Ինչու չսիրեցին մարդիկ բանկերին
Երևանում երեկ իր տեսակի մեջ աննախադեպ հանցագործություն է կատարվել` բանկոմատ է պայթեցվել։ Պայթեցվել է ոչ թե հենց այնպես` որպես վանդալիզմի դրսևորում, այլ կոնկրետ` գումար հանելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով` առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Կոնկրետ չափը չի նշվում։
Իսկ ՎՏԲ-Հայաստան բանկի տարածած հաղորդագրության համաձայն` դրանից մոտ 1 ժամ առաջ` 4:30-ին, կատարվել է Բաղրամյան փող. 56 հասցեում թիվ 4 մասնաճուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Այս դեպքում հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, իսկ բանկոմատին հասցվել է աննշան վնաս։
Նման տեսակի հանցագործություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում։ Իհարկե, մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին կոտրվել է գնդի շենքում տեղադրված բանկոմատը և այնտեղից հափշտակվել խոշոր գումար, սակայն դա այլ դեպք էր և բաց տարածքում` պայթեցման եղանակով։
Սակայն ցանկանում ենք ուշադրություն հրավիրել ոչ թե բուն հանցագործության, դրա մանրամասների ու հափշտակված գումարի չափի, այլ հասարակական արձագանքի վրա։ Նկատի ունենք հիմնականում սոցիալական ցանցերի, ֆեյսբուքահայության մեկնաբանությունները։ Բացեք և կարդացեք լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերում այս հրապարակման տակ տեղ գտած մեկնաբանությունները։ Մի մասն անթաքույց ողջունում է բանկոմատի կողոպուտը` «լավ են արել, դեռ մի բան էլ քիչ են արել» կամ «բանկերին հասնում է» ոճի մեջ։ Մյուս մասը թեպետ չեն ողջունում, սակայն արդարացնում են այդ արարքի հեղինակներին` «մարդիկ այլ ելք չունեն», «մարդկանց հասցրել են այդ վիճակին»… Ու միայն փոքր մասն է, որ դատապարտում է այս արարքը` նշելով, որ անկախ դրդապատճառներից, տեղի է ունեցել հանցագործություն, որը չի կարելի ողջունել կամ արդարացնել։
Ու, որ ամենամտահոգիչն է` այս տիպի արձագանքը լիովին սպասելի էր։ Ընթերցողը կհիշի, որ մեկ տարի առաջ` 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ավազակային հարձակում էր կատարվել «Պրոկրեդիտ» բանկի` Կոմիտասում գտնվող մասնաճյուղի վրա։ Անհայտ անձն ատրճանակով մուտք էր գործել բանկ և սպառնալիքների ներքո աշխատակցուհուց գումար պահանջելով` հափշտակել 1 միլիոն 300 հազար դրամ և 12 հազար դոլար։ Հանցագործը դեռ չի հայտնաբերվել։ Անգամ այն ժամանակ, երբ, ի տարբերություն մետաղյա բանկոմատի, հանցագործը սպառնալիքի տակ էր դրել մարդու կյանք, արդարացնողներն ավելի շատ էին։
Ասում են, որ այս ֆենոմենը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է. ամբողջ աշխարհում բանկերին չեն սիրում, ու անգամ հերոսացնում են բանկ կողոպտողներին, եթե դա արվել է առանց մարդկային զոհերի։ Սակայն Հայաստանում բանկերի նկատմամբ այս բացասական վերաբերմունքը կարծես ավելի ընդգծված է։ Հայաստանի բանկիրներին, ի դեպ, սա շատ է անհանգստացնում։ Մասնավոր զրույցներում նրանք ասում են, որ մեղքի բաժին ունեն նաև լրագրողները, որոնք բանկային համակարգը ներկայացնում են բացասական լույսի ներքո` որպես հասարակության թշնամի, որի միակ նպատակը հասարակությանը թալանելն է։
