Ինչպես և ինչու է նկարվել գյուղատնտեսության աճը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ընթացքում հարց հնչեց գյուղոլորտի անկումային ցուցանիշի մասին։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսության արտադրանքի ծավալը 2016 թվականի հոկտեմբերին` նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է 29.8%-ով և կազմել է 102.7 մլրդ դրամ։

«Հայկական Ժամանակ» օրաթերթից մեր գործընկեր Հայկ Գևորգյանը հարցրեց` ի՞նչ պատահեց մեր գյուղատնտեսության հետ հոկտեմբերին, որ 30% անկում ապրեց, դրանից առաջ էլ սեպտեմբերին մոտ 20% անկում էր գրանցվել։ Ի պատասխան` վարչապետն ասաց. «Վիճակագրական մեր տվյալներին, ընդ որում, ոչ միայն ես, այլ նաև վիճակագրական ծառայության պետը, ունենք որոշակի, ինչպես ձևակերպեմ, մտավախություններ։ Որովհետև գյուղատնտեսական ոլորտում վիճակագրական տվյալների հավաքագրումը կազմակերպվում է համայնքապետերի, մարզպետների միջոցով, որտեղ սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը բավականին մեծ է։

Գյուղատնտեսության անկումը, կարծում եմ, բացատրվում է և՛ օբյեկտիվ պատճառներով, և՛ գուցե վիճակագրական տվյալների ավելի սուր, օբյեկտիվ վերահսկողությամբ»։ Սա նշանակում է, որ վարչապետը ոչ արժանահավատ է համարել գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները և պահանջել է այսուհետ չխեղաթյուրել տվյալներն ու իրականությանը մոտ պատկեր արտացոլել։ Այն, որ գյուղոլորտի թվերը մշտապես «նկարվել են», գաղտնիք ու նորություն չէ։ Սակայն առաջին անգամն է, որ այս դառն իրողությունն ընդունվում է վարչապետի մակարդակով։ Որպեսզի ավելի պարզ երևա «թվանկարչության» տեխնիկան, մենք ներկայացրել ենք 2014 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հոկտեմբեր գյուղատնտեսական արտադրանքի ամսական ցուցանիշները և կառուցել հետևյալ գծապատկերը։ Այստեղ երևում է գյուղատնտեսական արտադրանքի սեզոնայնությունը։

gyux

Տարին սկսվում է ցածր արդյունքով (հունվարին` 15-16 մլրդ դրամ գյուղարտադրանք), որից հետո սկսում է աճել։ Գյուղատնտեսական ոլորտի արտադրանքի ծավալը պիկին հասնում է սեպտեմբերին (2015 և 2015 թվականների սեպտեմբերին` ավելի քան 200 մլրդ դրամ), որից հետո սկսում է նվազել։ Տարվա ընթացքում աճելն ու նվազելը բնական երևույթ է։ Անբնական է` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ զգալի շեղումը։ Ինչպես տեսնում եք, 2014 թվականի հոկտեմբերին գյուղոլորտի արտադրանքի ծավալը կազմել է 145.5 մլրդ դրամ, 2015 թվականի դեկտեմբերին` 147.3 մլրդ դրամ, իսկ այս տարվա հոկտեմբերին` մոտ 44.6 մլրդ դրամով պակաս` 102.67 մլրդ։

Ընդ որում, հոկտեմբերին կատակլիզմներ, եղանակային և այլ պայմանների շեշտակի վատթարացումներ չեն արձանագրվել։ Ավելին ասենք, այս տարի խախտվել է նաև սեզոնայնության օրինաչափությունը։ Պիկային ամիսը դարձել է օգոստոսը։ Այսինքն, անկումը սկսվել է սեպտեմբերից։ Ընդ որում, այստեղ որոշակի հակասություն կա. ըստ ԱՎԾ-ի` 2016-ի սեպտեմբերին գյուղատնտեսության արտադրանքը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 19.5%-ով։ Սակայն, երբ նայում ենք բացարձակ թվերը, պարզվում է` ցուցանիշը նվազել է 60.8 մլրդ դրամով կամ մոտ 30%-ով (205.5 մլրդ դրամից հասնելով 144.7 մլրդ դրամի)։ Ինչևէ, անցնենք առաջ։

Կրկին նայեք գրաֆիկին և տեսեք` որ ամսին է սկսվել անկումը։ Սեպտեմբերից (օգոստոսին ԱՎԾ-ն մոտ 10% աճ էր ցույց տվել)։ Իսկ հիմա հիշեք` երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Սեպտեմբերի 13-ին։ Այսինքն, նրա նշանակման առաջին իսկ ամսում գյուղոլորտի թվերը ճշգրտվել են։ Չենք կարող ասել` ինչպես։ Միգուցե համայնքապետերին և մարզպետներին արգելվել է ուռճացված թվեր ներկայացնել, կամ ներկայացված թվերը որոշակի մեթոդաբանությամբ ուղղվել են։ Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ֆիքսենք` մինչև այս տարվա սեպտեմբեր ունեցել ենք գյուղոլորտի ցուցանիշներ, որոնք, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում։ 2015 թվականի հունիսին 38% աճին ու դրան հաջորդած ամիսների աճերին այն ժամանակ նույնպես ոչ ոք չէր հավատում, սակայն ոչ բոլորն էին այդ մասին արտահայտվում։ Իսկ հիմա հարցուպատասխանի ձևով եկեք տրամաբանական շղթա կազմենք։

Ինչո՞ւ են սկսել անկում ապրել հենց գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները` որովհետև, հենց գյուղատնտեսության ոլորտի թվերն են առավել մեծ եռանդով նկարվել։
Ինչո՞ւ են հենց գյուղատնտեսության ոլորտի թվերը նկարվել` որովհետև դա ամենահեշտն է և անվերահսկելին (գործնականում անհնար է ստուգել, թե Հայաստանում քանի տոննա լոլիկ ու կարտոֆիլ է աճեցվել։ Իսկ նպատակը ո՞րն է` ինչո՞ւ են նկարել։ Որպեսզի այդ ոլորտի օգնությամբ տնտեսական աճ ստանան։ Եվ ստացել են։ 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, 3% իրական աճ գրանցեց։ Այդ աճին ամենից շատ` 2.1 տոկոսային կետով, նպաստել էր հենց գյուղատնտեսության ոլորտը։ Այսինքն, եթե գյուղատնտեսությունը զրոյական աճ ունենար, ապա նախորդ տարի մենք կունենայինք 0.9% տնտեսական աճ։

Նկարչության արդյունքում 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտը երկնիշ` 11.4% աճ ունեցավ` 873.1 մլրդ դրամ ծավալով։ Ու հիմա անկում չունենալու համար անհրաժեշտ է ավելի մեծ ծավալ ունենալ։ Իսկ դա արդեն դժվար է` նախորդ տարվա բազային ցուցանիշը մեծ է։ Ավելի պարզ ասած, նախորդ տարվա ինտենսիվ թվանկարչությունն այս տարի լուրջ պատուհաս է դարձել։ Կա՛մ պետք էր այս տարի շարունակել նույն կերպ նկարել, կա՛մ անկում ցույց տալ։ Կառավարությունը նախընտրեց երկրորդ տարբերակը։

Սա, իհարկե, ավելի ճիշտ է։

Այս ամենի մեջ միայն մեկ բան է անհասկանալի` ինչո՞ւ պետք է գյուղապետը կամ մարզպետը սեփական նախաձեռնությամբ ԱՎԾ-ին սխալ թվեր ներկայացնեին, ի՞նչ նպատակով։ Եվ եթե այդպես է արվել, ինչպե՞ս ստացվեց, որ ԱՎԾ-ն նոր միայն սկսեց կասկածել այդ թվերին։

Այսինքն, վարչապետի արտահայտած մտավախությանը կարելի է ավելացնել ևս մեկ մտավախություն. որ գյուղապետերը կեղծ թվերի համար քավության նոխազ չդառնան։ Մինչև վերջ անկեղծ լինելու համար պետք է սլաքն ուղղել այն մարդկանց, ում պատկերով նկարվել են թվերը։

Տեսանյութեր

Լրահոս