Քանի մարդ է կերակրում մեկ աշխատողը

Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ` նվազում է տնտեսական տեղեկատվությունը: Ավելի ճիշտ, այդ տեղեկատվությունն ընդամենը դառնում է ամանորյա առևտրի նկարագիր: Ու հանկարծ այդ ամենի ֆոնին ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը տեղեկատվություն հրապարակեց մեր երկրում թոշակ ու նպաստ ստացողների թվաքանակի մասին:

Պատճառը հավանաբար այն էր, որ եկող տարվա բյուջետային քննարկումներում ակնհայտ դարձավ, որ եկող տարի կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրանալու: Կառավարությունն անկեղծ խոստովանեց, որ բարձրացնելու հնարավորություն չունի: Մինչդեռ նախորդ տարիներին կենսաթոշակները, որպես կանոն, խորհրդանշական չափով՝ 2-5 հազար դրամի չափով, ավելանում էին: Պաշտոնապես հրապարակված վերջին տվյալներով, օրինակ, միջին կենսաթոշակը Հայաստանում ամսական կազմում է 44 հազար 450 դրամ: Թոշակները չվերանայելու որոշման հիմքում արտառոց կամ անսպասելի ոչինչ չկար:

Այն Հայաստանի ժողովրդագրական այս պատկերի հետևանք է, որը ձևավորվել է տարիներ շարունակ ընթացող արտագաղթի ու, մեղմ ասած, ցածր տնտեսական ակտիվության հետևանքով: Պաշտոնապես ընդունվում է, որ մեր երկրի բնակչությունը մի փոքր նվազել է` երեք մլն-ի ցուցանիշից կազմելով մոտ 2 մլն 994 հազար մարդ: Բնակչության այս թվից 463 հազար 838 մարդ թոշակ ու նպաստ ստացող է: Տնտեսապես ակտիվ բնակչության քանակը հրապարակվում է մեկ միլիոն 388 հազար մարդ: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը մոտ 800 հազար մարդ է:

Պարզ ասած, մեր երկրում տնտեսապես ակտիվ մոտ 1,4 մլն բնակչությունն իր աշխատանքով ու ստեղծած բարիքով պիտի կերակրի ու պահի իր քանակից ավելի մարդու: Իսկ դա բարդ խնդիր է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ 1,4 մլն մարդուց 224 հազարը պաշտոնապես գործազուրկ են: Իսկ եթե գործազուրկներից բացի` աշխատողների թվից հանենք պետական կառավարման, կրթության, առողջապահության, սոցիալական սպասարկման ոլորտներում աշխատող ևս 250 հազար մարդուն, կստացվի, որ մեր տնտեսության իրական բարիք արտադրող ոլորտներում զբաղված է 900 հազարից մի փոքր ավելի մարդ:

Հենց այդ 900 հազար մարդն էլ իրենց աշխատանքով պիտի կերակրեն, շահեն ու պահեն երկրի բնակչության մյուս՝ երկու միլիոնանոց հատվածին: Մի կողմից` կարող ենք հպարտանալ, որ երկրի աշխատող բնակչությունն աշխատանքի այդքան բարձր արդյունավետություն ունի, որ կարողանում է իր ստեղծածով բավարարել քանակապես երկու անգամից ավելի բնակչության:

Բայց մյուս կողմից` պարզ թվերը ցույց են տալիս, թե որքան «ծանր» բեռ են մեր թոշակառուներն ու նպաստառուները պետական աղքատիկ բյուջեի համար: Պաշտոնապես հայտարարվում է, որ մեր երկրում միջին ամսական աշխատավարձը կազմում է 187 հազար դրամ: Բացարձակ թվով Հայաստանում ապրում է մոտ 308 հազար կենսաթոշակառու: Եվս 140 հազար մարդ ստանում է հաշմանդամության, կերակրողին կորցնելու թոշակ: 14 հազար մարդու (նախկին մանկավարժներ, սպորտսմեններ և այլք) վճարվում է մասնակի թոշակ:

Ահա թոշակ-նպաստառուների կառուցվածքային պատկերը:

Պաշտոնական տվյալներով` միջին ամսական կենսաթոշակը մեր երկրում հիմա կազմում է մոտ 40 հազար 500 դրամ: Թոշակ-նպաստների մյուս ձևերն ավելի փոքր են: Կոպիտ հաշվարկով` միջին աշխատավարձ ստացող յուրաքանչյուր անձից գանձվող եկամտահարկից կարելի է մեկ մարդու կենսաթոշակ վճարել: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս թվերով հնարավոր չէ հոգալ երկրի տնտեսական հոգսերը: Իհարկե, կարելի է ենթադրել, որ մեր երկիրն առայժմ գոյատևում է արտաքին ու ներքին պարտքի հաշվին:

Բայց նույնիսկ այդ «աղբյուրը» բավարար չէ: Իրականում մեր տնտեսության մեջ մեծ տեղ ունի աշխատուժի արտահանումը, որի մասին համարյա երբեք չենք խոսում: Մինչդեռ այդ արտահանված աշխատուժի՝ հարազատներին ուղարկած տրանսֆերտներն են ապրելու տնտեսական հնարավորություն տալիս: Արտերկրից ուղարկված տրանսֆերտներն այս տարի ռեկորդային ցածր թիվ են արձանագրելու: Առաջին անգամ այն չի գերազանցելու մեկ միլիարդ դոլարի ցուցանիշը: Տարեկան կտրվածքով, իհարկե:

Տնտեսական ակտիվության նվազումն առաջին տարին չէ, որ ակնառու է դառնում հենց տարեվերջի նախատոնական օրերին: 2015թ. սկսած, օրինակ, մեր հեռուստաեթերներում չկան կենցաղային տեխնիկա-սարքավորումների ագրեսիվ գովազդներ: Որովհետև բնակչության գնողունակությունն էապես նվազել է: Ահա թե իրականում ինչու էր մեր նոր կառավարությունն այդքան համեստ 2017-ի տարեկան բյուջեն կազմելիս: Ահա թե ինչու աշնանն այդքան «անսպասելի» առաջացավ կառավարության փոփոխության անհրաժեշտություն: Այն իսկապես անսպասելի էր քաղաքական շրջանակների և հատկապես իշխող քաղաքական ուժի համար:

Որովհետև մեր քաղաքական գործիչները երբեք իրենց թույլ չեն տալիս իջնել տնտեսությունն ուսումնասիրելու և, առավել ևս, տնտեսությունը կառավարելու մակարդակի: Բայց 2017-ն իր ստարտային տվյալներով նրանց ստիպելու է զբաղվել տնտեսությամբ: Որովհետև 2017-ն ընտրությունների տարի է: Իսկ այդ պարագային իսկապես կարևորվում է, թե քանի՞ մարդու է կարողանում կերակրել մեկ աշխատողը` առանց արտագաղթելու:

Տեսանյութեր

Լրահոս