Արդյո՞ք դա այդպես է։
Տեսեք, ՀՀ բանկերը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 2 մլն 460 հազար 143 հաճախորդ, որոնցից 79 հազար 189-ը` իրավաբանական անձինք, 2 մլն 380 հազար 954-ը` ֆիզիկական անձինք։ Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք վերցված են ՀՀ ԿԲ տեղեկագրից։
Ստացվում է` Հայաստանի բանկային համակարգն ավելի շատ հաճախոդներ ունի, քան ՀՀ չափահաս տարիքի բնակչությունն է։ Հասկանալի է, որ բանկերի հաճախորդների այս մեծ թիվը բացատրվում է այն հանգամանքով, որ նույն մարդը կարող է միաժամանակ մեկից ավելի բանկերի հաճախորդ հանդիսանալ։ Ամեն դեպքում, եթե անգամ ընդունենք, որ նույն մարդը միջինում 3 բանկի հաճախորդ է, ստացվում է, որ բանկային համակարգն ունի մոտ 800 հազար իրական հաճախորդ։
Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ ՀՀ չափահաս բնակչության մեծ մասը բանկային համակարգի մասին պատկերացում կազմում է ոչ թե լրատվական հոդվածներով, այլ բանկերի հետ առնչվելու սեփական փորձով։
Ավելի հեռուն գնանք։ Նույն տվյալների համաձայն` հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգն ունեցել է 867 հազար վարկային հաշիվ։ Իսկ բանկից վարկ վերցրած մարդը քայլող հակագովազդ է բանկային համակարգի դեմ (քիչ բացառություններով)։
Ինչո՞ւ։ Որովհետև որոշ բանկեր վարկեր են տրամադրում տարեկան մինչև 24% անվանական տոկոսադրույքով, իսկ փաստացի տոկոսադրույքը (որը ներառում է վարկի սպասարկման վճարը, գումարի տրամադրման միանվագ վճարը և տարբեր ծառայությունների վճարները) երբեմն հասնում է մինչև 35%-ի։ Սա անմարդկային տոկոսադրույք է։ Բիզնես վարկերի դեպքում անվանական տոկոսադրույքը 9-10% է, փաստացին` 14-15% (սրանք համարվում են նորմալ պայմաններով վարկեր)։ Վարկով բիզնես անող գործարարը քանի՞ տոկոսանոց շահութաբերություն պետք է ապահովի, որ կարողանա վարկը սպասարկել և չսնանկանալ։ Այլ կերպ ասած, բանկային համակարգն այսօր ավելի շատ կատարում է ոչ թե ռեսուրսների վերաբաշխման ու բիզնեսի զարգացմանը նպաստող գործառույթ, այլ հակառակը։
Պատկերն ավելի լավ հասկանալու համար աչքի անցկացրեք, ասենք, եվրոպական երկրներում առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Մի քանի անգամ ցածր են։
Սրան գումարեք նաև մեր բանկային համակարգի խիստ պայմանները (կանխավճար, գրավ և այլն), գումարեք դատարաններում բռնագանձման պահանջով բանկերի ներկայացրած հայցերի քանակը, ու պարզ կդառնա, որ բանկային համակարգի նկատմամբ ատելության չափն ուղիղ համեմատական է բանկային վարկերի տոկոսադրույքներին ու չափազանց խիստ պայմաններին։
Իհարկե, բանկերը կարող են հակափաստարկներ ներկայացնել` ներգրավվող ռեսուրսները թանկ են, հաստատուն ծախսերը շատ են, դրամավարկային քաղաքականությունը խիստ է, վարկառուները ռիսկային են, և այլն։ Միգուցե բոլոր այս փաստարկները ճիշտ են։ Սակայն բանկերը պարտավոր են խոստովանել, որ բանկոմատը թալանողին արդարացնող ու հերոսացնող հասարակության ձևավորման գործում իրենց լուման շատ ավելի մեծ է, քան լրագրողական հրապարակումներինը։