկածն այն է, որ սա կարող է ինչ-որ կերպ ուղղորդված լինել արտաքին խմբավորումների կամ ուժերի կողմից: Այս հարցի պատասխանը որոշակիորեն կտա հետաքննությունը, բայց ես նաև թերահավատ եմ, որ վերջնական առարկայական հետաքննությունը կպարզի եղելությունը»:
Ըստ թուրքագետի՝ պետք է հաշվի առնել մի բան՝ վերջին շրջանում ժամանակակից Թուրքիայում ոստիկանության համակարգում, անվտանգության համակարգում արմատական հայացքներ ունեցող ծառայողները քիչ չեն. «Այս իշխանությունների կառավարման ժամանակաշրջանում նմանատիպ կրոնամետ տարրեր են ձևավորվել: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել հակառուսական այն մեծ ալիքը, որ այսօր կա Թուրքիայի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում, մամուլի էջերում, ինչը նպաստում է նաև նման միջադեպերի գրանցմանը: Ի դեպ, հենց թուրքական իշխանական մամուլը, Հալեպի գործողություններով պայմանավորված, բավական լուրջ հակառուսական շեշտադրումներ էր կատարում»:
Լևոն Հովսեփյանը բացառում է Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի գործոնը, քանի որ, ըստ նրա՝ այս քայլով կուսակցությունը չէր կարող որևէ լուրջ խնդիր լուծել:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության նպատակը եղել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը վնասելը: Նա ասել է, որ դա արվել է այն բանի համար, որ խոչընդոտվի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը, բայց ըստ Լավրովի՝ դա տեղի չի ունենա: Թուրքագետից հետաքրքրվեցինք՝ այս պահին ո՞ւմ է ձեռնտու, որ խոչընդոտվի Սիրիայում, այսպես ասած, ահաբեկչության դեմ պայքարը:
«Բավական շատ ուժեր կան ինչպես՝ Սիրիայի ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս, որոնց ձեռնտու է դա. Սիրիայի, այսպես ասած, ընդդիմության այն հատվածը, որը հարվածներ կրեց Ռուսաստանի գործողություններից, ինչպես նաև արտաքին որոշ դերակատարներ, որոնց ամենևին ձեռնտու չէ Սիրիայում Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը և հատկապես Հալեպում կատարվող իրադարձությունները: Իսկ Թուրքիան այս պարագայում բավական սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ, նույնիսկ գործողությունները համակարգում է Ռուսաստանի հետ: Դրա համար սա շատ լուրջ հարված էր այդ առումով, որն ամենևին չէր բխում Թուրքիայի շահերից»,- պարզաբանեց նա: